
Աղասին «իրեն բռնած» եկել է Ռուսաստանից
Լոռու մարզի Մղարթ գյուղից շուրջ 100 երիտասարդ մեկնել է Ռուսաստան` աշխատելու: Գյուղի բնակիչներից Աղասի Դանիելյանն իր 7 երեխաներին կերակրելու համար երեք տարի առաջ է մեկնել Ռուսաստան: Փետրվարի 21-ին Մղարթի մշակույթի տանը նարդի խաղացող գյուղացիներն ասացին, որ Աղասին «իրեն բռնած» նոր է եկել Ռուսաստանից: «Դրա բերածը էդ գլխի գլխարկն ա»,- կատակեցին գյուղացիները: Աղասին լռեց: Ռուսաստան մեկնելիս Աղասին իր բազմանդամ ընտանիքի կերակրելու հոգսը թողել է 16-ամյա անչափահաս որդուն` Սարգիսին: Սարգիսը, երբ իմացել է Ռուսաստանից հոր վերադառնալու մասին, նեղսրտել է: «Էդ ո՞ւր է գալիս, էլի գալու է երեխաներ ունենա, ո՞նց եմ պահելու էդ երեխեքին, ավելի լավ է մնա էնտեղ»,- պատմեց Մղարթի համայնքապետ Վաչագան Նավասարդյանը:
Սարգիսը գեղեցիկ, սակայն գունատ տղա է: «Ինչպե՞ս ես կարողացել կերակրել բազմանդամ ընտանիքը»,- հարցրի նրան: «Եսիմ, որտեղ գործ է եղել` աշխատել եմ: Կարտոֆիլի գործ եմ արել, հունձ եմ արել, դաշտերում գործ եմ արել, ինչ գործ պատահել է` արել եմ»,- ասաց նա: Սարգիսը հիմա 19 տարեկան զինակոչիկ է, սակայն գրեթե հաշմանդամություն է ձեռք բերել: «10 ամսով բանակից ազատվել եմ, աճուկային գրիժա ունեմ, ոտքերիս տրոմբներ ունեմ»,- ասաց նա: Ինձ հետ զրուցելիս Սարգիսը խնդրեց իրեն օգնեմ քաղաքում աշխատանք գտնելու հարցում: Ռուսաստանից նոր վերադարձած Աղասին էլ ասաց, թե շատ է ուզում, որ լավ պահի իր ընտանիքը, բայց պահում է այնպես, ինչպես կարողանում է:
![]() |
Մղարթի գյուղապետ Վաչագան Նավասարդյանը |
Նախկինում հանքում աշխատում էին 50-ից ավելի մղարթցի, որը նկատելիորեն բարելավել էր գյուղացիների սոցիալական վիճակը: Հիմա հանքում հազիվ 15 մարդ է աշխատում: «Ոնց հասկանում եմ` հանքի պաշարները հուսադրող չեն: «Մուլտի Գրուպը» Մղարթի ոսկու հանքավայրում ներդրումներ չի կատարում: Հանքի տեխնիկան լրիվ կարելի է ասել՝ թափելու տեխնիկա է: Ոնց որ Ծառուկյանի հիմնարկը չլինի»,- հայտնեց Վաչագան Նավասարդյանը:Մղարթը մանկապարտեզ ունի, բայց մանկապարտեզահասակ երեխաներ գյուղում գրեթե չկան: Եղածը 6 երեխա է: «Երեխաների էդ քանակով մանկապարտեզ չեմ կարող պահել»,- ասում է Վաչագան Նավասարդյանը: Գյուղի դպրոցում 46 աշակերտ է սովորում: Մշակույթի տան շենքն անբարեկարգ է, դահլիճը` կիսաքանդ: «Շենքը համայնքային կենտրոն դարձնելու խնդիրը բարձրացրել եմ Լոռու մարզպետի առաջ: Պատասախանել է, թե համայնքային կենտրոնների ծրագրերը կամաց-կամաց անում ենք, հերթը ձեզ էլ կհասնի»,- հայտնեց համայնքապետը: Մղարթի զարգացման հեռանկարը տեղացիներն այլեւս «Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող Մղարթի ոսկու հանքի հետ չեն կապում: Ոսկու հանքն այս պահին չի աշխատում: Չի աշխատել նաեւ ամբողջ ձմռանը:
«Նախկինում բյուջեի եկամուտը 7 մլն դրամ է եղել: Բյուջեն աճել է «Մուլտի Գրուպի» վարձակալած հողերի հաշվին»,- նշում է համայնքապետը: Մղարթի բյուջեն ոսկու հանքի զբաղեցրած 41 հա հողատարածքի համար «Մուլտի Գրուպ» ընկերությունից ստանում է 2,4 մլն դրամ հողի հարկ, 6 հազար դրամ վարչական շենքի գույքահարկ: «Մուլտի Գրուպը» ներկայում լեռնահետախուզական աշխատանքները շարունակում է Մղարթի 422 հա հողատարածքների վրա, որի համար համայնքի բյուջեին վճարում է 1,2 մլն դրամ հողի վարձակալության վճար: Ընդհանուր առմամբ՝ համայնքի բյուջեի եկամուտները կազմում են 12 մլն դրամ:
![]() |
![]() |
Վերջին տարիներին մղարթցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղի գույքագրման գրքում գրանցված է 500 գլուխ խոշոր եղջրավոր անասուն: Գյուղացիներն սկսել են մշակել իրենց վարելահողերը: Վ. Նավասարդյանն ասում է, որ պետության տված սերմացուն, վառելիքն ու պարարտանյութը նպաստում են հողի մշակելուն: Մղարթ գյուղին 2011 եւ 2012թթ.-ին Կառավարության հրատապ ծրագրով հատկացված 30 մլն դրամով լուծվել է գազիֆիկացման ներքին ցանցի շահագործման խնդիրը: Մղարթի ամենացավոտ խնդիրը մնում է խմելաջրի մատակարարումը` բնական աղբյուրները ցամաքել են: Համայնքապետը Մղարթի ջրամատակարարման խնդրի արմատական լուծումը տեսնում է Ագարակի ջրագծից նոր ջրատարի կառուցմամբ:
Մղարթում տների 95%-ը խարխլված է, որը նույնպես գյուղացիների վատ ապրելակերպի մասին է վկայում: Գյուղամիջյան եւ գյուղ մտնող անացանելի ճանապարհներին Մղարթի համայնքապետարանն այս տարի հողահարթեցման աշխատանքներ է կատարել: Օձուն-Ստեփանավան անանցանելի ճանապարհի պատճառով մղարթցիների համար լուրջ խնդիր է իրենց գյուղատնտեսական մթերքները շուկա տեղափոխելը: «Վերավաճառողները գալիս են գյուղ եւ իրենց անցած անբարեկարգ ճանապարհի պատճառով կիսով չափ իջեցնում են գյուղացիների տառապանքով ստեղծված գյուղմթերքների գները»,- ասում է համայնքապետը: Ըստ վերջինիս` Լոռու մարզպետն, ինչպես մղարթցիներին, այնպես էլ հարեւան վեց գյուղերի գյուղացիներին խոստացել է առաջիկայում լուծել Օձուն-Ստեփանավան ճանապահի բարեկարգման խնդիրը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել