
Հոլանդական հիվանդության հայկական տարբերակը
2013 թ. ֆիզիկական անձինք արտասահմանից բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 2.3 մլրդ դոլար, որից 1.9 մլրդ դոլարը (մոտ 82,5%-ը) առևտրային նպատակ չեն հետապնդել, այսինքն՝ հանդիսացել են տրանսֆերտային փոխանցումներ: Այդ մասին տվյալները ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկը:
Միևնույն ժամանակ, Հայաստանից ֆիզիկական անձինք դեպի այլ երկրներ փոխանցել են 852 մլն դոլար, որից 324 մլն դոլարը(38%-ը) տրանֆերտներ են: Այսպիսով, ընդհանուր մաքուր ներհոսքը կազմում է մոտ 1,45 մլրդ դոլար, իսկ տրանսֆերտների մասով՝ մոտ 1,54 մլրդ դոլար:
Միանգամից նշենք, որ Հայաստանը հերթական ռեկորդն է սահմանել տրանսֆերտների ստացման ծավալով: 2012 թ. hամեմատ` տրանսֆերտներն ավելացել են մոտ 26%-ով, ինչը վերջին տասնամյակում աճի ամենաբարձր տեմպերից է: Սակայն 2013 թվականն առանձնահատուկ է նրանով, որ դեպի արտասահման փոխանցումները նույնպես շեշտակի ավելացել են՝ մոտ 10 անգամ:
Տրանսֆերտների նման շեշտակի աճը ունի և դրական, և բացասական հետևանքներ: Դրականն այն է, որ նպաստում է սոցիալական լարվածության թուլացմանը, նպաստում է գնողունակ պահանջարկի աճին: Սակայն բացասականն այն է, որ ստեղծում է այսպես կոչված «հոլանդական հիվանդության» էֆեկտ, երբ հեշտ եկամուտների պատճառով մարդկանց մի մասը կորցնում է հետաքրքրությունը աշխատանքի նկատմամբ: Հոլանդիայում այդ էֆեկտը ստացվում էր նավթային եկամուտների պատճառով:
Մեր գնահատականներով՝ հանրապետությունում որպես աշխատավարձ տրվում է ընդամենը տարեկան մոտ 2-2,5 մլրդ դոլար (ամսական 180-200 մլն դոլար, չի ներառում գյուղացիության եկամուտները): Այսինքն՝տրանսֆերտների ընդհանուր գումարի (մոտ 1,9 մլրդ դոլար) ու աշխատավարձի ընդհանուր գումարի (մոտ 2,5 մլրդ դոլար) միջև մեծ տարբերություն չկա:
Նշենք, որ Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը 2013 թ. կազմել է մոտ 3,6 մլրդ դոլար, այսինքն՝ տրանսֆերտների կշիռը մանրածախ առևտրի շրջանառությունում կարող է հասնել մինչև 50%: Տրանսֆերտներն ապահովում են ՀՆԱ-ի մոտ 20%-ը:
Որոշ տնտեսագետներ կարծում են, որ կառավարությունը պետք է թուլացնի տրանսֆերտների «հոլանդական հիվանդության» էֆեկտը՝ փոխանցված արտարժույթը գնելով և կայունացման ֆոնդեր ստեղծելով: Սակայն դրա գործնական կիրառումը բավական կասկածելի հետևանքներ կառաջացնի:
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տրանսֆերտային դոնորը. այդ երկրին բաժին է ընկնում մեր տրանսֆերային շրջանառության մոտ 85%-ը (այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գործնականում չի փոխվել): Ռուսաստանից տրանսֆերտների աճին նպաստում են արտագաղթը, արտագնա աշխատանքի մեկնողների թվի ավելացումը, այդ երկրում ֆինանսական համեմատաբար բարվոք վիճակը՝ կապված միջազգային շուկայում հումքի բարձր գների հետ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012 թ. Հայաստանն ունեցել է մուտք և ելք անողների 42.8 հազ.մարդ բացասական հաշվեկշիռ, իսկ 2013 թ.՝ 31.1 հազ. մարդ:
Մյուս երկրներից փոխանցումները Հայաստանի համար էական դեր չունեն: Սակայն հետաքրքիր է հետևյալ հանգամանքը: Կա երկրների մի խումբ, որոնց հետ Հայաստանն ունի դրամական փոխանցումների (և առևտրային, և ոչ առևտրային) բացասական բավական մեծ մնացորդ: Այսինքն՝ ավելի շատ փոխանցում ենք, քան ստանում: Այդ երկրներն են Գերմանիան, Չինաստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, անգամ Ֆրանսիան ու Իսպանիան: Օրինակ՝ Չինաստանի հետ բացասական մնացորդը 80 մլն դոլար է, Թուրքիայի հետ՝ 25 մլն դոլար, ԱՄԷ-ի հետ՝ 16 մլն դոլար, Գերմանիայի հետ՝ 22 մլն դոլար: Սրանք այն երկրներն են, որոնց հետ ՀՀ քաղաքացիները ակտիվ «ճամպրուկային» առևտուր են անում: Իսկ Թուրքիայի ու Չինաստանի հետ բացասական է նույնիսկ զուտ տրանսֆերային շրջանառությունը: Այսինքն՝ Հայաստանում բնակվողներն ավելի շատ են օգնում Թուրքիայում ու Չինաստանում բնակվող մեր հայրենակիցներին, քան հակառակը:
Լուսանկարը՝ ru-trade.info
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել