
Կասկածելի փաստաթղթերով Հայաստան ներկրվող կապիկները և անիրազեկ բնապահպանության նախարարությունը
ՀՀ բնապահպանության նախարարության` «Հետքին» տրամադրած ցանկի համաձայն, 2013թ.-ին Միջազգային Կարմիր գրքում գրանցված ընդամենը մեկ կենդանատեսակ է ներկրվել Հայաստան` յագուար (Pantera onca): Ներկրվել է Վրաստանից:
Հիշեցնենք` հազվագյուտ կենդանիների արտահանումը, վաճառքը կամ փոխանակումը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (1973), որին Հայաստանը միացել է 2009թ.: Կոնվենցիայի հավելվածներում ներառված կենդանիների ներկրումն ու արտահանումը կազմակերպվում է CITES թույլտվություններով` ներկրող և արտահանող երկրները համակարգող մարմինների միջոցով:
Մեր ձեռքի տակ են CITES թույլտվություններ, որոնցից առաջինով 2013-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից Հայաստան է ներկրվել կոնվենցիայի երկրորդ հավելվածում ներառված երեք տեսակի 30 կապիկ, մասնավորապես՝ 10 մանգաբեյ (Lophocebus albigena), 10 փոքր կապիկ (Miopithecus) և 10 այլ տեսակի մանգաբեյ (Cercocebus agilis): Եվս 36 կապիկ էլ ներկրվել է երկրորդ թույլտվությամբ:
Համաձայն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի` «յուրաքանչյուր Կողմի գիտական մարմին վերահսկում է ինչպես պետության կողմից II հավելվածում ընդգրկված տեսակների նմուշների համար տրամադրված արտահանման թույլտվությունները, այնպես էլ նման նմուշների փաստացի արտահանումները»:
Փաստորեն, այս կենդանիները բերվել են Հայաստան` շրջանցելով կոնվենցիայի պահանջները: Իսկ Հայաստանի համակարգող մարմինն ի զորու չէ վերահսկել կենդանիների «շրջանառությունն» իր երկրում:
Ներկրողը նույն ընկերությունն է` «Zoo Fauna Art»-ը, որը կազմակերպել էր բոնոբո տեսակի կապիկների ներկրումը ՀՀ: Հիշեցնենք, որ մեր հրապարակումից հետո ընկերության սեփականատիրոջ` Արթուր Խաչատրյանի նկատմամբ մաքսանենգության հոդվածով քրեական գործ հարուցվեց: Հիմա գործը նախաքննության փուլում է:
Այժմ որոշ մանրամասներ նշված թույլտվության «օրինականության» մասին: Կոնգոյից ձեռք բերած փաստաթղթի (տես նկարը) ներքևի ձախ անկյունում բացակայում է թույլտվության տրման ամսաթիվը, ինչը պարտադիր է:
Արդյոք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կոնվենցիան համակարգող մարմի՞նն է այս թույլտվությունները լիազորել, փորձեցինք ճշտել հենց մարմնի ղեկավարից: Լեոնարդ Մուամբա Կանդան ԿԴՀ-ից Հայաստան մանգաբեյներ արտահանելու թույլտվության մասին մեր հարցին սկզբում այսպես պատասխանեց. «Կարծում եմ, որ մինչ այժմ մանգաբեյ տեսակից Հայաստան պաշտոնական արտահանում չի եղել»:
Նրան ուղղված մեր հաջորդ նամակին կցեցինք կապիկների արտահանման թույլտվութան փաստաթուղթը` միաժամանակ հարցնելով, թե արդյոքփաստաթղթի տակ իր ստորագրությունն է: Այս անգամ արդեն Լ.Մ. Կանդան կասկածելի համարեց հավաստագիրը: «Այս թույլտվության ստորագրությունը թվագրված չէ: Խնդրում եմ համբերել, մինչեւ հինգշաբթի վերադառնամ Կինշասա: Կճշտեմ եւ ձեզ կտեղեկացնեմ»,- պատասխանեց Լեոնարդ Մուամբա Կանդան՝ ասելով, որ ինքն այժմ Կոնգոյում չէ: Իսկ վերադառնալուց հետո, երբ արդեն նրան երկրորդ անգամ հիշեցրել էինք, որ հաստատի կամ ժխտի՝ ստորագրությունն իրենն է, թե ոչ, վերջինս չժխտեց թույլտվության իսկությունը: Սակայն թե ինչու է առանց ժամկետի տրամադրել այդ թույլտվությունը, պրն Մուամբան այդպես էլ չպարզաբանեց:
Այս տարի Կոնգոյից Հայաստան է ներկրվել նաև երկրորդ հավելվածում ներառված 3 տեսակի 36 կապիկ: Հավաստագրում թույլտվության տրման ամսաթիվը նշված է 2013թ. դեկտեմբերը, մինչդեռ վավերականության ժամկետը ավելի վաղ է լրացել` հունիսի 30-ին:
Սա ընդամենը ներկրման երկու թույլտվության պատմությունն է: Հայաստանի իրավապահ մարմինները գուցե կարողանան բացահայտել, թե նմանատիպ փաստաթղթերով քանի կենդանի է ներմուծվել Հայաստան եւ հետո արտահանվել: Կենդանիների մուտքն ու ելքը մաքսակետերում է ամրագրվում: Իսկ այժմ քրեական գործը ՊԵԿ-ի քննչական վարույթում է:
Այն, որ Հայաստանը կենդանիների առևտրի տարանցիկ երկիր է, Հայաստանի բնապահպաններին, բնապահպանության նախարարությանը և մյուս պատկան մարմիններին ավելի քիչ է հետաքրքրում, քան արտերկրացիներին: Կենդանիների առևտրի մասին մեր հրապարակումից հետո բազմաթիվ նամակներ և արձագանքներ ենք ստացել Աֆրիկայի տարբեր երկրներից, այդ երկրներում գործող միջազգային և բնապահպանական կազմակերպություններից, այդ թվում նաև` իրավապահ մարմիններից: ՄԱԿ-ի Մեծ կենդանիների պահպանության և բնապահպանական ծրագրերի համակարգողը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով տեղեկություններ տրամադրել «Ջամբո» էկզոտիկ այգում գտնվող բոնոբոների և շիմպանզեների մասին և խնդրել է, որ գլխավոր դատախազությունը հետաքննի այս դեպքը: Նույնաբովանդակ նամակ է ուղարկվել նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը (այդ նամակների պատճեները կազմակերպությունն ուղարկել է նաեւ «Հետքին»): Գլխավոր դատախազությունից «Հետքին» տեղեկացրել են, որ նամակին ընթացք են տվել, եւ դրանով զբաղվում է համապատասխան կառույցը:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, որը կոնվենցիայի համակարգող մարմինն է, շարունակաբար ժխտել էր միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանու` բոնոբոյի (Pan paniscus) առկայությունը Հայաստանում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել