
Մարդու ներքին օրգանները երբեմն հայտնվում են Գորիսի փողոցներում
Գորիսի` այսպես կոչվող կենտրոնական աղբավայրը գտնվում է քաղաքի Գորիս գյուղ կոչվող թաղամասից ընդամենը 1,5-2 կմ հեռու:
Երկու ամիս առաջ բնակիչներից մեկը հենց կենտրոնական փողոցում պոլիէթիլենային պարկ է նկատել, որի վրա նշված էր ինչ-որ անուն-ազգանուն: Մի քանի հարյուր մետր դեպի աղբավայր քայլելուց հետո նկատել է, որ գտնված պարկը միակը չէ` բայց արդեն տարբեր անուններով: Որեւէ բացատրություն չգտնելով՝ նա հարցուփորձ է արել հարեւաններին եւ, միայն այն բանից հետո, երբ երեխաներից մեկը պատմել է, որ օրեր առաջ տեսել է, թե ինչպես են շները միմյանցից փախցնում նմանատիպ այլ պարկ, եւ շների գզվռտոցի արդյունքում պարկի պարունակությունը թափվել է գետնին, որի մեջ մարդու ներքին օրգաններ են եղել, հասկացել է, որ դրանք աղբավայր են հասել քաղաքի դիահերձարանից` աղբատար մեքենայով, իսկ պարկերում հերձուք էր: Գրեթե սարսափահար մարդը զանգահարել է սանէպիդ կայան: Նրա բողոքին միացել են նաեւ այլ բնակիչներ:
«Մի քանի օր ամբողջ թաղամասը սարսափի մեջ էր, ծնողները չէին թողնում, որ երեխաները տնից դուրս գան, քանի որ ամեն րոպե կարող էին գոնե հետաքրքրասիրության համար գնալ դեպի աղբավայր, մինչեւ համոզվեցինք, որ դիակների մնացորդներն այլեւս աղբավայր չեն բերում,- ասում է թաղամասի բնակիչ Ռաֆիկ Մկրտչյանը եւ շարունակում,- առանց այն էլ մի լավ օրի չենք, ապրում ենք աղբավայրի «բերանին», բայց դե մարդիկ սեփական առանձնատներ են կառուցել, ու՞ր փախչեն: Շատ ենք խոսել աղբավայրի տեղի անհարմարության մասին, հիմա էլ սկսել են աղբը վառել, բայց չգիտեմ՝ դա օգտակա՞ր է, թե՞ վնասակար: Ամբողջ օրը զիբիլի հոտի մեջ ենք ապրում»:
Այն մասին, որ Գորիս քաղաքը չունի անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխան դիահերձարան, բազմաթիվ հրապարակումներ են եղել լրատվամիջոցներում: Խնդրի մասին վերջերս քննարկում էին կազմակերպել նաեւ ԵԱՀԿ Գորիսի Օրհուս կենտրոնը եւ Գորիսի մամուլի ակումբը, սակայն այն դեռեւս վերջնական լուծում չի ստացել:
Անցյալ տարի Համաշխարհային բանկի միջոցներով մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար է ներդրվել Գորիսի բժշկական կենտրոնի հիմնանորոգման եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող շուրջ 1000 քմ մակերեսով նոր կցակառույցի կառուցման համար, որտեղ տեղակայվել են ընդունարանի, ախտորոշիչ, վիրահատական, ծննդօգնության եւ այլ ծառայություններ: Նույն միջոցներով կենտրոնն ապահովվել է հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սլավիկ Ամիրյանի խոսքով՝ Համաշխարհային բանկի այս ներդրման միջոցով մեծ շրջադարձ է կատարվել Գորիսի առողջապահական ցանցի բարելավման գործում: Համաշխարհային բանկն արդեն համաձայնվել է 300 մլն դրամ ներդնել դիահերձարան կառուցելու համար, քանի որ մասնավորապես պատերազմական գոտում գտնվող տարածաշրջանում ժամանակակից պահանջներին համապատասխան դիահերձարանի կառուցումը նաեւ ռազմավարական նշանակություն ունի: Այն հնարավորություն կտա ոչ միայն նեղ իմաստով սառնարանային տնտեսություն ունենալ, այլեւ կատարել ախտաբանական հետազոտություններ: Սակայն, ըստ Ս. Ամիրյանի, խնդրի լուծման հետագա ընթացքը բժշկական կենտրոնի իրավասությունների շրջանակում չէ, քանի որ կառույցի համար անհրաժեշտ հողահատկացումն իրականացնում է համայնքային իշխանությունը:
Դեռեւս անցյալ տարի Գորիս քաղաքի արդեն նախկին ճարտարապետ Կարո Փարսադանյանը հավաստիացնում էր, որ ախտաբանաանատոմիական ծառայության առանձին շենքի կառուցման համար կատարվել են նախագծահաշվարկային աշխատանքներ, սակայն միջոցների բացակայության պատճառով խնդրի լիարժեք լուծումը հետաձգվել էր անորոշ ժամանակով: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի տեղեկությամբ՝ 2010 թ. նոյեմբերին ավագանու որոշմամբ քաղաքի Արեւշատ թաղամասի հարեւանությամբ 0.06 հա հողատարածք է հատկացվել դիահերձարանի կառուցման համար: Նույն որոշմամբ դիմել են ՀՀ կառավարությանը` ընտրված հողատարածքի նշանակության փոփոխության խնդրանքով, սակայն մինչեւ այժմ պատասխան չեն ստացել: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մուշեղ Կոստանդյանի խոսքով՝ խնդրի լուծումն ավարտին մոտ է, եւ առաջիկայում Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի:
Իսկ մինչ այդ դիակների հերձումը կատարվում է պոլիկլինիկայի նախկին մասնաշենքերից մեկի առաջին հարկում, որի մուտքի դուռը բացվում է բանուկ փողոցի վրա, իսկ հազիվ 10 քմ տարածք զբաղեցնող դիահերձարանի պատուհանը միշտ բաց է եւ տեսանելի անցորդների եւ ընդամենը 5-6 մ հեռավորությամբ գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների համար:
Բժշկական կենտրոնի ախտաբանական ախտորոշման ծառայության պետ Գառնիկ Միրզոյանը, ով նախկինում խոսում էր այն մասին, որ ծառայության իրականացման համար անհրաժեշտ է ժամանակակից սարքավորումներով, սառնարանային տնտեսությամբ, նվազագույնը 7-8 սենյակով տարածք, այժմ նկատի ունենալով, որ դիակների տեղափոխումն արդեն կազմակերպվում է ինչ-որ մասնավոր ձեռնարկության կողմից, կարծես թե բավարար է համարում իրականացվող ծառայությունը՝ ասելով, որ այդ պայմաններում ամսական մինչեւ 16-18 դիահերձում է կատարվում եւ պիտի շնորհակալ լինել, որ նոր ծառայության շնորհիվ այլեւս, մասնավորապես գյուղական բնակավայրերում, տնային պայմաններում դիահերձում չի իրականացվում: Հետաքրքրականն այն է, որ Գ. Միրզոյանը նախկինում ծառայության աշխատանքը գնահատելիս կարեւորում էր այն, որ «անգամ դրամարկղի կտրոն են տալիս դիահերձման համար», եւ այժմ խնդրի լուծման բավարար չափանիշն, ըստ նրա, հուղարկավորման ծառայության իրականացումն է, իսկ որ նման պայմաններում դիահերձման իրականացումը բարոյական եւ բնապահպանական բացասական ազդեցություն կարող է ունենալ շրջապատի վրա, նրա կարծիքով՝ «ընդամենը հակառակվելու, լավը տեսնելու ցանկություն չունեցող լրագրողիս երեւակայության արդյունք է»:
Թերեւս հենց նույն բառերով կբնորոշի վաստակաշատ բժիշկն այն հանգամանքը, որ վիրահատական միջամտություններից գոյացած թափոնը, եթե չի ուղարկվում հիստոլոգիական հետազոտության, ինչպես նաեւ դիահերձումների հերձուքը դեռեւս թաղվում են Բժշկական կենտրոնի նորակառույց շենքից ընդամենը 100 մ հեռավորությամբ գտնվող հորում, քանի որ Գորիս գյուղի թաղամասի բնակիչները որոշել էին փակել քաղաքի աղբավայր տանող ճանապարհը, եթե չդադարեցնեին այնտեղ նետել նաեւ դիահերձուքները: Կենտրոնի բուժքույրերից մեկը պատմեց, որ այլեւս հնարավոր չէ տեսնել, թե ամեն անգամ բուժքույր Ռոզան ինչպես է հերձուքով լի դույլը դատարկում իրենց աշխատասենյակի պատուհանից մի քանի մետր հեռու գտնվող հորում:
Մնում է ակնկալել, որ ՀՀ Կառավարությունը կկարեւորի Գորիսի դիահերձարանի կառուցման համար համայնքային իշխանության կողմից հատկացված հողատարածքի նշանակության փոփոխության մասին որոշման հրատապությունը, իսկ Բժշկական կենտրոնն իր հերթին հետեւողական կլինի ախտաբանական ախտորոշման ծառայության համար անհրաժեշտ արտոնագիր ձեռք բերելու հարցում, որն, ըստ կենտրոնի տնօրենի, ընթացքի մեջ է: Գուցե հերթը նաեւ քաղաքի համար անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող աղբավայրի կառուցմանն էլ հասնի, ինչն այլ խոսակցության թեմա է, թեպետ նույնքան կարեւոր ու հրատապ ոչ միայն գորիսցիների, այլեւ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների համար, մանավանդ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է Գորիս քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն, հաստատել քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները, ըստ որի նախատեսվում է, որ մինչեւ 2016 թ. քաղաքը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող, տարին բոլոր գործող զբոսաշրջության կենտրոն:
Այս քայլերո՞վ: Հազիվ թե հաջողվի:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել