
Շնողցիները փորձում են դատարանով հետ վերցնել ամբուլատորիայի վաճառված հատվածը
Հունվարի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում, դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի և Մարինե Ավետյանի դեմ`անշարժ գույքի առուվաճառքի գործով քաղաքացիական հայցի նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ Լոռու մարզի Շնող գյուղի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանը Շնողի ավագանու 15.11.2004թ.-ի 32 որոշմամբ, «Շնողի ամբուլատորիա» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Կարենի Ազարյանի հետ կնքած 24.03.2005թ.-ի պայմանագրովգնել է գյուղի ամբուլատորիայի 2-րդ հարկի 400ք.մ. տարածքը: Այն առ այսօր ծառայեցնում է իր աղջկա համար որպես բնակարան: Հայկազ Քոչինյանը պայմանագրով պարտավորվել է 3-օրյա ժամկետում վճարել ամբուլատորիայի 400 ք.մ. տարածքի համար սահմանված 600 000 դրամ գինը, որը նա անցած 8 տարիներին այդպես էլ չի վճարել:
Շնողի գյուղացիները դեռս 2013թ. նորընտիր գյուղապետ Հովիկ Սահակյանից պահանջել են իրենց վերադարձնել ամբուլատորիային վաճառված տարածքը: Շնողի գյուղապետարանը քաղհայցով դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ՇՆողի ավագանու 15.11.2004թ.-ի թիվ 32 որոշումը և ամբուլատորիայի մասնաշենքի առուվաճառքի 24.03.2005թ.-ի պայմանագիրը չեղյալ հայտարարելու և տարածքի կադաստրային և նոտարական գրանցումները անվավեր ճանաչելու պահանջով:
Այս գործով նաև պատասխանող էին հանդիսանում Մարինե Ավետյանը, 3-րդ անձինքն են «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ն, Թումանյանի նոտարական տարածքը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու ստորաբաժանումը:
Դատավոր Աթաբեկյանը կողմերին հայտնեց, որ նրանք դատական նիստի մասին պատշաճ ծանուցված են, սակայն նիստին չեն ներկայացել: Նրանց բացակայությամբ գործի քննությունը շարունակելու համար դատավորը հարցրեց կողմերի կարծիքը: Կողմերը առարկություն չներկայացրեցին: Դատարանը որոշեց նախնական դատական նիստը շարունակել գործին մասնակցող մյուս անձանց բացակայությամբ: Այնուհետև դատավորը Աթաբեկյանը պարզաբանեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքով սահմանված կողմերի պարտականությունները, ապա հայցվորի ներկայացուցիչներից պահանջեց դատարանին ներկայացնել հայցի հիմքը և առարկան: Գյուղապետարանի իրավախորհրդատու Տիգրան Ծատրյանը դատարանին հայտնեց, որ դատարանին ըստ էության ներկայացվել է երկու պահանջ`Շնողի համայնքի ավագանու թիվ 32`15.11 .2004թ որոշումը անվավեր ճանաչելու և 24.03.2005թ.-ի կատարված անշարժ գույքի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին: «Հիմնականում երկու պահանջ է, անվավերության հետևանքներ ենք պահանջում դատարանից: Հայցի առարկան`առք ու վաճառքի պայմանագիրը մեր կարծիքով ճիշտ չի կնքվել, հայցի հիմքերը և հիմնավորումները մենք գտնում ենք, որ օրենքի պահանջը չի պահպանվել և հայցադիմումում նշել ենք իրավական հիմնավորումները: «Թվարկեմ բոլորը, թե…» -, դատավորին հարցրեց Տիգրան Ծատրյանը:
«Ձեր հայցի առարկան հիմնավորեք» ,- պատասխանեց դատավորը: Շնողի գյուղապետարանի իրավախորհրդատուին այդպես էլ չհաջողվեց կատարել դատավորի պահանջը: «Առաջին պահանջի իրավական հիմնավորումը ներկայացրեք», «Ներկայացրեք հիմքերը, փորձեք ավելի հակիրճ ներկայացնել»,- իրավախորհրդատուից մի քանի անգամ պահանջեց դատավորը: Դրա փոխարեն Տիգրան Ծատրյանը նախնական դատական նիստի ողջ ընթացքում պահանջում էր դատարանի միջամտությամբ իրեն տրամադրել կադաստրի և նոտարական գրասենյակի կողմից առուվաճառքի պետական գրանցման փաստաթղթերը: Դատավոր Ա.Աթաբեկյանը հայցվորի ներկայցուցիչին մի քանի անգամ բացատրեց, որ նախնական դատական նիստի այս փուլում դատարանը պետք է հիմնավորի հայցի հիմքն ու առարկան: Առուվաճառքի կադաստրի և նոտարական փաստաթղթերը դատարանի միջամտությամբ կարող է պահանջել դատաքննության ապացույցների փուլում: Այսուհանդերձ Տիգրան Ծատրյանը սևեռվել էր կադաստրի և նոտարական փաստաթղթերի վրա: Նա անգամ գրավոր միջնորդագիր ներկայցրեց դատարանին, որտեղ կրկին 3-րդ անձանցից պահանջել էր վեճի առարկա հանդիսացող Շնողի համայնքի ամբուլատորիայի վերաբերյալ կադաստրային նոտարական գործերն ամբողջությամբ:
Պատասխանողի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը առարկեց միջնորդությանը և պահանջեց դատարանից մերժել այն: Դատարանը քննարկելով միջնորդությունը մերժեց այն: Հայցի առարկան և հիմքի հայցվորի ներկայացուցիչի կողմի պատշաճ ներկայացնելու համար դատավոր Աթաբեկյանը ստիպված հետաձգեց նախնական դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 27-ին:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել