
Ժիրայր Բաբազյան. «Սփյուռքին միայն գենոցիդն է հետաքրքում»
2010 թվականի հոկտեմբերին Մարսելի «Օդեոն» թատրոնn իր թատերաշրջանը բացեց Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Բաբազյանի բեմադրած «Կարինե» օպերետով:
Տիգրան Չուխաճյանի այս գործն արդեն բազմաթիվ երկրներում բեմադրած Ժիրայր Բաբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն Հայաստանում բեմադրելու ցանկություն հայտնեց: Երեկ այն էկրանավորված ցուցադրվել է Նարեկացի արվեստի միությունում. «Իմ իսկական աշխատանքը թատրոնն է, այն կարելի է ասել իմ ապրուստն է, բայց ժամանակ առ ժամանակ նման գործեր անում եմ՝ որպես հայ զավակ: Հայկական գործի համար այսօր ոչ ոք փող չի տալիս»:
Բանախոսը նշեց, որ եթե նույնիսկ Ֆրանսիան որեւէ բեմադրության ծախսերի 50 տոկոսը ֆինանսավորի, Հայաստանը ոչ մի տոկոսն էլ չի կարողանում ֆինանսավորել. «Ֆրանսիացիներն էլ ասում են՝ պետությունը չի կարողանում, թող ձեր մեծահարուստները ֆինանսավորեն: Դե, նրանք էլ աղքատացել են երեւի: Այդքան որ մարաթոններ են անում, գումարներ են հատկացնում, կառուցում են, վերանորոգում են: Հրաշալի է, բայց գոնե մի տոկոսը կարելի՞ է մշակույթին տրամադրել, գոնե մի տոկոսը»:
Նրա խոսքերով` սփյուռքին հայկական մշակույթով հետաքրքրելն արդեն դառնում է անհնարին. «Սփյուռքին միայն գենոցիդն է հետաքրքրում: Տարեկան մի քանի կոնֆերանս են անում՝ նվիրված գենոցիդին, բայց հայկական մշակույթն արդեն վաղուց մոռացվում է»:
Ժիրայր Բաբազյանը երկար տարիներ համագործակցում է Փիթեր Բրուքի դստեր Իրինա Բրուքի հետ: Նրանց համատեղ ներկայացումները եւս շրջել են աշխարհով մեկ եւ մեծ հաջողությունների հասել: Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործության ադապտացիայում էլ դերասանը պատրաստվում է առաջիկայում Սանչո Պանսայի դերը խաղալ:
Այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հայկական համայնապատկեր ծրագրի կարճամետրաժ ֆիլմերի ցանկում ընդգրկված էր ֆրանսահայ Լեւոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմը, որտեղ Ժիրայր Բաբազյանը խաղում էր գյումրեցու դեր: «Շատ դժվարությամբ սովորեցի նրանց առոգանությամբ խոսել, բայց, ի վերջո, բոլորը հավատացին, որ գյումրեցի եմ, իհարկե, բացի գյումրեցիներից»,- կատակում է բանախոսը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել