
Վճարովի դասագիրքը հակասահմանադրական է
Հայաստանի Սահմանադրության 39-րդ հոդվածն ասում է, որ պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունը անվճար է և պարտադիր: Իհարկե, դպրոցներն ունեն բազմաթիվ խնդիրներ` ցածր աշխատավարձեր, կոռուպցիա, որակի դեֆիցիտ, գերբեռնվածություն և այլն, բայց դրանք գոնե անվճար են:
Դասագրքերն ու սահմանադրությունը
Բայց արդյո՞ք ուսման վարձի բացակայությունը բավարար է կրթության՝ անվճար համարվելու համար… Չէ, որ կրթության՝ անվճար լինելու համար պետք է անվճար լինեն դրա բոլոր բաղադրիչները:
Կրթության բաղադրիչները բազմաթիվ են, օրինակ` լսարանային պայմաններ, դասավանդում և, իհարկե, գրականության հասանելիություն:
Այնուամենայնիվ, դժբախտաբար, գրքերն ու դասագրքերը անվճար չեն: Բացառությամբ 1-ին դասարանցիների, մնացած բոլոր աշակերտները վճարում են դասագրքերի վարձակալության համար:
Իսկ կրթական համակարգը ենթադրում է դասագրերից օգտվելու պարտադիր լինելը: Ուստի, առանց դասագրքերի հնարավոր չէ ստանալ միջնակարգ կրթություն:
Իհարկե գումարը մեծ չէ: Բոլոր գրքերի համար տարեկան վճարը կազմում է մոտ 3000 դրամ: Բայց, այնուամենյանիվ, դա պարտադիր վճար է… Պետական հաստատությունում կրթություն ստանալու համար պարտադիր վճար, ինչը ակնհայտորեն խախտում է Սահմանադրությունը:
Պետական մարմինները
Հայաստանի քաղաքացիներս աշակերտների դասագրքերի համար տարեկան վճարում ենք գումարային մոտ մեկ միլիարդ դրամ (2-3 միլիոն ԱՄՆ դոլար)… Ուստի, կրթությունը չի կարող կոչվել անվճար:
Վերջերս տեղեկություն տարածվեց, որ ամենահասարակ դասագրքերով աշակերտներին ապահովելու փոխարեն ԿԳՆ-ն որոշել է 2015 թվականից բոլոր առաջին դասարանցիներին հայկական արտադրության պլանշետներ տրամադրել (պարզ չէ, թե ում հաշվին):
Ավելի հավանական է, որ այդ պլանշետների հայտարարությունը նույնքանով կիրականացվի, որքան, ասենք, արտոնյալ ուսման վարկերն ու այլ անհետևանք խոստումները: Սակայն եթե պլանշետները լինեն պետության հաշվին (հնարավոր «ատկատների» դիմաց), ապա, միգուցե, ավելի լավ է այդ գումարներով դասագրքերի բեռը վերցնել ծնողների ուսերից:
Վերադառնալով վճարովի գրքերի թեմային՝ հարկ է հասկանալ, որ տեղի է ունենում Սահմանադրության խախտում, և Մարդու իրավունքների պաշտպանի կամ այլ մարմնի դիմումով հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննարկման առարկա:
Լուսանկարը` asbarez.com-ի
Մեկնաբանել