
ԱՆ-ն ու ոստիկանությունը համաձայնության չեն եկել ավտոմեքենաների լուսային ու ձայնային ազդնաշանների կանոնների խախտման տուգանքի բարձրացման հարցում
ՀՀ ոստիկանությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումնեերի վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ: Հարցը ներառվել է ՀՀ կառավարությա փետրվարի 20–ի նիստի օրակարգում:
Ներկայացված նախագծով ոստիկանությունը երկու կարևոր փոփոխություն է առաջարկում: Առաջինը վերաբերում է ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշանների կիրառման համար նախատեսված պատասխանատվության միջոցներին: Ներկայում ստանդարտին չհամապատասխանող ազդանշանների տեղադրման ու կիրառման համար սահմանված տուգանքը 10 հազ. դրամ է, ոստիկանությունն առաջարկում է այն դարձնել 20 հազ. դրամ: Խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում առաջարկվում է սահմանել 50 հազ. դրամ տուգանք: Բացի այդ՝ գիշերային ժամերին ձայնային ազդանշանների արձակման կանոնների խախտումը պետք է առաջացնի տուգանք՝ 20 հազ. դրամի չափով (ներկայում այդպիսի տուգանք չկա):
Ոստիկանության այս առաջարկություններին առարկել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Վերջինիս ներկայացրած պաշտոնական պարզաբանման մեջ նշված է. «...նախատեսվող դրույթները խնդրահարույց են` նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի պահանջները, որոնց համաձայն` ՀՀ-ն իրավական պետություն է, իսկ իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը պատասխանատվության համաչափության սկզբունքն է: Այսպես` նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար տուգանքի չափի բարձրացում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի փոխարեն նախատեսելով քսանապատիկի, մինչդեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքով է պայմանավորված տուգանքի չափի բարձրացումը»:
Ոստիկանությունն այս առարկությանը պատասխանել է, որ վերջին տարիներին ստանդարտին չհամապատասխանող ձայնային ու լուսային ազդանշանների կիրառումը մեծ տարածում է գտել, որին նպաստում է սանկցիայի ոչ այնքան բարձր չափը: Ըստ ոստիկանության՝ ձայնային ազդանշանների արձակումը հանրային մեծ վնասարարություն ունի, քանի որ վտանգում է անվտանգ երթևեկությունը և խախտում մարդկանց անդորրը:
Ոստիկանության մեկ այլ առաջարկ էլ վերաբերում է առանց թույլտվության պահվող ողորկափող որսորդական հրազենին ու զինամթերքին: Եթե քաղաքացիները դա կամովին հանձնեն՝ ապա առաջարկվում է ազատել պատասխանատվությունից: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ այդպիսի շատ հրացաններ առանց թույլտվության պահվունմ են սերնդեսերունդ, կամ մնացել են սահմանների պաշտպանության ժամանակներից:
Մեկնաբանել