
Ցուցարարների գործողությունները՝ ոստիկանի աչքերով (զեկուցագրով)
Ինչպես օրեր առաջ արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանությունը որոշեց դատի տալ դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված 100-ից ավելի ցուցարարների` 50 հազարական դրամ տուգանելու պահանջով: Երեկ նաև հայտնել էինք, որ ոստիկանությունը ջնջել է դեկտեմբերի 2-ին արված բոլոր այն տեսագրությունները, որոնք նկարահանվել էին ոստիկանների կողմից:
Այսպիսով, ոստիկանության մեղադրանքի հիմքում դրված են բերման ենթարկող ոստիկանների զեկուցագրերը: Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք այդպիսի մի զեկուցագիր:
ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի («կարմիր բերետավոր») կրտսեր սերժանտ Մ. Մելքումյանը զեկուցում է Կենտրոնի ոստիկանապետ Ա. Պողոսյանին`
«Զեկուցում եմ` Ձեզ այն մասին, որ ս/թ դեկտեմբերի 2-ին ծառայություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում: Ժամը 14:30-ի սահմաններում նկատեցինք մի խումբ քաղաքացիների, որոնք դուրս էին եկել փողոցի երթևեկելի մաս, գոռում էր և փակել էին տրանսպորտի տեղաշարժը: Մենք մոտեցանք նրանց և ասացինք, որ դուրս գան երթևեկելի գոտուց և չաղմկեն, նրանք չենթարկվելով մեր օրինական պահանջներին շարունակեցին աղմկել ու դուրս չգալ փողոցից: Որի համար երեք քաղաքացիների բերեցինք ոստիկանության բաժին:
(Այնուհետև երեք քաղաքացիների անուն-ազգանուններ են թվարկված - հեղինակ)"
Զեկուցելով վերոգրյալը խնդրում եմ Ձեր կարգադրությանը»:
Զեկուցագրում նշված չէ, որ քաղաքացիները մասնակցում էին երթի: Ակնհայտ է ու բնական, որ որպես մեծ ու օրինական երթի մասնակից` նրանք քայլում էին փողոցի երթևեկելի մասով ու աղմկում էին:
Այսինքն` զեկուցագրից ստացվում է, որ ոստիկանները իրենց համար ծառայություն էին իրականացնում ու հանկարծ տեսան ինչ-որ անձանց, ովքեր դուրս են եկել բանուկ փողոց ու աղմկում են:
Թեև տրագիկոմեդիայի այս ֆոնին դա արդեն արդիական չէ, բայց նշենք, որ տեսանյութից հստակ երևում է, որ «կարմիր բերետավորները» այդ օրը Ամիրյան փողոցում քաղաքացիներին չեն դիմում և որևէ պահանջ չեն ներկայացնում… Ընդամենը բռնում-տանում են:
Նշենք, որ այս զեկուցագիրն այժմ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ուսումնասիրության առարկա է դարձել:
Ներկայացված զեկուցագիրը քիչ է տարբերվում նույն օրը այլ քաղաքացիներին բերման ենթարկելու կապացությամբ այլ ոստիկանների կողմից գրված զեկուցագրերից:
Օրինակ՝ նույն գումարտակի ծառայող, թվով չորս քաղաքացիների Նալբանդյան փողոցից բերման ենթարկած Կարեն Ավագյանն իր զեկուցագրում գրել է բառացիորեն նույնը, միայն թե ավելի գեղեցիկ ձեռագրով և գրագետ:
Մեկնաբանել