
Տիգրան Պետրոսյան. «Թրաֆիքինգի դեպքերը նվազել են»
ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած «Աշխարհում թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում նշվել են մի շարք բացթողումներ թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿՀԴՊ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանն անդրադարձավ Պետդեպարտամենտի արձանագրությանը:
«Այս տարի բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել այս խնդրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Հիմնական բարեփոխումներից է Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով խստացվել է պատիժը, որպես հանցագործություն է սահմանվել թրաֆիքինգի զոհի ծառայությունից օգտվելը, երեխաների թրաֆիքինգի մասին հոդվածը տարանջատվել է ընդհանուրից»,- ասում է նա:
Բանախոսի խոսքերով՝ այս տարվա զեկույցն ավելի դրական է գնահատել Հայաստանի կողմից թրաֆիքնիգի դեմ տարվող պայքարը. «Պետդեպարտամենտի զեկույցում որոշ դրույթներ կան, որոնք հիմնված են ընդամենը մեկ մասնավոր դեպքի վրա: Օրինակ` գրված է, որ Հայաստանից կանայք են տարվում Գերմանիա եւ ենթարկվում սեռական շահագորման: Դա գրել են, հիմնվելով Գերմանիայում խորհրդատվական ծառայության մի կենտրոնի զեկույցի վրա, որտեղ նշվում է, որ իրենց կենտրոնում սեռական թրաֆիքինգի ենթարկվելուց հետո ռեաբիլիտացվում են 18 կանայք, որոնցից մեկը հայ է»:
Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ «առանձնակի մտահոգության տեղիք է տալիս տարվա ընթացքում բացահայտված զոհերի թվի կտրուկ անկումը, ինչպես նաև հարկադիր աշխատանքի հետ կապված դեպքերի քննությունների բացակայությունը»: Այս առնչությամբ Տիգրան Պետրոսյանն ասում է, որ թրաֆիքինգի դեպքերը 2008-2009 թթ. համեմատ նվազել են:
ԿՀԴՊ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի ներկայացմամբ` այս տարի իրավապահների վարույթում քննվում է 10 հանցագործություն, որից 8-ը վերաբերում է կանանց պոռնկությանը (5-ը` ներքին, 3-ի շահագործումը` ԱՄԷ-ում), մեկը` ՀՀ-ում անչափահասին մուրացկանության մեջ ներգրավմանը, եւ մեկ գործ` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելուն:
Թրաֆիքինգի հարակից հանցատեսակներով հարուցվել է 20 գործ, բացահայտվել է 28 դեպք, որից 15-ը վերաբերում է «մահճակալային օբյեկտներին», այսպես կոչված՝ հյուրանոցային համալիրներին, երկուսը տաքսու վարորդների կողմից պոռնկությանը նպաստելու գործին, մնացածը` կավատությանը:
Զեկույցում նաեւ առաջարկվում է շարունակել ու ավելացնել զոհերին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման տրամադրումը և ապահովել հակաթրաֆիքինգային ծրագրերին ու զոհերի աջակցությանն ուղղվող միջոցների ամբողջական իրացումը՝ նախանշված ծրագրերով:
Այս դիտարկման մասով Տիգրան Պետրոսյանն ասում է, որ Հայաստանում զոհերը շատ հաճախ նախընտրում են ռեաբիլիտացիա անցնել իրենց ծնողների եւ հարազատների միջավայրում եւ ամեն կերպ հրաժարվում են դիմել հասարակական կազմակերպությունների օգնությանը:
Քրեական օրենսգրքով արդեն պատասխանատվություն է սահմանվել նաեւ թրաֆիքինգի զոհերի ծառայությունից օգտվելու համար, որը բխում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներից: Սակայն ոչ բոլոր երկրներում կա նման կետ: Այս քայլը Պետդեպարտամենտը գնահատում է առաջընթաց:
«Ինչպես գիտեք, թրաֆիքինգի դեպքերի բացահայտումը շատ դեպքերում տեղի է ունենում զոհերի հաճախորդների օգնությամբ: Եվ օրենքի այս կետը պետք է որ ստիպեր նրանց խուսափել իրավապահ մարմիններին հայտնելուց: Սակայն օրենքի մեջ նշվեց եւս մեկ կետ, որով սահմանվում է, որ ցանկացած ֆիզիկական անձ, ով իր կամքով իրավապահ մարմիններին կհայտնի թրաֆիքինգի վերաբերյալ իրեն հայտնի տեղեկատվություն, կազատվի ցանկացած տեսակի պատասխանատվությունից»,- ընդգծում է Տիգրան Պետրոսյանը:
Մեկնաբանել