
Փաստաբանների պալատի նոր մեսիջը
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո հանրությանը ներկայացավ` կատարված աշխատանքի հաշվետվությամբ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նա լրագրողներին ներկայացրեց Պալատում իրականացված կառուցվածքային վերափոխումները եւ այն վարչարարությունը, որն իրականացրել է նոր թիմի հետ միասին: Արա Զոհրաբյանն այդ հարցում կարեւոր դեր վերապահեց Պալատի գործունեության հրապարակայնացմանը, որն ապահովելու համար մշակվել են մի շարք գործիքներ: Մասնավորապես կարեւոր նորամուծություն է Փաստաբանների պալատի խորհրդի նիստերն առցանց հեռարձակելը, որպեսզի դրան հետեւելու հնարավորություն ունենան փաստաբանները:
Նախընտրական շրջանում եւ պաշտոնավարման երեք ամիսներին Ա. Զոհրաբյանը հանդիպումներ էր ունեցել մարզերում գործող փաստաբանների հետ, ուսումնասիրել նրանց բարձրացրած հարցերը: Անդրադառնալով մարզերում փաստաբանների աշխատանքային դժվարություններին՝ Պալատի նախագահը նշեց, որ մարզերում փաստաբանները նվաստացուցիչ պայմաններում են աշխատում, անգամ բնամթերքով են ծառայություններ մատուցում, զուրկ են աշխատանքային պայմաններից` գրասենյակ չունեն եւ այլն: Պալատի նախագահը տեղեկացրեց, որ անցնող ամիսներին հանդիպումներ է ունեցել մարզպետերի եւ քաղաքապետերի հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերել վարչական շենքերում նրանց անվճար սենյակներ տրամադրելու համար, որի դիմաց փաստաբանները պարտավորվում են ամսական մեկ օր անվճար խորհրդատվութուն տրամադրել տեղի բնակիչներին:
Համագործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի հանրապետության փաստաբանների պալատի հետ. փաստաբանի որակավորում ստանալու համար Արցախի փաստաբանները նույնպես կսովորեն Հայաստանի փաստաբանական դպրոցում, գործող փաստաբանների վերապատրաստումը նույնպես կկազմակերպվի այստեղ: Տարածքի հեռավորությունը ուսուցման խոչընդոտ չդարձնելու համար կներդնեն հեռահար ուսուցման մոդելը: Նույն դժվարությունը նկատի է առնվել նաեւ մարզերում գործող փաստաբանների համար, որոնց հնարավորություն կտրվի տեխնիկայի միջոցով փաստաբանական դպրոցի ունկնդիրը դառնալ:
Պալատում աշխատանքներ են տարվել արտաքին հարաբերությունների զարգացման ուղղությամբ, վերջին ամիսներին համագործակցության պայմանագրեր են կնքել Փարիզի փաստաբանների պալատի, Ֆրանսիայի CARPA (Ֆրանսիայի փաստաբանների ֆինանսական միջոցների կառավարումն իրականացնող կազմակերպություն) եւ այլ կառույցների հետ: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը` Մարսելի, Կիպրոսի եւ այլ երկրների փաստաբանական կառույցների հետ իրավահարաբերություններ ստեղծելով:
Ա. Զոհրաբյանը Պալատի համար «ամենակնճռոտ խնդիրը» Հանրային պաշտպանի ինստիտուտը համարեց: Այս կառույցի գործունությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը պետական բյուջեից վարձատրվող փաստաբանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առաջարկներ է ներկայացրել նախագահին: Սոցիալապես անվճարունակ խավերին փաստաբանական ծառայություններ մատուցող հանրային պաշտպաններից մասնագիտական բարձր որակ է պահանջվելու, որի համար կներդրվեն նրանց գործունեությունը վերահսկելու մեխանիզմներ: Առաջիկայում 50 հանրային պաշտպաններից 20-ի տեղի համար մրցույթ կհայտարարվի, այդ կերպ նպատակ ունեն նաեւ 30%-ով երիտասարդացնել հանրային պաշտպանի գրասենյակը:
Արա Զոհրաբյանը նշեց, որ Պալատում ստեղծվել է մի թիմ, որն ի զորու է իրականացնել իր առջև դրված խնդիրները եւ թվարկեց այն հանձնաժողովներն ու աշխատանքային խմբերը, որոնք պետք է իրականացնեն տարբեր բնույթի գիտամեթոդական աշխատանքներ:
Մեկնաբանել