
Որ հետո չգտնե՞ն, թե ով է հարվածել… «մաքսային» ընկերների օրինակով
Ոստիկանությունն այսօր ուժ կիրառեց Ազգային ժողովի մոտ` «Գազային» պայմանագրի դեմ դուրս եկած ցուցարարների նկատմամբ: Ու կարծես ամեն ինչ դասական սցենարով էր… Եթե չլինեին որոշ «մանրուքներ»:
1. Բացօթյա բանտարկություն
Սովորոբար, երբ ոստիկաններին դուր չի գալիս, որ ինչ-որ մի տեղում ցույց է, իրենք ցուցարարներին բերման են ենթարկում, կամ, պարզապես, հրելով տեղափոխում են այլ վայր: Սակայն այսօր տեղի ունեցավ մի բան, որը Մաքսային միություն մտնելու մտադրության հայտարարությունից առաջ չէինք տեսել:
Ոստիկանության ավելի քան 50 ծառայողներ Բաղրամյան պողոտայի վրա «օղակի» մեջ առան շուրջ 30 ցուցարարների` յուրովի ազատազրկելով վերջիններիս: Ըստ էության, դա շուրջ 30 րոպեանոց բանտարկություն էր` -10° C պայմաններում: Աղջիկները լաց էին լինում, լրագրողները իրենց վկայականներն էին ցուցադրում, բայց ապարդյուն: Բացօթյա բանտն անսասան էր:
2. Բռունցքով քթին
Երիտասարդ ակտիվիստ Անտոն Իվչենկոն կանգնած էր մայթին` «աֆիշաների» տակ, երբ իր վրա հարձակվեցին 4-5 «հրեշտակ» ոստիկան ու, թող ների ինձ Անտոնը, կարտոֆիլի պարկի պես տարան ու փոխանցեցին «բերետավոր» ոստիկաններին: Վերջիններից մեկը, ըստ ամենայնի, իր պարտքը համարեց բոլորի աչքի առջև բռունցքով հարվածել չդիմադրող քաղաքացու քթին:
3. Որ ծեծողին չգտնեն
Ինչպես հայտնի է, ոստիկանական համազգեստի անփոխարինելի բաղադրիչ է կրծքի վրայի անհատական համարը: Կարծես, առ այսօր, բոլոր ոստիկանները իրենց համազգեստի վրա կրում էին այն, բայց առ այսօր:
Տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանության Երևանի վարչության հատուկ գումարտակի ծառայողները («կարմիր բերետավորները») այսօր համազգեստի վրա չունեին անհատական համարներ: Իսկ դա, իր հերթին, յուրովի ազատություն է տալիս վերջիններին:
Մանրամասնենք. եթե ոստիկանության ծառայողը ձեզ, օրինակ, հարվածել է, ապա դուք կարող եք հիշել իր անհատական համարը` հետագայում իրեն պատասխանատվության կանչելու համար: Իսկ երբ ոստիկանը նման համար չունի, դուք էլ իր անունն ու ազգանունը չգիտեք, իրեն պատասխանատվության կանչելը դառնում է անհնարին:
Անտոն Իվչենկոյին հարվածած «կարմիր բերետավորը» նույնպես համազգեստի վրա չուներ անհատական նշան, ինչը, բողոքի դեպքում, անհնարին կդարձնի իր անձը պարզելը:
«Մանրուքների» պոչը
Միգուցե, ոստիկանը, հենց հաշվի առնելով իր «անոնիմությունը», հարվածեց քաղաքացուն: Միգուցե, անհատական համարների բացակայությունը ոչ թե պատահականություն էր, այլ հրահանգի արդյունք: Միգուցե, սա մեր «մաքսային ընկերներ» Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախտանի ոստիկանների օրինակն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել