
«Կլուբային» լիկբեզ` Հայաստան կոչվող պրովինցիայում
Ռուսաստանը Հայաստանի կալոնիզացման համար ունի ամենահիմնական գործիքները: Դրանցից առաջինը հայաստանյան իշխանությունների ինքնահանձնման պատրաստակամությունն է` Մոսկվայից տրվող անփոփոխելության երաշխիքի դիմաց: Պետական անվտանգության ապահովման, ստրատեգիական գործընկերության մասին պնդումները տվյալ դեպքում ընդամենը մանիպուլյացիա են` արդարացնելու համար Կրեմլի ձեռքի տակ անձնական, խմբակային անվտանգություն փնտրելու չդադարող ձգտումները:
Երկրորդ գործիքը ողջ տնտեսական համակարգի տնօրինման, ռազմավարական նշանակության ուղղություններում նաև տիրապետման իրավունքի ձեռքբերումն է, Հայաստանը տնտեսական, էներգետիկ դիվերսիֆիկացման հեռանկարից զրկելը և բացառապես ռուսական անհեռանկար վեկտորին ենթարկեցնելը:
Երրորդ գործիքը Հայաստանի ազգաբնակչությանը ռուսական տրանսֆերտների «ասեղին» նստեցնելն է, որը ոչ միայն զուտ ֆինանսական, այլ նաև հոգեբանական էքսպանսիայի ակնհայտ դրսևորում է: Եվ, վերջապես, չորրորդ գործիքը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունն է:
Չնայած այս ահռելի ռեսուրսին` Հայաստանում բացվեցին պրոռուսական ակումբներ: Առաջին նման փորձն արվեց 2012թ., երբ ոմն ռուսաստանաբնակ գործարար Անդրանիկ Նիկողոսյան որոշեց Հայաստանում այսպես կոչված «Պուտինի ակումբներ» բացել, որտեղ պետք է զրույցներ անցկացվեին, ֆիլմեր դիտեին ու գրքեր կարդային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության, գաղափարների վերաբերյալ: Ձեռնարկը տապալվեց հենց մեկնարկում, իսկ Նիկողոսյանը, նաև իշխանական քարոզչամեքենայի ներգրավմամբ, դարձավ ծաղրուծանակի առարկա: Պատճառն այն էր, որ այդ ընթացքում Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրով խելակորույս արագությամբ սլանում էր դեպի Եվրոպա, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրում էր, որ Հայաստանը ավարտին է հասցնելու ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը, համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերի ստորագրումը: Բայց երբ նախորդ տարի սեպտեմբերի 3-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ ռուս-ղազախ-բելառուսական Մաքսային միությանը, ամեն ինչ փոխվեց: Չնայած «Պուտինի ակումբ» անվանումով «կլուբներ» չբացվեցին, բայց փոխարենը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույն Անդրանիկ Նիկողոսյանին պարգեւատրեց Ազգային ժողովի «Պատվո մեդալով»` Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ցուցաբերած ակտիվ մասնակցության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների սերտացման գործում ներդրած ավանդի համար:
«Կլուբների» գաղափարը, սակայն, փոքր ինչ տրանսֆորմացիաների ենթարկվելով, համապատասխանեցվելով ժամանակակից PR-ի պահանջներին, այնուամենայնիվ, կենսագործվեց: Հենց 2012թ. Հայաստանում, սկզբնական շրջանում կիսագաղտնի, ռուս հայտնի հեռուստամեկնաբան, Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողի դեր ստանձնած Դմիտրի Կիսելյովի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Գրիբոյեդով» ակումբը: Ավելի ուշ ԱԺ-ում ստեղծվեց նաև Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը` չնայած այն հանգամանքին, որ ԱԺ-ում արդեն իսկ գործում էր հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը:
Հարց է առաջանում, թե Հայաստանում ռուսական ազդեցության այսքան հզոր լծակների առկայության, Մաքսային միություն մտնելու քաղաքական որոշումը կայացված և պրոցեսը լայն թափով սկսված լինելու պարագայում ինչո՞ւ են համառորեն նման ակումբներ ստեղծվում:
Հայաստանի գաղութացման ռուսական քաղաքականությունն իրականացվում է գրեթե 18-19-րդ դարերի մեթոդաբանությամբ: Ժամանակակից աշխարհում դրանք արդեն ժանգոտած մեթոդներ են: Դրանցով Ռուսաստանը ոչ թե կստանա, այլ կկորցնի Հայաստանը` հարուցելով հասարակության մտածող և գործունակ շերտերի խորը ատելությունը: Ռուսաստանը տիրապետում է հայաստանյան քաղաքական, տնտեսական, մշակութային էլիտայի «հոգիներին», բայց նոր, սովետներ չտեսած սերունդը, երիտասարդության առավել ակտիվ ու ներգրավված հատվածն այլևս զերծ է «օրհնվի ռսի ոտ»-ի կաղապարներից, այդքանով իսկ` վտանգավոր կայսրություն կերտող պետության համար:
Հակառուսականության դեմն առնելու համար դեռ բավարար չէ գրպանային իշխանություն ունենալը: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ հասարակություն, որը ներշնչված է ռուսականությամբ, որն ինքնուրույնաբար է ռուսական իմպերիալիզմն ընդունում որպես ազգային ու պետական փրկության միակ ճանապարհ` անգամ սեփական պետականությունը զոհաբերելու գնով: Ժամանակակից աշխարհում դրան հասնում են ոչ թե խաբելով, համոզելով, վախեցնելով ու շանտաժի ենթարկելով, որը պետական քաղաքականության հիմնական լեզուն է, այլ երկխոսությամբ, գլուխը շոյելով, հաճոյախոսություններով, դիմացինին սեփական աչքում արժևորելով, նրա աներևույթ դերն ու նշանակությունն ընդգծելով: Դա լավ են հասկանում հանրային կարծիքի մանիպուլացման ժամանակակից տեխնոլոգները, որոնցից Ռուսաստանում քիչ չեն: Բացարձակապես պատահական չէ, որ «կլուբը» ոչ թե Պուտինի հետ է ասոցացվում, այլ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն իրենով մարմնավորող ու կերպարանավորող ռուս գրող Գրիբոյեդովի: Պատահական չէ, որ ակումբը ստեղծել է հենց Կիսելյովը, ով ակումբի առաքելությունը ոչ թե ինչ-որ մի խումբ մարդկանց ինչ-որ բան համոզելու, ուղղորդելու մեջ է տեսնում, այլ հայերին, իրենց աշխարհընկալմամբ, ձգտումներով, իբր, բացահայտելու: Եվ վերջապես բացարձակապես պատահական չէ, որ այդ ակումբը հասարակական, այլ ոչ թե քաղաքական դաշտում գործելու համար է ստեղծվել:
Նման մոտեցման պարագայում այդ ակումբում ներգրավված որևէ հայ մտավորականի չես կարող համոզել, որ իրեն, անկախ իր կամքից, դիտարկել են որպես ազդեցության գործակալների, որ այդ ակումբը կոչված է վերակառուցելու իրենց աշխարհըմբռնումը, մտածողությունը դեպի ռուսական կայսերապաշտական նկրտումները, որը տեղի է ունենում ենթագիտակցական, այլ ոչ թե գիտակցական մակարդակով: Նրանց չես կարող համոզել, որ ակումբում ստեղծված երկխոսության, ֆորումային ձևաչափն իրականում մենախոսության ձևաչափ է, իսկ մենախոսողները Ռուսաստանի ամենամոլի պուտինապաշտներն ու կայսերապաշտներն են: Նրանց չես կարող համոզել, որ իրենց դիտարկում են որպես օբյեկտների, որոնց կարող են դասեր տալ իրենց իսկ ազգային շահի մասին և այս տեսակետից պարզապես «լիկբեզ» անելու դիտավորություն ունենալ: Եթե այդպես չլիներ, ապա «Գրիբոյեդով» ակումբները պետք է որ գործեին նաև առնվազն Մոսկվայում, և այդ նույն մտավորականները պետք է հնարավորություն ունենային ռուս մշակութային ու փորձագիտական էլիտային «լիկբեզ» անել կայսրություն ստեղծելու անտրամաբանականության հարցում: Նման բան, սակայն, չկա, որովհետև հայկական էլիտան նրանց ընկալումներում պրովինցիալ է, իսկ պրովինցիան չի կարող նման ամբիցիաներ ունենալ, պրովինցիան միշտ սովորելու, ոչ թե սովորեցնելու կարիք ու կարողություն ունի:
Նման ակումբները փակ կամ գաղտնի չեն լինում, որովհետև դրանց ողջ ինտրիգը հենց այն է, որ հասարակությունն իմանա դրանում իր էլիտայի ներգրավվածության մասին, պարզորոշ տեսնի, որ այնտեղ բացահայտ ագիտացիա չի տարվում և օրինաչափորեն ընդունի ինտելեկտուալ, մտավոր, մշակութային ու արժեքային ընդհանուր, միասնական հարթակներ ստեղծելու ռուսական գիծը: Պրիմիտիվիզմ է այդ ակումբում մտավորականների մասնակցելու մեջ ինչ-որ դավադրություն տեսնելը: Այդ մարդիկ ընդամենը միջոց են` Հայաստանի հասարակությանը նոր իրողություններին ու հեռանկարներին ադապտացնելու, նրանց հետ այս ուղղությամբ աշխատելու համար:
Ծաղրանկարը՝ larussophobe.wordpress.com-ի
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել