
Բաց նամակ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ վարչապետ պրն Տիգրան Սարգսյանին
Հարգելի պրն Սարգսյան,
Ս. թ. հունիսի 21-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ ինտերնետային կայքի նորություններ բաժնից տեղեկացել ենք, որ ս. թ. հունիսի 17-ին ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի են ունեցել «ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 4-ի «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 583 Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծի հանրային «լսումներ»:
Միջոցառումը կազմակերպել է ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ: Քննարկմանը մասնակցել են մի քանի հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպություններից՝ WWF-ի ներկայացուցիչներ, բիզնեսի ոլորտից՝ «Vallex Group»-ի իրավաբանը:
Չանդրադառնալով նախագծին՝ Ձեր ուշադրությունը ուզում ենք հրավիրել հետևյալ հանգամանքների վրա, որոնք պարզաբանման կարիք ունեն.
-մասնակիցները հրավիրվել էին կենտրոնի կողմից հեռախոսային զանգով, միջոցառումից մեկ-երկու օր առաջ;
-մասնակիցների խնդրանքներին՝ նախօրոք տրամադրել օրինագիծը, կենտրոնը պատասխանել էր, որ շտապում է և կտրամադրի տեղում;
- մասնակիցներին չէին պարզաբանել՝ հրավիրվում են հանրային լսումների՞, թե՞ քննարկմանը;
-միջոցառմանը օրինագիծը ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռուբեն Պետրոսյանը;
-հասարակական կազմակերպությունները, որոնք մասնագիտացված են անտառների հարցում, չէին հրավիրվել:
-ոչ գյուղատնտեսության, ոչ բնապահպանության և ոչ էլ տարածքային կառավարման նախարարության կայքերում նախագիծը տեղադրված չի եղել:
Եթե մեր ենթադրությունը՝ առ այն, որ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում անցկացվել են հանրային լսումներ, ճիշտ է, ապա տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին» ՀՀ օրենքի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշման պահանջների միտումնավոր, կոպիտ խախտում:
Ուստի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների համաձայն՝ խնդրում ենք պարզաբանել.
-ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում ինչ միջոցառում է իրականացվել:
- Խնդրում ենք տրամադրել այդ միջոցառման արձանագրության այն տարբերակը, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ կառավարություն:
Էդիկ Բաղդասարյան
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել