
Դատը հետաձգվեց. Սարգիս Հակոբյանի պաշտպանը չի ծանոթացել քրեական գործին
Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում(ք.Գավառ) տեղի ունեցավ Հասմիկ Խաչատրյանի՝ ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական երկրորդ նիստը:
Դատավոր Աղվան Պետրոսյանը կրկին որոշեց հետաձգել դատը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի ներկայացուցիչը չի ծանոթացել քրեական գործին:
Հասմիկ Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը առարկեց դատի հետաձգումը՝ նշելով, որ Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանին կարող էր ավելի շուտ ծանոթացնել գործին, քանի որ բավականաչափ ժամանակ եղել է անցած դատալսումից մինչ այժմ:
Դատարանը, սակայն, որոշեց հետաձգել դատը՝ Սարգիս Հակոբյանի պաշտպան Տիգրան Աբրահամյանին հնարավորություն տալով ծանոթանալ գործին:
Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով: Դեկտեմբերի 19-ին կայացած առաջին դատալսման ժամանակ Հակոբյանը ներկայացել էր առանց պաշտպանի՝ պատճառաբանելով ոչ բավարար ֆինանսական միջոցները: Սարգիս Հակոբյանը հայտնի բախտագուշակ Վարսիկ Հակոբյանի որդին է:
Վերջինս այս գոծով վկա է, սակայն որեւէ դատական նիստի չի ներկայացել: Գավառի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Աղվան Պետրոսյանն այսօր հայտարարեց, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն՝ վկաներին դատարան բերելու ուղղությամբ:
Նշենք նաեւ, որ անցած դատական նիստի ժամանակ տուժող Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այս միջնորդությունը փաստաբան Մուրադյանը հիմնավորում է գործում առկա բացթողումներով եւ այն հանգամանքով, որ Սարգիս Հակոբյանը նախաքննության փուլում սպառնացել եւ խփել է տուժող Հասմիկ Խաչատրյանի դեմքին:
Դատարանն այսօր չանդրադարձավ նաեւ այդ միջնորդությանը՝ դատը հետաձգելով մինչ հունվարի 29-ը:
Մեկնաբանել