
Ինչո՞ւ է բանակի ղեկավարությունը խնայում հրամանատարներին
«Հետքի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Շուրջ 15 տարի է՝ լուսաբանում եք զինվորական քրեական գործեր: Առաջիններից էիք, ով բարձրաձայնեց մահապատժի դատապարտված շարքային զինվորների մասին: Զինվոր Արթուր Մկրտչյանի քրեական գործով եղավ Ձեր լրագրողական հետաքննությունը: Ինչպե՞ս ծանոթացաք գործին, ի՞նչ պարզեցիք:
Մարդու խնդիրը ինձ համար առաջնային է: Իմ հրապարակումների հերոսները տուժած մարդիկ են: Գտնում եմ, որ իրավապաշտպանությունը մարդկային տեսակի հարց է: Ինձ համար բացահայտեցի, որ սիրտս տանում է դեպի անարդարությունների զոհերը: Առաջին զինվորական գործը՝ մահվան դեպք, ուսումնասիրել եմ 1997-ին: Զգացի, որ շատ ծանր աշխատանք է, բայց չէի կարողանում հրաժարվել: Երեկոները մտածում էի, որ այլևս չեմ գրի, բայց առավոտյան նորից շարունակում էի աշխատել: Այդ տարիներին բանակային հանցագործությունների մասին գրելը փակ թեմա էր:
1990-ականների վերջին «Պրոմեդիա» ամերիկյան կազմակերպությունը լրագրողական հետաքննությունների մրցույթ հայտարարեց: Հելսինկյան կոմիտեի անդամ էի, ու Արթուր Մկրտչյանի ընտանիքը դիմել էր կոմիտե՝ ներկայացնելով, որ աղաղակող անարդարություն է կատարվել իրենց որդու գործով: Այնքան միամիտ էի, որ կարծում էի, թե իմ լրագրողական հետաքննությամբ կարող եմ Արթուր Մկրտչյանի գործի վերաբացմանը նպաստել: 1998 թ-ին «Նուբարաշենի» բանտում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և փաստաբան Լուսինե Սահակյանի հետ հանդիպեցինք Արթուրին: Ծանր տպավորություն էր. մինչ օրս չեմ մոռացել: «Մահվան» հարկում էինք, և կարծես մահվան հոտ էր փչում, սարսափելի անմխիթար պայմաններում էին այդ մարդիկ: Շատ տեղեկություններ հավաքեցի 1996 թ-ին Կոթիի զորամասի 18 պահակակետում կատարվածի մասին, հանդիպեցի նաև այս գործով պատասխանատու պաշտոնատար անձանց, ինչպես նաև հենակետում զոհ դարձած 5 զինծառայողների հարազատների հետ, ովքեր համոզված էին, որ Արթուրը չի կատարել հանցագործությունը, իսկ դատական գործընթացն ամբողջությամբ կեղծ է եղել: Իմ հետաքննության ընթացքում այս մարդիկ անգամ բողոքով դիմեցին գլխավոր դատախազին: Ինձ համար կատարված հանցագործության նախնական պատկերը պարզ դարձավ. Արթուրը անմեղ դատապարտյալ է:
Այսպիսով, ես ներկայացրեցի գործը մրցույթին, հաղթողների թվում նաև ես էի: Սկսեցի ուսումնասիրել քրեական գործը: Այդ ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեինք նաև մասնագիտական, իրավաբանական խորհրդատվության, և որպես փորձագետ ընտրել էի այն ժամանակ ճանաչված փաստաբան Մարինա Ջանոյանին, ում եզրակացությամբ, ի դեպ, Արթուր Մկրտչյանի նկատմամբ պետք է արդարացման դատավճիռ կայացվեր: Երևի թե, առաջին լրագրողն էի, ում քրեական գործի հատորները տրամադրվեցին: Դեռ ողջ էր Արթուրի գործով փաստաբան Համլետ Մաթոսյանը, ով կարևոր տեղեկություններ հայտնեց: Մեր առջև բացվեց անօրինականությունների, կեղծիքների մի ողջ շղթա: Ես համոզված էի, որ իմ հետաքննությունը կնպաստի, որ Արթուրի գործը վերանայվի, և նա ազատություն վերադառնա: Հասկացա, որ պետական մարմինների կողմից չկա պատրաստակամություն գործը վերանայելու:
