
Կմասնատվի՞, արդյոք, Ուկրաինան
Ուկրաինական Եվրամայդանն անցած տարվա նոյեմբերին մեկնարկեց իշխանությունների կողմից Եվրամիության ասոցացման համաձայնագիրը վավերացնելուց հրաժարվելու պատճառով: Այսօր, սակայն, դրա մասին հիշում են ամենավերջում: Կիևի փողոցներում անցած երկու օրերին տեղի ունեցած սահմռկեցուցիչ, արյունալի իրադարձություններից հետո, որոնց ժամանակ պաշտոնական տվյալներով մոտ 80 մարդ զոհվեց, Եվրամայդանն առաջնորդող երեք կուսակցությունների ղեկավարները Լեհաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների, ինչպես նաև Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանի և դեսպանի միջոնրդությամբ նախագահ Յանուկովիչի հետ քննարկում են հարցերի շատ ավելի լայն օրակարգ` սահմանադրական փոփոխություններ, վաղաժամկետ նախագահական ընտրություններ, կոալիցիոն կառավարության ձևավորում: Նրանք Ուկրաինայի նախագահի հետ փաստացի քննարկում են իշխանությունն աստիճանաբար հանձնելու «ճանապարհային քարտեզը»:
Առաջին հայացքից թվում է, թե սա Ուկրաինայի ժողովրդի հաղթանակն է: Բայց սա պյուռոսյան հաղթանակ է, որովհետև եվրամայդանական այս խաղում շահելու են բոլորը, բացի Ուկրաինայից և ուկրաինացիներից:
Արևմտյան սցենարը
Իրականում Յանուկովիչին այդ պայմանները թելադրվում են երկկողմանի` Արևմուտքից և Ռուսաստանից միաժամանակ: ԱՄՆ նախագահը զուգահեռներ է անցկացնում Սիրիայի և Ուկրաինայի միջև, իսկ այդ երկրի դեսպանն իրեն իրավունք է վերապահում Գերագույն Ռադայի պատգամավորներից ոչ ավել, ոչ պակաս պահանջել ճգնաժամի հաղթահարման ուղիներ գտնել: Այն րոպեներին, երբ դիպուկահարները երկու ճամբարներից ուղղակի հունձ էին կատարում Կիևի կենտրոնական փողոցներում, և անմեղ մարդկանց արյուն էր հեղվում, ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ցինիզմը բավականացնում էր հայտարարելու, թե Բրյուսելն այս պահին էլ պատրաստ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Թե՛ Օբաման, թե՛ Էշթոնը Յանուկովիչին պարզ երկընտրանք են առաջադրում. կամ Կիևը շուտափույթ ստորագրում է Ասոցացման համաձայնագիրը, կամ համաձայնում է իշխանությունն աստիճանաբար հանձնելու` ընդդիմության շուրթերով ներկայացվող իրենց պայմաններին: Երրորդ տարբերակը Եվրամայդանի նոր հարձակման անցնելն է, բախումների վերսկսումը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը բարդվելու է անձամբ Յանուկովիչի վրա` անկախ բոլոր հանգամանքներից: Սա գրեթե նույն սցենարն է, որով խաղարկվեցին լիբիական, եգիպտական և վերջապես սիրիական հեղափոխությունները:
Ուկրաինայի ընդդիմությունը` ի դեմս Եվրամայդանն առաջնորդող երեք կուսակցությունների` «Ուդառ»-ի, «Բատկիվշչինա»-ի և «Սվոբոդա»-ի, ընդամենը մարիոնետ են Արևմուտքի ձեռքին: Այս ուժերն այլևս չեն վերահսկում Եվրամայդանը, նրա վրա որևէ ազդեցություն չունեն, ու ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, որ հենց այդ ուժերն են ներկայումս բանակցում իշխանությունների հետ: Գործընթացներ գեներացնողը, իրական շարժիչը ռազմական հակամարտության մեջ մտնելու համար բոլոր տեսանկյուններից պատրաստ աջ լիբերալ ծայրահեղականներն են` ի դեմս «Աջ սեկտոր» կազմակերպության, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ չեն ենթարկվում որևէ ուժի, չեն ճանաչում Ուկրաինայի իշխանությունների հետ վարվող բանակցությունները և անելու են այն, ինչ իրենք են ճիշտ համարում: Եվրաչինովնիկների ձեռքին հենց այս ուժերն են Յանուկովիչի վրա ճնշում գործադրող հիմնական գործիքները, որոնց խնդիրն է պարզապես անհրաժեշտության դեպքում հեղափոխության միջոցով իշխանությունը հանձնել այդ երեք՝ Արևմուտքի համար լիովին ընդունելի քաղաքական կուսակցություններին:
Այս տեսակետից Բրյուսելն այլևս չի թաքցնում, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը մասնավորապես, և Արևելյան գործընկերության ծրագիրն ընդհանրապես իրականում Ուկրաինան իր ամբողջականությամբ Ռուսաստանից խլելու թաքնված ռազմավարական պլան էր, որի ձախողման պարագայում հիմա անցնում է այսպես կոչված «պլան Բ-ին»` բաց ու անթաքույց գործողությունների: Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք Բրյուսելը Եվրամայդանի ռոմանտիզը շահագործելու և մարդկանց նվիրական զգացումների վրա մանիպուլյատիվ խաղերի միջոցով կստանա Ուկրաինան ամբողջությա՞մբ, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը տալու է ոչ թե Յանուկովիչը կամ ուկրաինական ընդդիմությունը, այլ` Մոսկվան:
Ռուսական սցենարը
Եվրոպային վերջինս հասկացնում է, որ կա նաև իրավիճակը հաղթահարելու չորրորդ տարբերակ. Ուկրաինայի բաժանումը: Կրեմլն այդ մասին առայժմ խոսում է միջնորդավորված` փորձագետների և քաղաքական առանձին գործիչների շուրթերով, բայց խոսում է բաց և իմպերատիվ տոնով: Կրեմլը, սովորության համաձայն, տարատեսակ մանևրների ետևից չի ընկնում: Նա գնում է ամենակարճ, ամենացինիկ, բայց հետխորհրդային տարածքում ընդունված ամենաարդյունավետ ճանապարհով՝ իշխանությունը «գնելով» և այն իր մարիոնետը դարձնելով: Այդ առևտուրը տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերին, երբ Յանուկովիչը հրավիրվեց Մոսկվա, և Կրեմլում ստորագրվեց Ուկրաինային 15 մլրդ դոլար տրամադրելու պայմանագիրը: Հիմա Ուկրաինայի գործող նախագահը ոտքով-ձեռքով կախված է այդ գործարքից ու պարզապես ի վիճակի չէ հաշվի չառնելու Ռուսաստանի միանշանակ շահերը ԵՄ-ի հետ իր հարաբերություններում: Սա նշանակում է, որ Մոսկվան իր հերթին է Յանուկովիչին պարզ երկընտրանք առաջարկում. կամ նա չի հրաժարվում Եվրաասոցացման համաձայնագիրը չստորագրելու իր որոշումից և ընդունում է ԵՄ-ի նետած ձեռնոցը քաղաքացիական պատերազմի սկսման հետ կապված` ապավինելով իր ամբողջական և լիարժեք աջակցությանը, կամ կարող է ստորագրել ԵՄ-ից իրեն առաջադրված կապիտուլյացիայի ակտը` այն հստակ գիտակցությամբ, որ կորցնելու է ոչ միայն Ղրիմի ինքնավար մարզը, այլև պրոռուսական տրամադրված ողջ Արևելյան Ուկրաինան: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ինչպիսի ընտրություն էլ Յանուկովիչը կատարի, Ուկրաինան կարող է հայտնվել երկարատև ու իսկապես արյունաքամ քաղաքացիական պատերազմի ճիրաններում:
Զուտ «ռեալ պոլիտիկ»-ի տեսանկյունից, իբրև Արևմուտքի հետ կոմպրոմիսային լուծում՝ Մոսկվային նույնիսկ տակտիկապես ձեռնտու է Ուկրաինայի պառակտումը: Նախ` այդպիսով վերջնականապես կարող է լուծել ստրատեգիական նշանակություն ունեցող Ղրիմը վերադարձնելու խնդիրը: Երկրորդ` Ուկրաինայի իրական հարստությունը գտնվում է նրա արևելյան մասում` իր բնական պաշարներով, արդյունաբերական հզոր պոտենցիալով: Ուկրաինայի այն մասը, որն այդ պառակտման արդյունքում մնալու է ԵՄ-ին, Արևմուտքին ստրատեգիական առումով ոչինչ չի տալիս: Նախ` Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև այդ հատվածում արևելյան Ուկրաինան շարունակելու է բուֆերային գոտու դեր կատարել, ինչը նշանակում է, որ չի լուծվում եվրոպական ուղղությամբ Ռուսաստանի հետ սահմանակցելու խնդիրը: Երկրորդ` դրանով Արևմուտքը չի կարող կանխել Ուկրաինայի մի մասը, այն էլ՝ ամենայուղալի կտորը Եվրասիական տնտեսական միության բաղադրիչը դարձնելու հեռանկարը: Երրորդ`զրկվելով տնտեսական հիմնական ռեսուրսից` Արևմտյան Ուկրաինան իր բնակչությամբ պարզապես բեռ է դառնալու ԵՄ-ի համար: Դա հրաշալի հասկանում են նաև Բրյուսելում, և հենց այդ պատճառով է, որ նրանք ձգտում են Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության գոտուց հանել ամբողջությամբ` իր ներկայիս սահմաններով:
Ուկրաինայի ներկայիս վիճակն իսկապես ողբերգական է` առաջին հերթին նրա ժողովրդի համար: Այն, ինչ կատարվում է այս երկրի հետ, հստակ ցույց է տալիս երկու իրողություն: Նախ` որ սկսվել ու չափազանց մեծ ցնցումներով իրականացվում է Եվրասիայում նոր սահմանագծեր քաշելու բոլորովին նոր գործընթաց: Եվ երկրորդ` դրա զոհ են դառնում հետխորհրդային, հատկապես Արևելյան գործընկերության մաս հանդիսացող երկրները: Որքան դաժան է դառնում Արևմուտքի և Արևելքի աշխարհաքաղաքական և քաղաքակրթական այս բախումը, այնքան ողբերգական է դառնում դրա կիզակետում հայտնված պետությունների ու ժողովուրդների ներկան ու ապագան:
Հայկական ալտրուիզմը
Այս իմաստով Կիևում հիմա զուտ Ուկրաինայի հարցը չի լուծվում: Այնտեղ լուծվում է առաջին հերթին Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և գուցե նաև Բելառուսի ճակատագիրը: Ուկրաինական ողբերգությունը ինքնապաշտպանության և իմունիտետի ուժեղացման շատ պարզ և միաժամանակ շատ բարդ հրամայականներ է իջեցնում այդ երկրների իշխանություններին և հասարակություններին: Սա գաղութացման մի նոր գլոբալ գործընթաց է` նոր գործիքակազմով ու մեթոդաբանությամբ, և չի բացառվում, որ անկախ Հայաստանի` Մաքսային Միություն մտնելու որոշումից, որի ներքո իրենց չափազանց ապահով են զգում իշխանությունները, Հայաստանը ևս հայտնվի այս պրոցեսի թիրախում: Մանավանդ, որ քաղաքական քարտեզի վրա Արևմուտք-Ռուսաստան` գրեթե սառը պատերազմի վիճակի հասնող դիմակայության պարագայում Հայաստանը Հարավային Կովկասի կտրվածքով պարզապես հենակետային նշանակություն է ստանում թե՛ Ռուսաստանի և թե՛ ԱՄՆ-ի ու Եվրամիության համար: Գուցե Հայաստանի առջև պառակտման վտանգ չլինի` հաշվի առնելով երկրի տարածքի փոքրությունը և ժողովրդագրական, տնտեսական միատարությունը: Բայց այդ սահմանը կարող է անցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջով: Հենց այստեղ է Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը: Հարցն այն է` գոնե ուկրաինական ողբերգությունը, ի վերջո, կսթափեցնի՞ «ծաղկափոշու մեջ նիրհող» և Մաքսային Միության հետ կապված լուսավոր ու վարդագույն երազներ տեսնող մեր իշխանություններին, թե՞ կշարունակվի այս անհասկանալի անտարբերությունն ու անհաղորդությունը իրենց շուրջը տեղի ունեցող աղետալի գործընթացների նկատմամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել