
45 մլն դրամի վնասը չհատուցելը, ըստ դատարանի, իրավական հետեւանք չէ
Լոռու մարզի Գարգառ գյուղում գտնվող, «Հասառ» ՍՊԸ-ին պատկանող ջերմատնային տնտեսությանը չի հաջողվում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից ստանալ մոտ 45 մլն դրամի վնասը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հունվարի 21-ին կայացրած վճռով մերժել է ՀՀ ոստիկանության Քանքեռ-Զեյթունի բաժնի հետաքննիչ Ա. Գրիգորյանի՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու եւ Երեւան քաղաքի դատախազ Ա. Դավթյանի որոշման դեմ ներկայացրած ընկերության տնօրենի բողոքները:
Ընկերությունը ընդհանուր իրավասության դատարանում փաստարկել էր, որ վնասը պատճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու մարզի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ)՝ 2008թ.-ի հոկտեմբեր ամսից մինչեւ նոյեմբերի 11-ը չէր վերականգնել «Հասառ» ՍՊԸ-ին պատկանող ջերմոցի գազամատակարարումը: Ջեռուցման բացակայության պատճառով ցրտահարվել էր ջերմատնային տնտեսության 2200 քմ պոմիդորն ու վարունգը, մասնագետների գնահատմամբ՝ ընկերությանը պատճառելով մոտ 45 մլն դրամի վնաս:
«Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանը ոստիկանություն էր դիմել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու մարզի ԳԳՄ-ի աշխատակից Արթուր Պարոնյանի կողմից իր հետ կնքված գազամատակարարման պայմանագրի հավելվածում կեղծումներ կատարելու փաստի առիթով եւ խնդրել էր քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել այն կատարած անձին:
Այս թեմայով մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, որ «Հասառ» ՍՊԸ-ն փորձաքննության էր ներկայացրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ բաժանորդ ընկերության պայմանագրի «Գազի մատակարարման չափաքանակների մասին» համաձայնագրի (հավելված 2) պատճենի՝ բնօրինակի հետ համապատասխանության ստուգումը: Փորձագետը ներկայացրել էր փաստաթուղթը պատրաստելու եղանակը. «…բնօրինակի որեւէ պատճենի վրա կատարվել են փոփոխություններ (լրացվել է աղյուսակի առաջին սյունակը, ձախ կողմի միջնամասում կատարվել են ձեռագիր գրառումներ, ավելացվել են կլոր կնիքի թվով երկու դրոշմ): Այնուհետեւ ստացված փաստաթուղթը պատճենահանվել է մեկ կամ բազմակի անգամ...»:
Այսինքն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 06.03.2013թ. պարտվելուց հետո «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կեղծված փաստաթուղթը ներկայացրել էր վերաքննիչ դատարան, որն էլ այդ հիմքով բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի՝ հօգուտ «Հասառ» ՍՊԸ-ի կայացված վճիռը: Դատարանը բավարարել էր ընկերությանը պատճառված 45 մլն դրամի վնասը փոխհատուցելու պահանջը:
Հետաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննիչ Ա. Գրիգորյանը չէր կարող անտեսել փորձագիտական եզրակացությունը եւ քննությամբ հաստատել էր, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու մարզի ԳԳՄ-ի աշխատակից Արթուր Պարոնյանն առանց բաժանորդի` «Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանի ներկայության լրացում է կատարել պայմանագրի հավելվածում: Ա. Պարոնյանը քննիչին տված բացատրություններում ընդունել էր, որ պայմանագրի հավելվածում լրացումը կատարել է Սամվել Հարությունյանի բացակայությամբ, ասելով, թե մատակարարվող գազի չափաքանակների եւ ժամկետների մասին Ս. Հարությունյանն իրեն հայտնել է հեռախոսակապի միջոցով: Սակայն եզրահանգել էր, որ Ա· Պարոնյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, քանի որ վերջինիս նպատակը եղել է ոչ թե փաստաթուղթ կեղծելը, այլ պայմանագրում լրացում կատարելը:
Կեղծված փաստաթուղթը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մեկ այլ աշխատակից՝ Ա. Բագոյանը ներկայացրել էր վերաքննիչ դատարան, որն էլ հիմք ընդունելով դատարանը բավարարել էր նրանց հայցը: Հետաքննիչը, սակայն կեղծ փաստաթղթի օգտագործումը նույնպես հանցավոր արարք չի դիտարկել եւ մերժել է քրեական գործի հարուցումը: Հետաքննիչի մերժման որոշումը Ս· Հարությունյանը բողոքարկել է Երեւան քաղաքի դատախազին, որը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հետաքննիչի եւ Երեւան քաղաքի դատախազի որոշումները «Հասառ» ՍՊԸ-ի տնօրենը բողոքարկել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն կայացված վճռից ակնհայտ է դառնում, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը իր «հիմնավորումներով» չի զիջել իրավապահներին: Նա գտել է, որ եթե նույնիսկ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակիցը միանձնյա է փոփոխություն կատարել 01·09·2006թ·-ի կնքված գազի մատակարարման թիվ 2 հավելվածում, «միեւնույնն է, նշված փոփոխությունը որեւէ իրավական հետեւանք, այդ թվում նաեւ «Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Ս· Հարությունյանի որեւէ իրավունքի սահմանափակում չի առաջացրել ···» եւ մերժել է ընկերության տնօրեն Ս· Հարությունյանի բողոքները:
Ըստ դատավորի՝ հոկտեմբեր ամսին «Հասառ» ՍՊԸ-ի գազամատակարարումը դադարեցնելը, որի հետեւանքով ջերմոցում ցրտահարվել են պոմիդորի եւ վարունգի մշակակաբույսերը եւ ընկերությանը մոտ 45 մլն դրամի վնաս պատճառելը, իրավական հետեւանք չէ: Դատարանը նույնպես շրջանցել է փորձագիտական եզրակացության այն հատվածը, որ գրառումներից բացի ավելացվել են երկու կլոր կնիքները եւ փաստաթուղթը պատճենահանվել է մեկ եւ ավելի անգամ: Հետեւաբար, եթե Ա. Պարոնյանի նպատակն ընդամենը ձեռագիր գրառումներ կատարելն էր փաստաթղթում, ինչո՞ւ են ավելացվել կնիքները, այնուհետեւ պատճենվել եւ ներկայացվել դատարան:
Մեկնաբանել