
«Հըլը մի կողմ թողեք ձեր էդ սրտաճմլիկ ձևակերպումները, ի՞նչ խղճով պիտի դեմ քվեարկեք»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Նա նշեց, որ ինքը չէր ուզում ելույթ ունենալ, բայց մի վտանգավոր ելույթից հետո ինքը փոխեց որոշումը, և ինքն իրեն կմեղադրեր, եթե ելույթ չունենար:
Ըստ նրա` անկեղծության պակաս կա այդ նախագծում, և գլխավոր զեկուցողը (ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը), լինելով իրաբան, հստակ գիտի իրավաբանության փիլիսոփայության այլընտրանքներից մեկը՝ հանցագործության մեջ տեսնել պատճառահետևանքային կապը, և ըստ դրան` մարտի 1-ը հետևանք է: «Ճիշտ կլիներ ասել, օրինակ, ե՞րբ ծնվեցին այդ դիպուկահարները, այդ ի՞նչ քաղաքական երկունքի ցավեր էին, որ ծնեցին այդ դիպուկահարները, ո՞վ ծնեց, ինչո՞ւ էին այդ դիպուկահարները միշտ պահանջված օրվա քաղաքական իխանություններին»,- ասաց նա, ապա նշեց, որ ամբողջական ճշմարտությունն է պետք, այլ ոչ թե կիսատ ճշմարտությունը, որն ավելի վտանգավոր է, քան կեղծիքն ու սուտը: «Իսկ, մենք, ցավոք, հիմա ապրում ենք կիսատ ճշնարտությունների ժամանակաշրջանում»,- ընդգծեց նա:
«Ես կարող եմ ասել, թե առաջին վիրավորն ով էր: Առաջին վիրավորը մեր հրաշալի գործընկեր, մեր պառլամենտական գործունեության լավագույն ինտելեկտուալներից մեկը՝ Վահան Հովհաննսիյանն էր, որ ոտքից վիրավորվեց օպերայի հրապարակում»,- ասաց նա:
Այնուհետ պատգամավորը հիշեց, որ 1995-96 թթ.-ի բումերանգը հետ եկավ, 10 զոհ ունեցանք: Ըստ նրա` եթե այսօր քաղաքական մեծամասնությունը կողմ չքվեարկի, ապա 10-12 տարի հետո բումերանգով հետ կգա, ավելի շատ զոհեր կունենանք:
Այնուհետ պատգամավորը հիշեց, որ 1996թ. ձմռան մի գիշեր՝ ժամը 4-ին, 5 ավտոմատավորներ մտան նրա հայրական տուն: «Բարեբախտաբար, մայրս հումորով էր, փոխգնդապետին, որն ուղեկցել էր նրանց, ասել էր՝ տղա ջան, որ դատարկ ձեռով չգնաս, դե, քյավառցու տուն էր, մի քանի շիշ արաղ էր տվել, ասել էր` էս երկու շիշը վերցրու` որպես սառը զենք կներկայացնես»,- ասաց Ռ. Հակոբյանը, ում խոսքով` այսօր տուժում են ընդդիմադիրների հարազատները: «Ի վերջո, ե՞րբ պիտի խելքի գաք»,- նշեց նա, ապա հավելեց, որ քաղաքական մշակույթը լուրջ զարգացում կապրեր, երբ 1995-96թթ. գլխավոր պատասխանատուներից մեկը` Գագիկ Ջհանգիրյանը, տղամարդավարի ասեր, որ, գիտեք, հարգելի մեծամասնություն, սխալվել ենք, գիտեք՝ նոր-նոր էր իշխանությունը, և դուք մեր սխալը չկրկնեք:
«Դա, իսկապես, մեր քաղաքական մշակույթի էվրիկա կլիներ»,- նշեց Ռ. Հակոբյանը, ապա դառնալով քաղաքական մեծամասնությանը՝ ասաց, թե ինչ խղճով են դեմ քվեարկելու այդ նախագծին: «Հարգելի´ մեծամասնություն, ի՞նչ խղճով պիտի դեմ քվեարկեք: Հըլը մի կողմ թողեք ձեր էդ սրտաճմլիկ ձևակերպումները, ի՞նչ խղճով պիտի դեմ քվեարկեք, ի՞նչ պիտի ասեք»,- նկատեց նա:
«Ես վստահ եմ, որ քիչ հետո մեր գործընկեր Գալուստ Սահակյանը կկանգնի այստեղ, լինելով լեզվի, գրականության ուսուցիչ, շատ հրաշալի երկար, բարդ ստորադասական նախադասություններով կասի, մի քանի դերբայական դարձվածներով համեմված, բայց էդպես էլ չի ասի, թե ինչի չի ուզում, որ բացահայտեն»,- նշեց Ռ. Հակոբյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել