
Գաղտնի գործարքներ. հարստացող պաշտոնյաներ, չենթարկվող քաղաքացիներ
Այս իշխանության մեջ չկա մեկը, ով հաշվի կառնի ժողովորդի կարծիքը: Կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման դեմ սկսված քաղաքացիական բողոքի ակցիաները նրանց վրա նույնիսկ ազդեցություն չեն թողնում: Այդ ակցիաների մասնակիցներին իշխանությունը մեծ հաճույքով կարտագաղթեցնի, եւ այդ ծրագիրը ուզում է իրականացնել: Իհարկե, ցանկացած նման ծրագիր նրանց համար բարեփոխում է: Եւ այնպես է ստացվում, որ բարեփոխման ամեն մի ծրագիր իրականացնելուց հետո տասնյակ հազարավոր մարդիկ լքում են Հայաստանը, տասնյակ հազարավորները հայտնվում են աղքատության ճիրաններում, եւ մի քանի անգամ ավելանում է պաշտոնյաների կարողությունը:
Այս իշխանության մեջ կան, այսպես կոչված, կրթված տղաներ: Բայց նրանք, ինչպես կյանքը ցույց տվեց, շատ ավելի վտանգավոր են, քան կրթություն չստացածները: Նրանք փայլուն մանիպուլյատորներ են, դեմագոգիայի հմուտ վարպետներ, ցինիզմի ուսուցիչներ: Նրանց մի մասը լավ կրթություն է ստացել ու գիտի անգլերեն: Նրանք գիտեն` ինչպես անել կոռուպցիոն գործարքները, նրանք դա անում են` յուրահատուկ ժպիտ ու քմծիծաղ դեմքերին:
«Գազային» պատմությունը ցույց տվեց, թե ում ենք «վստահել», եւ ովքեր են իրականացնում երկրի կառավարումը: Այսօր նույնիսկ կառավարության մեջ չկա մեկը, որ հավատա Արմեն Մովսիսյանին` ամենաերկարակյաց նախարարին, էներգետիկայի ոլորտի բոլոր գործարքների կնքահորը: Եւ եթե որեւէ մեկին թվում է, թե վերջին օրերին նրա` գազի թեմայով ասածների մեջ մի ճիշտ խոսք կա, սխալվում է: Նա էներգետիկայի ոլորտի բոլոր փողոտ գործարքների ակունքում է կանգնած: Արդեն մի քանի տարի է՝ նա նաեւ հանքարդյունաբերության ոլորտն է կառավարում եւ ունի նաեւ շահագործվող հանքավայրեր:
16 տարի նախարար աշխատող Արմեն Մովսիսյանը նաեւ «Նաիրիտ գործարանի» վարկային միջոցների մսխման եւ փոշիացման դիրիժորն էր: Նա մինչև հիմա հասարակությանը եւ նույնիսկ կառավարությանը չի տեղեկացրել, որ նախկինում «Նաիրիտ գործարանի» բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդի» բաժնետերն այժմ նույն «Նաիրիտ գործարանն» է: Եւ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդի» ունեցած բոլոր պարտքերն այժմ փոխանցվել են «Նաիրիտին»: Իսկ այդ պարտքերը մեծ գումարներ են, եւ մի օր Արմեն Մովսիսյանը ստիպված է լինելու սրա մասին էլ հայտարարել` նորից ռուսներին ինչ-որ բան զիջելու համար: Ա. Մովսիսյանին արդեն թվում է, թե նախարարի աթոռը ցմահ է տրված իրեն, եւ երբեք չի գալու պատասխան տալու ժամանակը: Բայց ժամանակի կառավարումը, բարեբախտաբար, իրենց ձեռքերում չէ: Իրենց ձեռքերում թալանած փողերն են, բայց դա էլ, իհարկե, ժամանակավոր է իրենց ձեռքերում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել