
Ընդդիմադիրին ծեծելը հանցանք չէ
Երեկ հայտնի դարձավ, որ Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Անի Գևորգյանը ոստիկանության կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել: Համաձայն հրապարակումների՝ Գևորգյանին ապտակել է ոստիկանության փոխգնդապետ Պողոսյանը: Դեռևս անհայտ է, թե ինչով կավարտվի այս պատմությունը, բայց վիճակագրությունը տխուր է: Ակամա հիշում ենք ոստիկաններից տուժած այլ քաղաքացիների:
Ակնհայտ, բայց «չբացահայտված»
2004-ին ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկվեց ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը: Սակայն տեղական իրավապահները հրաժարվեցին քրեական գործ հարուցել, և հարցը հասավ Եվրադատարան: Ու թեև վերջինս վճռով հաստատեց բռնությունների փաստը, միևնույն է, Վիրաբյանին ծեծողները ոչ միայն չեն պատժվել, այլև պաշտոնների բարձրացման են արժանացել: Ըստ Վիրաբյանի՝ իրեն ծեծողների թվում էր Երևանի այժմյան ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նույն կերպ բոլորին հայտնի է անցյալ տարվա ապրիլի 9-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հարվածած ոստիկանի ինքնությունը: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է վերջինս բռունցքով հարվածում ընդդիմադիր գործչի քթին:
Ոստիկանության ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայող Արթուր Ղազարյանը անպատիժ մնաց և շարունակեց ծառայությունը համակարգում:
Ոչ պակաս ակնհայտ էր դեկտեմբերի 20-ին ԱԺ-ի մոտ ցույց անող Անտոն Իվչենկոյին ծեծելու փաստը: Մենք արդեն գրել ենք այս մասին եւ մատնացույց արել ակտիվիստին բռունցքով հարվածող ոստիկանին:Տեսանյութում դա հստակ երևում է:
Սակայն պարզվում է, որ ոստիկանը ակտիվիստ Անտոն Իվչենկոյին չի հարվածել: Համենայն դեպս, իր որոշման մեջ այդպես է պնդում Հատուկ քննչական ծառայության քննիչը:
Առավել ծանր, բայց մութ գործեր
Անշուշտ, ոստիկանության գործողություններից տուժած ընդդիմադիրները շատ ավելի շատ են: Սակայն այդ գործերով հանրությանը հայտնի չեն մեղավորների անունները:
2007 թվականին, ըստ նախաքննության, ոստիկանության բաժնում «ինքնասպան» եղավ Լևոն Գուլյանը: Սակայն առ այսօր ո՛չ սպանության, ո՛չ էլ ինքնասպանության հասցնելու մեղադրանքներ որևէ ոստիկանի չի առաջադրվել:
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից կատարված ամենածանր հանցագործությունը` ոստիկանները սպանեցին 8 քաղաքացու, տասնյակները վիրավորվեցին: Սակայն, վիրավորվածների մեծ մասի և բոլոր 8 սպանությունների մեղավորները «չհայտնաբերվեցին»: Ցավոք, այդ ոստիկանների անունները հանրությունն էլ չկարողացավ պարզել:
Թվարկված բոլոր գործերը Հատուկ քննչական ծառայության լիազորությունների շրջանակում են: Եվ, ըստ գաղափարի տրամաբանության, պետական մարմիններից (այդ թվում` ոստիկանությունից) անկախ այս քննչական ծառայությունը պիտի գոնե գտներ և դատարան ուղարկեր մեղավորներին` անկախ զբաղեցրած դիրքից և տուժողի քաղաքական հայացքներից: Սակայն, թվարկված գործերից և ոչ մեկի վերաբերյալ գործը դատարան չի հասել: Որպես կանոն՝ «հանցակազմի բացակայության» պատրվակով:
Բացի այդ, ցավոք, համարյա չեն եղել այնպիսի դեպքեր, երբ ընդդիմադիրի նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկանը պատասխանատվության կանչվի:
Այսպիսով, Հայաստանում ընդդիմադիր ակտիվիստներին ծեծած և անգամ սպանած ոստիկանները, որպես կանոն, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Եվ դա անգամ այն դեպքերում, երբ ակնհայտ է և¢ բռնության փաստը, և¢ բռնություն գործադրած ոստիկանի անձը:
Այսինքն, եթե փորձենք տեսնել ընդհանուր պատկերը, ապա կստացվի, որ Հայաստանում ոստիկանի կողմից ընդդիմադիր ակտիվիստին ծեծելը, խոշտանգելն ու անգամ սպանելը հանցագործություն չի համարվում:
Մեկնաբանել