14 նախկին զինվորներ կան, այդ թվում՝ Արթուր Մկրտչյանը, ովքեր մեղադրվել են ծանրագույն հանցանքների մեջ ու դատապարտվել պատժի առավելագույն չափի և մինչ օրս բանտում են: Ի՞նչ լուծումներ եք տեսնում:
Հանրապետության նախագահը կարող է ներում շնորհել այդ երիտասարդներին, ովքեր 18 տարեկանում գնացել են բանակ հայրենիքին ծառայելու և ոչ թե հանցագործության մասնակից դառնալու ու այդպես էլ չեն վերադարձել իրենց օջախները: Նրանք երկար տարիներ է՝ բանտում են: Առհասարակ, ցմահ դատապարտյալների գործերով, հիմնականում շինծու մեղադրանքներով են դատապարտվել կամ վատ քննված գործեր են: Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարության ժամանակահատվածում շատ ավելի էին 18-21 տարեկան շարքային զինվորները դատապարտվում մահապատժի: Եթե օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարվի այդ գործերով, կհամոզվեն դրանում:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության 2010 թ-ի ուսումնասիրության համաձայն՝ ամբաստանվողների 78 տոկոսը շարքայիններն են եղել, 2.6 տոկոսը ենթասպայական կազմից, մոտ 15 տոկոսը կրտսեր սպայական և միայն 4 տոկոսը՝ ավագ սպայական կազմից: Ինչո՞վ եք բացատրում սա, երբ հիմնականում պատժվում են շարքայինները: Պետական պատասխանատվության աստիճանը բանակում ինչպե՞ս եք գնահատում:
Բանակում կատարված հանցագործությունների առաջին պատասխանատուն պետությունն է: Սպանություն, ինքնասպանություն կամ բռնի որևէ դեպքի համար պետությունն է պատասխանատվություն կրում, քանի որ բանակը փակ կառույց է և գտնվում է պետական հսկողության ներքո: Օրինակ՝ Արթուրի գործով դիրքում տեղի է ունեցել հանցագործություն, որը կոծկվել է հենց իշխանական վերին օղակների կողմից: Բնական է, որ այս գործի բացահայտումը ձեռնտու չէ իշխանությանը: Բայց այս մարդը չկատարած հանցագործության համար 18 տարի է՝ բանտում է, թող ներում շնորհի գերագույն գլխավոր հրամանատարն ու ազատ արձակվեն տղաները: Հայկական բանակում իրավիճակն այնպիսին է, որ և՛ զոհերն են շարքային զինծառայողներ և՛ դատապարտվողները: Մի խոսքով, թիրախը շարքային զինծառայողն է: Զինվորական ծառայության են մեկնում, հիմնականում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Պաշտոնատար անձանց երեխաները չեն ծառայում: Իսկ խեղճ ընտանիքների զավակներին հեշտ է ճնշել, մեղադրանքներ առաջադրել ու բանտեր ուղարկել, որովհետև նրանք չունեն հարուստ «պապաներ», նույնիսկ չեն կարողանում լուծել իրենց իրավական պաշտպանության խնդիրները:
Դատարանների արխիվում, ուսումնասիրելով պատժի առավելագույն չափի դատապարտված զինվորների գործերը, համոզվեցի, որ հրամանատարական կազմը գրեթե դուրս է մնում պատասխանատվությունից: Հիմնականում դատարանը բավարարվում է 1-2 տարի պայմնանական պատիժներով: Երկկողմանի ծնողազուրկ զինվոր Ցոլակ Պողոսյանը ևս ցմահ է դատապարտվել: Նա անգամ փաստաբան վարձելու գումար չի ունեցել…
Ծնողներ չունեցող կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները ևս թիրախ են: Նրանց գլխին ամեն ինչ բարդելը շատ ավելի հեշտ է, քանի որ գիտեն՝ հակազդեցության չեն հանդիպելու: Առհասարակ, շարքայինների և նրանց ընտանիքների նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, լավ չէ: Վարդան Սևյանի մահվան դեպքը հիշեցի, որն ինքնասպանություն էին որակել: Նա ծայրահեղ չքավոր ընտանիքից էր: Տղայի դին բերել էին բակ և ասել՝ իջեք-տարեք:
Հրամանատարական կազմին իրական պատասխանատվության ենթարկելով՝ ի՞նչ եք կարծում՝ բանակում սպանությունների թիվը կնվազի՞:
Միանշանակ: Պետք է խնդիր դրվի զորամասի հրամանատարի վրա, որ նա պատասխանատու է զինվորի կյանքի համար, այլապես խստագույն պատժի կենթարկվի: Այդ դեպքում հանրությունը կտեսնի, որ սա գործոններից մեկն է և էականորեն կնվազեն բանակում մահվան, բռնությունների դեպքերը: Իսկ այժմ անպատժելիության մթնոլորտը բանակում կայուն է: Բանակի ղեկավարությունը խնայում է հրամանատարներին, փոխարենը անողոք վերաբերվում շարքայիններին: Այս եզրահանգմանն եմ եկել տարիների իմ գործունեության արդյունքում: Որևէ զինվորական գործ մահվան դեպքերով իրականում չի բացահայտվում:
Ինչո՞ւ․․․
Հրամանատարական կազմն ավելի լուրջ գործերով է զբաղված, քան մարդկային կյանքերն են: Իրենք ունեն իրենց բիզնեսը, փառահեռ կյանքը, և սա հանրության աչքի առջև է: Մահվան դեպքերի դինամիկան չի նվազում, այլ նվազում և աճում է. Մի տարի 35, հետո`50, այս տարի էլ ոչ պաշտոնական տվյալներով 31 զոհ է (պաշտոնական թիվը դեռ հրապարակված չէ):
Կա՞ ինչ- որ չգրված օրենք խնայելու հրամանատարներին: Ինչո՞ւ են, ըստ Ձեզ, խնայում նրանց:
Հրամանատարներն անձեռնմխելի են: Հիշո՞ւմ եք սպա Արտակ Նազարյանի գործը․հեռուստատեսային շոու կազմակերպեցին, Սեյրան Օհանյանն անմիջական պատասխանատուներին ազատեց աշխատանքից և ուղարկեց այլ զորամասեր: Այդպես էլ հայտնի չդարձան խոշտանգված սպայի սպանության իրական պատասխանատուները:
Ուսումնասիրել եք` ովքե՞ր են մեր բանակի կրտսեր ու ավագ հրամանատարական կազմում:
Իհարկե, շատ լավ կլիներ, որ ունենայինք կրթված, լուրջ մասնագիտական հենք ունեցող սպաներ, կրտսեր ու ավագ հրամանատարական կազմ: Բայց խնդիրը համակարգային է: Եթե մեր փառապանծ գեներալները Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանն են, չի կարող որևէ կրթություն բանակում իրավիճակ փոխել: Տեսեք`մի կողմում Սեյրան Օհանյանի 350.000 եվրոյանոց մեքենան է, մյուս կողմում` նրա մարտական ընկերների սոցիալական բողոքի ակցիաները: Սոցիալական անարդարությունն այնքան մեծ է, որ մթնոլորտի, արժեհամակարգի փոփոխության հիմք չի կարող դառնալ: Սեյրան Օհանյանն ասում էր՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն իմ մարտական ընկերն է, իսկ հիմա Վոլոդյան կեղծ մեղադրանքով բանտում է: Վոլոդյա Ավետիսյանը հերոս է ամեն տեղ՝ և՛ բանտում և՛ ազատության մեջ, իսկ Սեյրան Օհանյանի հերոսական անցյալն այլևս մոռացված է: Նա այլևս հերոս չէ: Նա շատ հանգիստ է տանում իր ընկերներին փակելը կամ բանակում եզակի հեղինակություն ունեցող գնդապետ Բուդաղյանին կեղծ մեղադրանք առաջադրելը: Հիմա էլ ուզում են բանակ զորակոչել Վոլոդյա Ավետիսյանի հիվանդ որդուն, որ փակված հերոսին խոցեն խորապես:
Առաջարկներ են հնչում, որ բանակում ավելացվեն հոգեբանների հաստիքները:
Այս իրավիճակում ի՞նչ կարող է փոխել հոգեբանը, երբ բանակում կրիմինալ մթնոլորտ է, բացակայում է վերահսկողությունը և այլն: Զուգահեռաբար կամք պիտի լինի, որ իրավիճակը փոխվի: Ռազմավարություն պետք է մշակվի և բարեփոխման գործընթացը պետք է լինի բաց և թափանցիկ: Սեյրան Օհանյանը առանց զինվոր Մհեր Խլղաթյանին այցելելու հայտարարեց, որ նա բռնության չի ենթարկվել: Հաջորդ օրը նույնը հայտարարեց նախարարի «վկաներից» մեկը՝ Մարգարիտա Խաչատրյանը: Պետք է հրաժարվել կեղծիքից: Նախարարը հանրության համար այս մտահոգիչ հարցին չպետք է մոտենա ընտրովիության՝ ում հետ է ձեռնտու աշխատել սկզբունքով:
Հաճախ կարծիքներ են հնչում, որ չի կարելի այսքան լուսաբանել զինվորական հանցագործությունները, քանի որ բանակի վարկը դրանով ընկնում է: Ի՞նչ կարծիքի եք այս հայտարարությունների վերաբերյալ:
Այդ մեղադրանքը հնչեցնողները թող իրենց մեղադրանքների վեկտորն ուղղեն դեպի զինվորական վերնախավը, որի թողտվության հետևանքով մենք ունենում ենք զոհեր: Ընդհակառակը՝ այդ դեպքերը պետք է մեծ հնչեղություն ստանան, հանրության ու լրատվամիջոցների վերահսկողությունը շատ կարևոր է դրանք կանխելու առումով:
Զինվոր Արմեն Հովհաննիսյանի մասին շատ գրվեց: Ինձ հուզում է մի հարց. ինչո՞ւ զինվորը մենակ հայտնվեց ադրբեջանական 30 հոգանոց դիվերսոն խմբի դիմաց:
Ես ցավակցում եմ Արմենի ընտանիքին: Նա հերոս է, կատարել է այն, ինչ պիտի աներ իրական զինվորը: Համոզված եմ, որ բոլոր այն տղաները, ովքեր զոհվել են բանակում տիրող բռնի մթնոլորտի հետևանքով, պոտենցյալ հերոսներ են եղել: Այս դեպքով Պաշտպանության նախարարությունը աղմուկ- աղաղակ բարձրացրեց: Սա բանակի վերնախավի երեսը փրկելու միջոց էր, քան իրական մտահոգություն: Այս չափազանցված վիճակն ինձ հիշեցնում է մյուս բոլոր զոհերին: Երբ հարազատները Լույքս Ստեփանյանի դիակը ցանկանում էին Երևան բերել, Սեյրան Օհանյանը եկավ այդ մարդկանց ընդառաջ: Ես տեսա այդ օրը նախարարի տառապանքը: Նա առաջին անգամ էր մասնակցում շարքային զինվորի հուղարկավորության: Կուզենայի, որ Սեյրան Օհանյանը միշտ հիշեր բոլորիս համար ծանր այդ օրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել