
Սերոբ Տեր-Պողոսյանը սեքսուալ հարաբերությունների ընթացքում գործադրել է նաև բռնություններ
Հուլիսի 26-ին` ժամը 12:00-ից մինչև 19:30, առանց ընդմիջման Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Դատարան ներկայացել էր 5 տուժող, որոնցից ցուցմունք տվեց երեքը:
Տուժողները, որոնց դատարանում կարգադրիչները պահում էին հատուկ հսկողության տակ, ժամանել էին ծնողների ուղեկցությամբ: Դատարանում անվտանգությունն ապահովող կարգադրիչների պետը դատաքննությանը հետեւող լրագրողներին հատուկ զգուշացրեց տուժողներին չլուսանկարել:
Սպասասրահում առանձնապես լարվածություն էին ստեղծում տուժողների մայրերը: Դատական նիստի ավարտից հետո մեղադրող Արամ Ամիրզադյանը լրագրողներին հայտնեց, թե դատաքննության ընթացքում պարզվել է, որ այսօր դատարանում ցուցմունք տված տուժողներից մեկի ծնողը նույնիսկ տեղյակ չի եղել, որ Սերոբ Տեր-Պողոսյանն իր որդու նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:
«Հարցն այն է, որ դատաքննության ընթացքում, երբ ծնողը ցանկացավ տեսագրությունը նայել, նա չէր պատկերացնում, թե ինչ տեսագրություններ պետք է լինեին: Երբ մենք նրան առաջարկեցինք դահլիճում մնալ և որպես տուժողի ներկայացուցիչ՝ դիտել տեսանյութը, տուժողն ինքը հայտարարեց, որ մայրը չմնա դահլիճում, քանի որ մայրը ոչ մի բանից տեղյակ չէ: Դրանից հետո մայրը դատարանում հայտարարեց՝ եթե տղան չի ցանկանում, ինքը չի մասնակցի»,- ասաց մեղադրողը:
Վերջինիս կարծիքով՝ դրանից էլ պարզ է դարձել, որ մայրը կատարվածի մասին չգիտեր: Արամ Ամիրզադյանը ծնողների տեղեկացվածության վերաբերյալ նաև ասաց, որ նախաքննության ընթացքում նրանք հայտնել են, թե տեղյակ չեն եղել իրենց տղաների հետ կատարվածից: Բայց, ըստ մեղադրողի, այս հարցի հետ կապված կան վերապահումներ. «Գիտեք ինչ, գումարներ են տուն գալիս, պատկերացրեք՝ բարեգործություն կատարող անձի դիմակի տակ կատարվում է որոշակի գործողություն, որից կարող է ծնողը տեղյակ չլինել: Նա տալիս է գումար, էդ գումարը բարեգործության նպատակով է տրվում, այսինքն՝ ծնողը օբյեկտիվորեն կարող է չիմանալ այդ գումարի մասին»:
Ծնողների ագրեսիվությունը մեղադրողը մեկնաբանեց ենթադրությամբ. «Մարդիկ որոշ չափով նյութական ապահովվածությունից զրկվում են այս պահին, այս բարիերը կա նրանց մոտ»:
Ըստ մեղադրողի՝ բոլոր 10 տուժողներն էլ ժամանակին, երբ նրանց նկատմամբ կատարվել են սեքսուալ բնույթի գործողություններ, եղել են անչափահաս, բայց հիմա նրանց մի մասն արդեն չափահաս է: Այսօր դատարանում հարցաքննված 3 տուժողից չափահաս է միայն մեկը: Անչափահասները ցուցմունք են տվել մանկավարժի ներկայությամբ:
Դատարանը որոշել է հաջորդ նիստն անցկացնել ավելի քան մեկ ամիս անց: «Առաջարկ եղավ, որ դատական հաջորդ նիստը նշանակվի մոտակա օրերին, դատավորը հայտարարեց այդ մասին: Պաշտպանները հայտնեցին, որ չեն կարող մասնակցել` արձակուրդ մեկնելու կապակցությամբ: Սա է խնդիրը»,- պարզաբանեց մեղադրող Ամիրզադյանը:
Ինչո՞ւ է Սերոբ Տեր-Պողոսյանն անձամբ նկարահանել իր կողմից կատարվող այն գործողությունները, որոնք նրան, ի վերջո, հասցրին դատարան: Այս կապակցությամբ մեղադրող-դատախազն ասաց, թե տուժողներին նույն հարցը տվել է, իսկ ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանին՝ առայժմ ոչ, բայց կուղղի դատական հետագա նիստերի ընթացքում:
Տուժողներից մեկը նկարահանման մասին հստակ իմացել է: Նա պատմել է. «Սերոբը նկարահանում էր, ես էլ հարցնում էի՝ ինչի՞ համար ես նկարահանում, նա պատասխանել է, որ իր համար է նկարում»:
Սերոբ Տեր-Պողոսյանը ոչ միայն անչափահասների, այլև մանկահասակ տղաների հետ սեքսուալ հարաբերությունների ընթացքում գործադրել է անգամ բռնություններ:
«Նկարներում և որոշ տեսանյութերում դրանք պատկերված են. ձեռքից քաշում է, մոտեցնում է իրեն: Մանրամասնությունները ես չեմ ուզում ձեզ նկարագրել, որովհետև դա կապված է անձանց հետ»,- ասաց մեղադրող-դատախազը:
Ամբաստանյալն իրեն մեղսագրվող արարքները կատարել է սեփական տներում, մասնավորապես Ախթալայի «Թազա շենք» կոչվող և Սարահարթ թաղամասերում գտնվող իր բնակարաններում:
Սերոբ-Տեր-Պողոսյանի նկարահանումներն արդյոք պոռնո բիզնեսով զբաղվելու նպատակ չե՞ն հետապնդել: «Հետքի» հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Ոչ, ես չեմ կարող միանշանակ դրա մասին ասել: Բայց այդ վարկածը նախաքննության ընթացքում եղել է, և այդ վարկածի ուղղությամբ մենք որոշակի աշխատանքներ կատարել ենք: Բայց դա միանշանակ Ձեր ասածը չի նշանակում: Նկարահանումը նա կատարել է իր հաճույքը ստանալու կամ հետագայում շանտաժի և տղաներին իրենից կախվածության մեջ պահելու համար»:
Ամբաստանյալ Տեր-Պողոսյանը դատարանում տուժողների ցուցմունքներին հանգիստ է վերաբերվել: Նա չի էլ ժխտում տուժողների հետ սեքսով զբաղվելու հանգամանքը:
«Սերոբի ամբողջ պայքարը գնում է մանկահասակի հետ լինելու դեմ: Մնացածը, ինչը պետք է ժխտի, Սերոբն ինքն է ցույց տալիս տեսանյութը և բացատրում իր գործողությունները, հետո ինքն է առաջարկում դադարեցնել»,- ասաց մեղադրողը:
Արամ Ամիրզադյանի խոսքերով՝ դատաքննության ընթացքում ևս մեկ անգամ համոզվել է, որ տուժողները կատարվածի համար զղջում են և համարում, որ դա իրենց կյանքում եղել է սխալ քայլ: Մեղադրողն ասաց, թե այսօրվա դատաքննությունից գոհ է. «Մենք երկար ենք աշխատել, և բոլոր ապացույցները, ցուցմունքները, տեսանյութերը մանրակրկիտ ուսումնասիրվել են»:
Մեղադրողի վկայությամբ՝ դատարանը տուժողներին հարցաքննում է տեսանյութը եւ դրանում պատկերված գործողությունները դիտելուց հետո:
Սերոբ Տեր-Պողոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը դատաքննության երկարատև հետաձգումը բացատրեց մեկ շաբաթ պաշտպանների, ապա դատավորի արձակուրդ մեկնելու հանգամանքով:
Փաստաբան Սաֆարյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանում իր պաշտպանյալի հանցանքի ապացուցման հետ կապված ունի որոշ վերապահումներ, սակայն հենց Ս. Տեր-Պողոսյանի շահերից ելնելով` հրաժարվեց խոսել այդ վերապահումների մասին:
Ապացույցների հետազոտման փուլը կշարունակվի օգոստոսի 30-ին:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել