
Երբ այցելեցի Բերձորում ապրող 11 երեխա ունեցող ընտանիքին
Բերձոր այցելության ժամանակ ասում էին, որ այստեղ բազմազավակ ընտանիքները շատ են: Նախ՝ նրանց համար առանձին տուն է կառուցվում, հետո էլ պետությունը գումար է հատկացնում: Թվարկված մի քանի բազմազավակ ընտանիքներից առաջինը Մարգարյաններն էին: Տեղացիները նրանց մասին խոսելիս ժպիտով ասում էին, որ ընտանիքի հայրը` Մուրադը, երեխաների համար հատկացված փողով անգամ մեքենա է գնել: Մուրադյանների ընտանիքը Բերձորում հայտնի է նաև նրանով, որ ամենաշատ երեխաներն ունեն` 6 տղա և 5 աղջիկ:
Երբ այցելեցինք Մուրադյաններին, տանը մայրն էր` Փառանձեմը, 5 աղջիկներն ու տղաներից մեկը: Միջանցքում դրված վառարանի մոտ երեխաները եւ՛ տաքանում էին եւ՛ իրար հետ զրուցում: Վառարանը փոքր չէր, բայց գրեթե չէր ջերմացնում: Երկու փոքր աղջիկները` Լիլիթն ու Մարիամը, բոբիկ վազվզում էին սառը հատակի վրա, ապա արագ վազելով հասնում էին հյուրասենյակ` ուսումնասիրելու հյուրերին, ժպտում ու իրար ականջի փսփսում: Փառանձեմն ասում է, որ լրագրողներ իրենց պարբերաբար այցելում են, որպես բազմազավակ ընտանիք՝ հետաքրքրվում իրենցով:
Փառանձեմը ցույց է տալիս տունը. սառը հյուրասենյակից անցնում ենք ավելի սառը ննջասենյակներ: Մեկը ամուսինների սենյակն է, մյուս երկու սենյակները նախատեսված են տղաների և աղջիկների համար: Անկողինները երեխաների թվից քիչ են, բայց մայրն ասում է, որ երեխաները տեղավորվում են: Այնուհետև ցույց է տալիս գաջած պատերից կախված նկարները` «երեխաների վերանորոգումը»:
«Իսկ փոքրերը որտե՞ղ են քնում», - հարցնում եմ:
«Դե, իրենք էլ` որտեղ պատահի», - պատասխանում է մայրը:
Այն հարցին, թե արդյոք քնելու համար չեն օգտագործում հյուրասենյակը, Փառանձեմը պատասխանում է. «Դե, չէ, սա հյուրասենյակ ա, քնելու համար չենք օգտագործում»:
Բոլոր աղջիկները ժպտալով հետևում են մոր զրույցին, ամաչելով պատասխանում հարցերին կամ միայն ժպտում` կարծես չհամարձակվելով միջամտել «մեծերի» խոսակցությանը: Ամենալուռը մեծ աղջիկն է` Լուսինեն, ով ամբողջ ընթացքում լուրջ դեմքով նստած է: Խոսակցության ընթացքում միայն մի պահ է ժպտում ու աչքերը փայլում են, երբ խոստովանում է, որ ցանկանում է երգչուհի դառնալ: Մյուս քույրերն էլ ժպտալով հաստատում են, որ ավագ քույրը լավ երգում է: Այդ ընթացքում երեխաները հերթով գնում-գալիս են հյուրասենյակ` հագնելով իրենց լավագույն շորերը. երևի մայրն էր ասել, քանի որ խնդրել էի լուսանկարել բազմանդամ ընտանիքը:
Այնուհետև տուն եկան մյուս երկու տղաները` Անդրանիկն ու Վահագնը, ովքեր գնացել էին տան մոտակայքից փայտ բերելու: Վահագնը այս տարի գնացել է առաջին դասարան, մայրն էլ հպարտությամբ ասում է, որ մաթեմատիկայից ուժեղ է: Հետո ավելացնում, որ ինքը միայն առաջին դասարանցիներին է օգնում դասերի հարցում, մյուսները միմյանց օգնում են, անգլերենի հարցով էլ բոլորը դիմում են Լուսինեին: Իսկ փոքրերին մանկապարտեզ չի ուղարկում. քանի որ չի աշխատում, ինքն է նրանց խնամում:
Այն հարցին, թե ինչպես է կարողանում պահել բազմանդամ ընտանիքը, Փառանձեմն ասում է, որ նպաստ է ստանում, նաև երկրորդ տղան է օգնում, ով երկու տեղում է աշխատում` դպրոցում և կոմունալ ծառայությունում: Ընտանիքի հայրը` Մուրադը, մոտ 3 ամիս առաջ մյուս տղայի հետ գնացել է Աբխազիա՝ արտագնա աշխատանքի: Այնտեղ մանդարին են հավաքում, բայց գործերից շատ գոհ չեն: Փառանձեմն ասում է, որ ամուսնու 45 հազար դրամ աշխատավարձը չէր բավականացնում: Այն հարցին, թե արդյոք ընտանիքը օգնություն չի ստանում, Փառանձեմը պատասխանում է, որ ստանում են, իրենց միշտ օգնում են, բայց հետո հավելում է, որ վերջերս «Էդքան էլ շատ չեն օգնում»:
Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Մարգարյանների ընտանիքը պարբերաբար օգնություն է ստանում` հագուստ, սննդամթերք, օգնում է նաև «Ագապե» բարեգործական կազմակերպությունն ու «Գուրգեն Մելիքյան» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը: 5 տարի առաջ էլ ընտանիքի համար հիմնադրամը կով է գնել, այնուհետև նրանց նաև պետական անասնավարկ է տրամադրվել:
Փառանձեմը քթի տակ անհասկանալի ձևով պատմում է, թե ինչու են կորցրել իրենց հատկացված կովը ու ասում, որ հիմա 3 ոչխար ունեն, պատրաստվում է կրկին անասնավարկ վերցնել, որպեսզի կով առնի` կաթնամթերք ունենան: Այդ ժամանակ պատուհանից բակում երևում են ոչխարները, որոնց շուրջը կային մի քանի հավեր:
«Այս հավերը ձերն են, թե հարևանինը», - հարցնում եմ:
«Հավերը մերն են, 5 հավ ունեմ», - ասում է Փառանձեմը:
Մարգարյանների այս տունը երկրորդն է, որ կառուցվել է նրանց համար 2009 թ.-ին` 10-րդ երեխայի ծնվելուց հետո: Իրենց տան հարևան սեփական տունը ևս իրենց համար է կառուցվել ավելի վաղ: Երկրորդ տունը ստանալուց հետո այս տունը փակել են, եթե ցանկացողներ են լինում, տալիս են վարձով: Առաջին տուն գրեթե չեն գնում, երկու տանն ապրելը ծախսատար է, հաստատվել են երկրորդ տանը: Փառանձեմը ցույց է տալիս տան հարակից հողատարածքը, որտեղ բանջարեղեն են մշակումն: Այն հարցին, թե արդյոք ինքն է մշակում, ասում է, որ ինքն էլ, բայց հիմնականում երեխաներն են օգնում. միայնակ չէր կարողանա: Միայն թե լավ կլիներ, որ առաջիկայում լուծվեր նաև ոռոգման ջրի խնդիրը:
Բերձորում ասում են, որ Մուրադի երեխաները խելոք, աշխատող երեխաներ են, ամբողջ ամառ աշխատում են, հատապտուղներ են հավաքում, որ վաճառեն, այդպիսով փորձում են ծնողներին օգնել:
Փառանձեմն ու Մուրադը Բերձորում են հաստատվել 1999 թ.-ից, երբ դեռ միայն 4 տղա ունեին: Այժմ նրանց մեծ տղան ամուսնացել և տեղափոխվել է Վայք:
Բազմազավակ ծնողները շուտով թոռնիկ կունենան, իսկ իրենց երեխաներից ամենափոքրը` Լիլիթը, երեք տարեկան է: Փառանձեմն ուրախ է, որ շատ երեխաներ ունի, ասում է` նրանք Աստծուց տված պարգևներ են:
«Աստված եթե տալիս է, չպիտի մեղք գործես, - ասում է Փառանձեմը: - Էրեխա ա, էլի: Աստված եթե տալիս ա, Աստված էլ պահում ա»:
Զրույցի ընթացքում փոքր աղջիկները` Մարիամն ու Լիլիթը իրար գրկում էին, միմյանց ականջի փսփսում ու ծիծաղում, իրենցից ավագները` Վարդուհին ու Արմանուշը, իրար կողքի նստած հետևում էին փոքրերի խաղերին, ժպտում:
Հետաքրքիր էր իմանալ` արդյոք լավ է, որ ընտանիքում այդքան շատ են: Ավագ աղջիկները չեն դժգոհում իրենց թվաքանակից, ասում` եսիմ, հետո ավելացնում, որ միշտ չէ, որ դա լավ է: Այնուհետև ժպտալով նշում են, թե իրենցից ով քանի երեխա կցանկանար ունենալ. 2, 3, առավելագույնը` 4:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել