
Սաքսոֆոն նվագող աղջիկը. «Բեմի վրա սաքսոֆոնով մի քիչ ավելի ուժեղ եմ»
Սաքսոֆոնահարուհի Լիանա Օսիպյանը շուրջ 6 տարի է` սաքսոֆոն է նվագում: 6 տարեկանում, երբ համերգներից մեկի ժամանակ բեմից լսում է շվիի նվագը, որոշում է գնալ շվիի դասերի: Մայրը, ով 25 տարի է` քանոնի դասատու է, սկզբում զարմանում է, քանի որ շվիի գնում են հիմնականում տղաները, բայց և ողջունում է աղջկա այս որոշումը: Դպրոցական տարիքում ունեցած երաժշտական հաջողությունները խթան են հանդիսանում, որպեսզի Լիանան ընտրի երաժիշտի մասնագիտությունը: Պատանեկան տարիքում նա սկսում է նաև ֆլեյտա նվագել: Որոշ ժամանակ անց, երբ արդեն վարժ տիրապետում է երկու գործիքներին, կարիք է զգում նոր գործիքի վրա նվագել սովորելու: Երրորդ գործիքը դառնում է սաքսոֆոնը: Լիանան հիշում է, որ սերն այդ գործիքի նկատմամբ մեծանում է հատկապես երգչուի և սաքսոֆոնահարուհի Քենդի Դալֆերի (Candy Dulfer) կատարումները լսելու շնորհիվ:
«Անցումը սաքսոֆոնին ոնց ստացվեց` չգիտեմ: Ուղղակի հասկացա, որ սաքսոֆոն գործիքի թե հնչյունները, թե տեմբրը համապատասխանում են ինձ, իմ ներքին աշխարհին, - ասում է Լիանան: - Իմ բնավորությունը նմանեցնում եմ սաքսոֆոնին: Եվ այժմ սաքսոֆոնն ամենահոգեհարազատն է ինձ»:
Լիանան ասում է, որ թե ինքը, թե սաքսոֆոնը «էմոցիոնալ կերպարներ են»: Սաքսոֆոնը տարբեր ժանրերում ներկայացող գործիք է, Լիանայի բնավորությունն էլ` փոփոխական: Երկուսն էլ կարող են լինել մեղմ և հուզական, միևնույն ժամանակ` ուժեղ ու կտրուկ:
«Սաքսոֆոնն ինձ տալիս է մեծ ուժ և էներգիա: Ես զարմանում եմ, թե ինչու եմ այդքան ուշ սկսել բացահայտել այն, - ասում է Լիանան: - Ես պետք է ավելի շուտ սկսեի սաքսոֆոն նվագել»:
Լիանայի շրջապատի մարդիկ քաջալերել են նրա` սաքսոֆոն նվագելու ընտրությունը: Բայց և հաճախ է լսում, որ փողային գործիքները նպատկահարմար է տղաների համար, քանի որ հիմնականում դրանք ծանր գործիքներ են, դժվարություններ կան նաև շնչառության ու նվագելու մեջ: Ինքն էլ է խոստովանում, որ սաքսոֆոնը հեշտ գործիքներից չէ, բայց ունի այնպիսի առանձնահատուկ տեսք, յուրահատուկ տեմբր և երանգներ, որ չունի ոչ մի գործիք:
Սաքսոֆոնահարուհին նաև համոզված է, որ իր գործիքը շնչում է: «Ուղղակի պետք է կարողանաս բացահայտել գործիքը, - ասում է նա: - Եթե սաքսոֆոնը խոսեր, ապա կասեր` ես էլ քեզ եմ սիրում»:
Լիանային դուր չի գալիս, երբ ասում են «սաքսոֆոն նվագող աղջիկը», «վայ, աղջիկ է սաքսոֆոն նվագում», այլ նախընտրում է, որ գնահատեն նախ և առաջ իր մատուցած երաժշտությունը:
Քանի որ Հայաստանում սաքսոֆոն նվագող աղջիկները շատ չեն, այդ պատճառով էլ տարբեր տեղերում նվագելու և համագործակցելու առաջարկներ Լիանան հաճախ է ստանում: Սակայն զբաղվածության պատճառով շատերը ստիպված է լինում մերժել:
Այժմ Լիանան շվիի, ֆլեյտայի և սաքսոֆոնի դասեր է վարում Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում: Ինչպես իր աշակերտության տարիներին, այնպես էլ հիմա այս գործիքների դասերին հաճախողների մեծ մասը տղաները են: Բայց Լիանան ուրախությամբ է նշում, որ իր աշակերտուհիներից մեկը սաքսոֆոնի է գալիս, և ցանկանում է, որ նա ևս շարունակի այդ ուղին:
Լիանան նաև սաքսոֆոն է նվագում DixieLAND խմբում (գեղարվեստական ղեկավար` Վարդան Սարդարյան), որտեղ երաժիշտներից ամենաերիտասարդն է:
«Երբ բենդում կողքիդ նվագում են լավ երաժիշտ տղաներ, այլևս չես մտածում` դու աղջիկ ես և պետք է իրենցից թույլ նվագես, - ասում է Լիանան: - Ընդահակառակը, անընդհատ ձգտում ես հասնել ավելի բարձր կատարողական մակարդակի»:
Նա ծիաղելով հիշում է, որ խմբի փորձերից մեկի ժամանակ, երբ սաքսոֆոնով հայկական ելևէջներով երաժշտություն է նվագում, բոլորի մոտ բուռն ծիծաղ է առաջանում, որովհետև խմբի մասնակիցների համար անսովոր էր սաքսոֆոնով հայկական երաժշտություն լսել: Իսկ սաքսոֆոնահարուհին համոզված է, որ երաժիշտը պետք է կարողնա նվագել ցանկացած ոճի ու ժանրի երաժշտություն:
«Երբ համերգների ժամանակ սաքսոֆոնով բեմ եմ բարձրանում, ինձ շատ լավ եմ զգում. դրանք երջանկության պահեր են, - ժպտալով ասում է Լիանան: - Բեմի վրա սաքսոֆոնով մի քիչ ավելի ուժեղ եմ»:
Մեկնաբանել