
«Թեղուտ» ՓԲԸ-ն իր փոխադրամիջոցների գույքահարկը Շնողին կվճարի, երբ օրենքում փոփոխություններ արվեն
Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանն ասում է, որ համայնքի բյուջեն վերջին տարիներին նվազում է: Բյուջեի եկամուտների մուտքերը 2011թ.-ին կազմել է 93,5 մլն դրամ, 2012թ.-ին` 74,2 մլն դրամ եւ 2013թ.-ին`63,3 մլն դրամ: Հովիկ Սահակյանն այս ցուցանիշները երեք հազար բնակիչ ունեցող Շնողի համար ճգնաժամային է համարում եւ կարծում է, որ բյուջեի այս զարգացումներով անհնարին կլինի լուծել Շնողի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագրով նախատեսված խնդիրները:
Հ. Սահակյանը որոշել է ապահովել բյուջեի կայուն եկամուտներ եւ փնտրել եկամուտների նոր աղբյուրներ: Այս առումով նրա համար շարունակում է օրակարգային մնալ «Թեղուտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում նստած շենք-շինությունների եւ ծանր փոխադրամիջոցների գույքահարկերը ամեն գնով համայնքի բյուջեին վճարելու խնդիրը: «Ընկերության անշարժ գույքի 90%-ը գտնվում է Շնողի վարչական տարածքում: Եթե անշարժ գույքի գույքահարկերը Թեղուտ ՓԲԸ-ն սկսի վճարել, արդեն մեր բյուջեի վիճակը կտրուկ կբարելավվի եւ մենք հնարավորություններ կունենանք նաեւ լուծել գյուղի խնդիրները»,- բացատրում է պրն Սահակյանը:
Վերջինս շուրջ մեկ տարի է խնդիրը բարձրացնում է ընկերության ղեկավարների առջեւ: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը դեռեւս 2013թ.-ի օգոստոսի 29-ին ընկերության շահառուների հետ հանդիպման ժամանակ եռամսյա ժամկետ է խնդրել «Թեղուտ» ՓԲԸ-ի շենք-շինությունների գրանցման համար եւ պարտավորվել է դրանից հետո Շնողին վճարել ընկերության անշարժ գույքի գույքահարկերը: Այդ օրից անցել է ավելի քան 6 ամիս, սակայն անշարժ գույքի եւ փոխադրամիջոցների գույքահարկի վճարման խնդիրները, ինչպես տեղեկացրեց Հ. Սահակյանը, այդպես էլ չեն կարգավորվել:
Ի պատասխան «Հետքի»-ի հարցման, «Թեղուտ» ՓԲԸ-ի լրատվական ծառայության պատասխանատու Վահրամ Ավագյանը փետրվարի 22-ին «Հետքին» հայտնել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի անշարժ գույքի հաշվառման եւ գրանցման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: «Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Շնող համայնքին որպես նվեր վճարել գույքահարկի գումարին հավասար գումար` 2013թ.-ի օգոստոսի 29-ից սկսած այն ժամանակահատվածի համար, որը կպահանջվի գույքահարկի բազայի հաշվարկման եւ վճարման օրինական նախադրյալների ապահովման համար»,- հայտնում է Վահրամ Ավագյանը:
Շնողի համայնքապետը հաստատում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավարության հետ նման քննարկում եղել է, սակայն ընկերությունից կոնկրետ գումարային առաջարկ Շնողի համայնքապետարանին չի արվել: Փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան հաշվարկը կազմում է 5,4 մլն դրամ, որն ընկերությունը շարունակում է վճարել իր հաշվառման վայրում` Երեւանի Կենտրոն համայնքին: «Հետքի» հարցմանը Վահրամ Ավագյանը պատասխանում է, որ փոխադրամիջոցների գույքահարկը «Թեղուտ» ՓԲԸ-ն կարող է Շնողի համայնքի բյուջե վճարել միայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում փոփոխություններ կատարելուց հետո: Հովիկ Սահակյանն էլ հակադարձում է, թե կա ընդամենը օրենքի պարզաբանման խնդիր: Լրատվական ծառայությունը նաեւ տեղեկացրել է, որ ներկայում ընկերությունը Շնողի բյուջեին վճարում է 3 մլն 125 հազար դրամ հողի հարկ եւ 8,1 մլն դրամ հողի վարձակալության վճարներ:
«Շնողի վարչական տարածքում գտնվող պետֆոնդի 255 հա անտառածածկ տարածքների 135 հա-ը, չգիտես ում թեթեւ ձեռքով, 2012թ.-ին կառավարության որոշմամբ հանձնվել է Թեղուտ համայնքին: Դրա արդյունքում Շնողի բյուջեն ապօրինաբար զրկվել է 31 մլն դրամ հարկային եկամուտից»,- հավելում է համայնքապետը: Վերջինիս կարծիքով այս գործարքը նույնպես նպաստել է համայնքի բյուջեի ճգնաժամային վիճակին: «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողին շատ մեծ կորուստներ է պատճառել: Մեր նախնիներն անտառածածկ գեղատեսիլ այս վայրում պատահականորեն չեն հիմնել մեր գյուղը: Հիմա մենք «Թեղուտ» ՓԲԸ-ի պատճառով զրկվում ենք մեր նախնիների հիմնադրած արժեքներից»,- նեղսրտում է Հովիկ Սահակյանը:
ՀՀ բնապահպանության նախարարի 2008թ.-ի օգոստոսի 22-ի N 295-Ա եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008թ.-ի օգոստոսի 14-ի N 151-Ա համատեղ հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն` «Թեղուտ» ՓԲԸ-ն մինչեւ 2019թ.-ը պետք է հատի 714 հա անտառ: Ըստ ժամանակացույցի` արդեն հատվել է 371,8 հա անտառ: Հովիկ Սահակյանն ասում է, որ հատված անտառները գտնվում են հիմնականում Շնողի վարչական տարածքում: Ընկերությունը անտառավերականգնման ծրագրով պարտավորվել է մեկ հեկտար հատված անտառի դեմաց վերականգնել 2 հա անտառ: Այս ծրագրով էլ Շնողի համայնքապետարանը Թեղուտի տնօրինությանն առաջարկել է Շնողի «Դուզ» հանդամասի 17 հա վրա տնկել պտղատու ծառեր: «Պտղատու այգիների ստեղծումը գյուղի զարգացման համար լայն հեռանկարներ կբացի: Դա սկիզբ կդնի Շնողի 500 հա այգիների վերականգնմանը, կլուծի Շնողի սոցիալական խնդիրները, կավելանան հողի հարկի բյուջեի եկամուտները»,- ասում է Հովիկ Սահակյանը:
Վերջինիս տեղեկացմամբ`«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ողջունել է առաջարկությունը: «Փետրվարի կեսերից կսկվեն «Դուզ» հանդամասի ծառատնկման աշխատանքները»,- տեղեկացնում է Հ. Սահակյանը: Հիշեցնենք, որ «Դուզ» հանդամասի 500 հա նախկին այգիների ոռոգման «Այրում-Շնող» ջրատարը չի գործում, քանի որ ջրատարի խողովակները յուրացրել են եւ այդ, ինչպես նաեւ այլ յուրացումների փաստերով, Լոռու մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել Շնողի նախկին համայնքապետ Հայկազ Քոչինյանի դեմ:
«Դուզ» հանդամասի ոռոգման համար ունենք նաեւ մեկ այլ ջրհան կայան, որը համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգման որոշ աշխատանքներ կատարելուց հետ կգործարկվի»,- հայտնում է համայնքապետը: Հովիկ Սահակյանը կարծում է, որ Շնողի ամենակենսական խնդիրը գյուղի կայուն ջրամատակարարման ապահովումն է: «Առաջիկա մի քանի օրերին կսկսվի Ագարակ-Նոյեմբերյան ջրագծից Շնողի խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքները: Շինարարը խոստանում է մինչեւ ապրիլի վերջն ավարտել ջրագծի կառուցումը»,- ասում է նա: Այսուհանդերձ, նոր ջրագծից հետո Շնողի զարգացման ամենակարեւոր խնդիրը Հովիկ Սահակյանը համարում է «Դուզ» հանդամասի պտղատու այգիների վերականգնումը:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել