
Ոստիկանները թողել են Կիևը, իշխանությունները փախչում են
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահին սպասարկող ինքնաթիռը վայրէջք կատարեց Միացյալ Արաբական Էմիրություններում, իսկ երկրի ներքին գործերի նախարարը հատեց Ուկրաինա-Բելոռուսական սահմանը: Գերագույն Ռադայի նախագահը հրաժարական տվեց:
Բողոքի աննախադեպ մեծ ցույցեր են եղել անգամ ամենաարևելյան շրջաններում: Խարկովում, Դնեպրոպետրովսկում և այլ քաղաքներում մարդիկ տապալել են Վլադիմիր Լենինի արձանները:
Կիևում
Քաղաքի կենտրոնում վիճակը հանդարտ է: Համաձայն Գերագույն Ռադայի որոշման, Կիևում գտնվող այլ շրջանների ոստիկանները վերադառնում են իրենց տեղակայման/ծառայության վայրեր (շրջաններ): Դեռ ժամեր առաջ ոստիկանական ուժերով լի փողոցները դատարկվում են:
Իսկ ներքին զորքերի՝ Կիևի կայազորի հրամանատարը հայտարարեց, որ իր զորքերը սատարելու են Մայդանին: Քաղաքից դուրս է բերվել զրահատեխնիկան:
Հաշտության համաձայնագիրը` առ ոչին՞չ
Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները, Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները և նախագահը երեկ երեկոյան ստորագրեցին համաձայնագիր, համաձայն որի Ուկրաինան կվերադառնա հին Սահմանադրությանը, իսկ մինչև տարվա վերջ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ:
Սակայն դա չբավարարեց Եվրամայդանի ակտիվիստներին, մասնավորապես, առավել ծայրահեղական «Աջ սեկտոր»-ին: Վերջիններս ուշ երեկոյան Յանուկովիչին վերջնագիր ներկայացրեցին՝ պահանջելով հեռանալ մինչև առավոտյան ժամը 10-ը:
Ակտիվիստների այս պահանջին տեղի տվեց հաշտության համաձայնագիրը ստորագրած Վիտալի Կլիչկոն, ով հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների վերջնաժամկետը մայիս ամիսն է:
Ու՞ր է Յանուկովիչը
Քանի դեռ հրաժարականներ են ներկայացնում Ռադայի նախագահն ու իր տեղակալը, երկրից փախչում է ՆԳ նախարարը, քաղաքական գործիչներն ու լրագրողները փորձում են պարզել Յանուկովիչի գտնվելու վայրը: Գերագույն Ռադայում նախագահի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրեն հայտնի չէ Յանուկովիչի գտնվելու վայրը:
Նախագահական ռեզիդենցիաները, ըստ էության, այլևս չեն պաշտպանվում անվտանգության աշխատակիցների կողմից: Երեկ հայտարարվել էր, որ Յանուկովիչը ինքնաթիռով թռչելու է Խարկով` հանդիպելու կուսակիցներին, սակայն իր ինքնաթիռը Խարկովում այդպես էլ վայրէջք չկատարեց:
Քաղաքացիական ինքնաթիռներին հետևելու առցանց ռադարային Flightradar24 համակարգի փոխանցմամբ Ուկրաինայի նախագահին սպասարկող #AOJ92C բորտ համարով ինքնաթիռը ժամեր առաջ վայրէջք է կատարել Ֆուջեյրա քաղաքի օդակայանում (ՄԱԷ): Սակայն հայտնի չէ, թե ո՞վ է եղել այդ ինքնաթիռում:
Գերագույն Ռադայում շրջանառության մեջ է դրվել Յանուկովիչին իմպիչմենտ ենթարկելու հարցը:
Լուս.՝ EPA/BGNES-ի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել