
Հրանտ Բագրատյան. «Պետք է Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանել, ձեր կոշիկի ձախ թայը տանել դնել վարչապետ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանն անրադարձավ նաև ՀՀ տնտեսական վիճակին` ասելով, թե «վիճակ չկա»: Ըստ նրա` ՀՀ պահուստները կազմում են մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար և դրա մեծ մասը հենց դոլարով պահվում է արտասահմանում` «երևի Շվեյցարիայում»: Իսկ ԱՄՆ-ն, որ տպում է դոլարը, այն արժեզրկելիս մյուս երկրներից թույլտվություն չի հարցնում: Արդյունքում կարող է ստեղծվել բարդ իրավիճակ:
«Կիջնի Կենտրոնական բանկի ռեյտինգը: Նա պահուստների շնորհիվ որոշակի վարկանիշ ունի. իրականացնում է վերաֆինանսավորում, կվերանայվի ԿԲ-ի վերաֆինանսավորումը: Բոլոր 22 բանկերն ունեն պահուստներ, որոնց մեծ մասը դոլարով է: Դրանց մի մասը կդառնա անվճարունակ», - ասաց Հ. Բագրատյանը:
Նա նշեց, որ գնաճը եղել է 10%, բյուջեի եկամուտներն ավելացել են 7%-ով, արդյունքում բյուջեն պակասել է 3-ով: Նախկին վարչապետի կարծիքով` ամեն տարի տնտեսությունը կրճատվում է, այն էլ` խաղաղության պայմաններում. բյուջեն 3 միլիարդից նվազել է մինչեւ 2 միլիարդ: Եվ այդ ամենը` վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհիվ, ով ասում է, թե երկրում կա կայուն զարգացում:
«Պետք է Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանել, ձեր կոշիկի ձախ թայը տանել դնել վարչապետ, նորմալ կաշխատի երկիրը»,- իրավիճակի այսպիսի լուծում առաջարկեց Հ. Բագրատյանը:
Բագրատյանի կարծիքով` երկրի տնտեսությունը կարգավորելու փոխարեն շատ արագ և լավ զարգանում է բիզնեսը. պաշտոնյաներն իրար հետևից տներ են գնում:
«Եթե ինքն (Տիգրան Սարգսյան) իրեն կարծում է ծաղրածու, ապա մենք Հայաստանը որպես կրկես չենք դիտարկում. ինքը հանդիսատես չունի»,- ավելացրեց Բագրատյանը:
Վերջինս նշեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն աշխարհում 85-90-րդ տեղում էր, բոլորը ծիծաղում էին, մինչդեռ հիմա Հայաստանը 140-144-րդ տեղում է: Նրա կարծիքով` Հայաստանի տնտեսության աճի տեմպերը զիջում են թե հարևան երկրներին, թե Եվրոպային: Իսկ ադրբեջանական և թուրքական մամուլն օգտագործում է այդ հանգամանքը` ստեղծելով այն պատկերը, թե հայերը նույնիսկ սեփական երկրում չեն կարողանում զարգանալ:
Անդրադառնալով արտագաղթի խնդրին` Բագրատյանը նշեց, որ Գագիկ Եգանյանը` Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետը, առաջ է քաշել սեզոնային արտագաղթի թեզը և ասում է, թե երկրից գնացածների մեծ մասը իբր հետ է գալու: Ըստ Բագրատյանի` Սերժ Սարգսյանը չպետք է լսի ոչ վարչապետին, ոչ էլ Եգանյանին, ով ի դեմս նախագահի` «թարմ ականջ է գտել»: Իսկ արտագաղթի ճշգրիտ թվերն իմանալու համար պետք է դիմել ռուս սահմանապահներին, ովքեր ՀՀ քաղաքացու` երկիր մտնելու եւ երկրից դուրս գալու դեպքում անձնագիրը կնքում են: Ըստ Բագրատյանի` ուղղակի պետք է պաշտոններ տալ ճիշտ մարդկանց:
«Չեմ ասում` Սերժ Սարգսյանն ինտելեկտի բագաժ չունի, բայց երևի պրոբլեմ ունի դրա հետ»,- եզրափակեց նախկին վարչապետը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել