
«Նուրիի» գույները (լուսանկարներ)
Արտադրական նյութերով ու գործիքներով լի սենյակի վերջը կարծես ժամացույցների ցուցահանդես լինի: Ոճային տարբեր լուծումներով ու գույներով ժամացույցների դիզայներները Անուշն ու Մարիամն են: Նրանք պատմում են, թե ինչպես մի օր որոշեցին իրենց սեփական արտադրանքն ունենալ, բայց պատրաստել ոչ թե «աղջկական զարդեր», այլ «ավելի լուրջ բան»: Այդ «լուրջ բանը» դարձան «Նուրի դիզայնի» պատի ժամացույցները: «Նուրի» անունն էլ աղջիկները ստացել են՝ միացնելով իրենց անունների «նու» և «րի» մասնիկները:
Մոտ մեկ տարվա պատմություն ունեցող «Նուրի դիզայնը» արտադրում է պատի ժամացույցներ և մոմակալներ: Նրանք աժմ սկսել են նաեւ զարդատուփերի և լուսամփոփներ պատրաստել, իսկ հետագայում նախատեսում են դառնալ տան կահավորումն (home decor) ապահովող ընկերություն:
Երբ աղջիկները տանը դեռ որպես հոբբի էին զբաղվում այս գործով, ընկերներից Վարուժանն առաջարկում է տարածք վարաձակակել և զբաղվել բիզնեսով:
Անուշն ու Մարիամը սկզբում և դիզայնն էին անում և պատրաստում, այնուհետև նրանց միացավ մեկ այլ ընկեր՝ Խաչիկը: Այժմ էլ Խաչիկն իր արհեստը սովորեցնում է Արմենին:
«Բոլորը կարող են այսպիսի ժամացույցներ սարքել, վերնիսաժում շատերն են պատրաստում, մեզնից լավ արհեստավորներ էլ կան, բայց մեր առավելությունը դիզայնն է, գաղափարը», - բացատրում է Վարուժանը:
Նրանք սկզբում ժամացույցները սկսեցին վաճառել ֆեյսբուքյան էջի միջոցով, այնուհետև դրանք հանձնեցին մի քանի խանութների: Բայց խանութներում քիչ էին վաճառվում, քանի որ, ինչպես բացատրեցին երիտասարդները, իրենց արտադրանքի և խանութի միջև ոճային տարբերություն կար: Որոշ ժամանակ իրենց ապրանքները վաճառում էին նաև վերնիսաժում, սակայն այնտեղից հեռացան, որովհետև շատերը սկսում էին կրկնօրինակել իրենց արտադրանքը:
Հենց այդ ժամանակ էր, երբ ստեղծվեց ժամացույցներն արտահանելու հնարավորություն: Հաճախորդներից մեկը ժամացույց էր նվիրել իր բելգիացի գործարար ընկերոջը: Նա շատ էր հավանել ժամացույցը եւ առաջարկել է դրանք վաճառել նաև Բելգիայում: «Նուրի դիզայնի» հայկական արտադրության պատի ժամացույցները արտահանվում են Բելգիա, այնուհետև` նաև Լյուքսեմբուրգ:
Վարուժանը ուզում է, որ իրենց արտադրանքը հասանելի լինի հատկապես միջին խավի համար: Ժամացույցները գները տատանվում են 4 հազար դրամից մինչև 30 հազար, իսկ, օրինակ, մոմակալներինը՝ 3000-8000:
«Միջին խավի համար արտադրենք, միջին խավն էլ ձևավորվի», - ասում է նա:
Հարցին, թե արդյոք մրցակիցներ ունեն, Անուշն ու Մարիամն ասում են, որ գուցե կան մրցակիցներ, բայց այդ մրցակցությունը չեն զգում: Իսկ հետո Վարուժանը ծիծաղելով ավելացնում է, թե իրենք մրացակիցներ չունեն:
Երիտասարդները նախատեսում են հետագայում զբաղվել կահույքի արտադրությամբ:
լուս.` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել