
Կովսականի խմելու ջրի խնդրով զբաղվում են
Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում խմելաջրի կարգավորման հարցով զբաղվում են: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը: Հիշեցնենք, որ Կովսականում արդեն երեք ամիս է՝ ջուր չկա և բնակիչները դպրոցի մոտ հոսող միակ աղբյուրից էին ջուր տանում:
Քաղաքապետն ասաց, որ ուշ աշնանից խմելու ջուրը կտրվում է Կովսականում, որովհետև աղբյուրների ակունքները ցամաքում են: Վաղ գարնանը նորից սկսում են հոսել: Քաղաքապետը նշեց, որ ուրիշ ակունքներից նույնպես հոսող ջուր ունեն, բայց ակունքները երաշտի պատճառով ցամաքել են: Հիմա աշխատում են այլ ակունքներից էլ ջրագիծ բերել, որպեսզի միացնեն եղածներին և ավելացնեն ջրի աղբյուրների թիվը գյուղում:
Մեր դիտարկմանը, թե բնակիչներից տեղեկություններ ունենք, որ այս տարի հարևանությամբ գործող կրի հանքավայրի պայթյուններից է խողովակներից մեկը վնասվել, Ռ. Մարգարյանը պատասխանեց, որ սկզբում իրենք էլ են այդպես կարծել, սակայն հետո պարզել են, որ խողովակը մաշվածություն է ունեցել:
«Վթար էր եղել մի լինիայի հետ, որ գետից ջուր էր գալիս, խառնվում, պղտորվում էր: Մի լինիան շուտ փակել էինք, որպեսզի քաղաք չմտներ: Պատճառը գտել էինք. խողովակը փտած մաս ուներ, որտեղից որ կանալի ջուր էր ներթափանցում: Հիմա դա վերանորոգել ենք, ուղղակի ակունքից կտրվել է: Շուտով` փետրվարի վերջերին կսկսի էդ ակունքը գործել, ջուրը կգա»,- ասաց քաղաքապետը:
Այն, որ այս տարի Կովսականում ջրի բացակայությունն ավելի երկար է տևել, Ռ. Մարգարյանը կապեց երաշտի հետ և հույս հայտնեց, որ մինչ փետրվարի վերջ ջրի հարցը կկարգավորվի: Ըստ գյուղապետի` արդեն իսկ 5-6 աղբյուր գյուղում գործում է:
Լուսանկարը` Էրիկ Գրիգորյանի
Մեկնաբանել