
Նոր մանրամասներ Որոտանի հէկի վաճառքի մասին
Սամվել Ավագյան
Լևոն Հայրապետյան
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Որոտանի հէկը ContourGlobal Hidrocaskade ընկերությանը վաճառելու մասին: Գործարքի կողմ է նաև «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» ընկերությունը: Գործարքը գնահատվում է 120 մլն դոլար, բացի այդ՝ ամերիկյան կողմը պարտավորվում է 70 մլն դոլարի ներդրում իրականացնել: Հայաստանում գրանցված ««ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ»» ՓԲԸ–ի հիմնադիրը Լյուքսեմբուգում գրանցված «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՏԵՐՐԱ ՀՈԼԴԻՆԳՍ ՍՊԸ-ն էր (100% բաժնետեր): Սակայն 2013թ. հոկտեմբերի 15-ին բաժնետերը փոխվել է եւ դարձել «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի»: Ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ի Դելավեր նահանգի Վիլմինգտոն քաղաքում: Դելավերը նույնպես օֆշորային գոտի է:
Որքանո՞վ 1 արդարացված այս գործարքը, կամ դրա շուրջ բարձրացված աղմուկը: Որոտանի համակարգը բաղկացած է 3 հէկ-ից ու 4 ջրամբարից: 1970 թ. դեկտեմբերին գործարկվել է համալիրի առաջնեկը՝ Տաթևի հէկը, 1978-ին՝ Շամբի, իսկ 1989թ.՝ Սպանդարյանի հէկերը: Համակարգի գործունեության «երաշխիքային» ժամկետը մոտ 40 տարի է: Հետևաբար, Տաթևի ու Շամբի հէկերն արդեն արդիականացման կարիք են զգում, այլապես վթարներից խուսափել չի լինի: Իսկ դա Հայաստանի էներգետիկ համակարգի համար էական նշանակություն ունի՝ Որոտանի հէկի գումարային հզորությունը 404 Մգվտ է, տարեկան արտադրվում է մոտ 1 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15-20%-ը): Այլ կերպ՝ Որոտանի հէկը «կես» ատոմակայան է, կրկնակի հզոր է Երևանի ՋԷԿ-ից ու համեմատելի է Հրազդանի ՋԷԿ-ի հետ: Անտարակույս՝ Որոտանի հէկը Հայաստանի ռազմավարական կարևորագույն կառույցներից մեկն է:
Թեև Որոտանի հէկում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է՝ համակարգն աշխատում է վնասով: Ըստ «Որոտանի ՀԷԿՀ» ընկերության ֆինանսական հաշվետվության՝ տարեկան վնասի չափը կազմում է մոտ 2 մլրդ դրամ: Սա պայմանավորված է նրանով, որ էլեկտրական ցանցերին Որոտանի հէկի մատակարարած էլեկտրաէներգիան ամենաէժաններից մեկն է՝ 1 կվտ/ժամը 4,6 դրամ: Համեմատության համար՝ փոքր հէկերը էլեկտրաէներգիան «հանձնում են» 19.4 դրամով, ատոմակայանը՝ 5,8 դրամով, «Հրազդան 5»-ը՝ 26 դրամով: Միայն Երևանի ջէկն է ավելի «մատչելի»՝ ընդամենը 0,5 դրամ:
Այլ կերպ՝ Որոտանի հէկը հայկական ատոմակայանի ու Երևանի ջէկի հետ էներգետիկ համակարգի հիմնական դոնորներից է: Այս պարագայում նույնիսկ կարելի է զարմանալ, որ ամերիկյան ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել կայանի նկատմամբ:
Սակայն, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Էլեկտրաէներգիայի բոլոր սակագները սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Եթե ամերիկյան ընկերությունը մոտ 190 մլն դոլար ծախս է անելու, հետևաբար պետք է վստահ լինի, որ այդ ներդրումները վերադարձելի կլինեն: Իսկ դա նշանակում է, որ Որոտանի հէկի էլեկտրաէներգիայի գնման սակագինը էապես կբարձրացվի՝ հետագայում անդրադառնալով սպառողներին մատակարարվող սակագնի վրա: Ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված պաշտոնական փաստաթղթերի՝ հետագա գնագոյացման հարցը պետք է կարգավորվի հատուկ բանաձևով: Ամերիկյան ընկերությունը հասույթները 10 տարի հետո պետք է հասցնի մոտ 55 մլն դոլարի (ներկայիս 20 մլն դոլարի համեմատ), իսկ 25 տարի հետո՝ 75 մլն դոլարի: Ընկերության շահութաբերությունը պետք է կազմի առնվազն 8%: Էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն 6 տարի հետո պետք է հասնի տարեկան 1.2 մլրդ կվտ/ժամի՝ ներկայիս 1 մլրդ կվտ/ժամի համեմատ, իսկ այնուհետ երկարատև ժամանակահատվածում կայունանա 1.25 մլրդ կվտ/ժամ մակարդակի վրա: Տարեկան 50 մլն դոլար հասույթ ապահովելու համար Որոտանի հէկի վաճառած էլեկտրաէներգիայի սակագինը պետք է կազմի 16-17 դրամ՝ 1կվտ/ժամի համար: Այսպիսով, Որոտանի հէկի վաճառած էլեկտրաէներգիայի սակագինը պետք է աստիճանաբար հասցվի փոքր հէկերից գնվող սակագներին, իսկ դա չի կարող չանդրադառնալ սպառողներին մատակարարվող սակագնի վրա:
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չէր կարելի հիմա բարձրացնել սակագինը, որպեսզի պետական այդ ընկերությունը շահույթներ ձևավորեր ու ինքնուրույն ներդրումներ կատարեր: Ըստ երևույթին, կառավարությունը վստահ չէ, որ ընկերության մենեջմենթը բարձր որակ ունի ու ի վիճակի է մեծամասշտաբ ծրագրեր իրականացնել: Նման պարագայում մասնավոր հեղինակավոր ընկերությունը միշտ էլ նախընտրելի է:
Կա նաև մեկ այլ, քաղաքական ենթատեքստ: Մինչ այժմ էներգետիկ համակարգում խոշոր ներդրումներ իրականացրել է միայն Ռուսաստանը: Ամերիկյան ներդրումներն ինչ- որ իմաստով հակակշիռ են ռուսական ներդրումներին, ու այս տեսակետից՝ արդարացված: Հետագայում ատոմակայանի համար ներդրումներ ներգրավելու համար սա կարևոր նշանակություն կունենա: Սակայն ամերիկյան կողմը մի հետաքրքիր պայման է առաջ քաշել: Ըստ պայմանագրին կցված հավելվածներից մեկի՝ Որոտանի հէկի էլեկտրաէներգիան չի կարող ուղղվել դեպի Իրան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված է լինելու փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը կբացառի Որոտանի հէկի ներգրավումը Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերում:
Կարծում ենք՝ Որոտանի հէկի գործարքն, իհարկե, մտահոգիչ կողմեր ունի՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ռիսկերով, սակայն նաև դրական կանդրադառնա էներգետիկ համակարգի հավասարակշռության վրա:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել