
Աղբը շարունակում են լցնել Դեբեդ գետը
Ալավերդին դառնում է աղբավայր` բաց երկնքի տակ: Դեբեդին հարող «Կատա» և «ԱԳ» սուպերմարկետները, քաղաքի եռահարկ հանրախանութում տեղավորված բազմաթիվ խանութներ և Թումանյան փողոցի գլխավոր մայրուղուն հարող մյուս խանութները շարունակում են իրենց կենցաղային աղբը լցնել Դեբեդ գետը: Աղբը թափում են նաև գետի ափերին և դրան հարող տարածքներում: Ալավերդիում տարիներով չեն մաքրվում ներհամայնքային փողոցների մայթերը: Անխնամ վիճակում են մայթեզրերի ծառերն ու թփերը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ, Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ, կոշտ կենցաղային աղբը Դեբեդ գետը լցնելը կանխելու համար, Ալավերդի համայնքի և պետբյուջեի 151 մլն դրամ ներդրումով 2011-2012թթ. քաղաքի Մադան թաղամաս գնացող ճանապարհաեզրի 4,6 հա տարածքի վրա կառուցվեց նոր աղբավայր:
Այն ունի տարեկան 3500-3800խմ աղբ կուտակելու հնարավորություն: Սակայն մարզպետի նախաձեռնած գործը դարձել է անիմաստ ներդրում, քանի որ աղբը շարունակում են թափել գետը:
«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը, որի 22 աշխատողների աշխատավարձի համար համայնքի բյուջեից տարեկան հատկացվում է շուրջ 29մլն 540 հազար դրամ, պարտավոր է իրականացնել աղբահանություն: Կոմունալ տնտեսությունն ապահովված է աղբատար մեքենաներով, և աղբը ժամանակին տեղափոխելու խնդիր, կարծես թե, չկա: Համայնքի բյուջեից նաև տարեկան 33մլն դրամ է հատկացվում քաղաքի աղբահանության համար: Այսուհանդերձ, Ալավերդիում աղբահանության գործը ձախողվում է: Քաղաքի հանրախանութի և շրջկոոպի նախկին շենքին հարող գետամերձ տարածքը, Դեբեդի ափերը աղբավայր դարձնելու գործընթացն այդպես էլ չի կանխվում:
Խանութպաններից Ռիտա Նիազյանը մեզ հարցրեց. «Բա որտե՞ղ թափեն մարդիկ իրենց աղբը, աղբարկղ դրվա՞ծ է այդտեղ: Ոչ միայն ինձ, ոչ մեկին էլ դուր չի գալիս այդ վիճակը»: Վերջինս ասաց, որ տարածքում իրենց աղբը թափում են նաև հարևան շենքերի բնակիչները: Տեղադրված փոքրիկ աղբարկղերը կորած են հսկա աղբակույտերի մեջ: «Կատա» սուպերմարկետի տնօրեն Արթուր Խառատյանը մեզ հայտնեց, որ «Ալավերդու համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի հետ պայմանագիր ունեն աղբը տեղափոխելու համար: «Մենք մեր աղբը թափում ենք ոչ թե գետի ափին, այլ գետի ափամերձ տարածքում տեղադրված աղբարկղերում»,- ասաց Ա. Խառատյանը: Վերջինս խոստովանեց, որ երկար ժամանակ է՝ այդ տարածք չի գնացել և այնտեղ տիրող վիճակին տեղյակ չէ: «Հետո մի բան ասեմ, այստեղ ինքներս որպես աղբ ստեղծող միավոր մենք օգտագործում ենք մեր ստացած ապրանքները և ցելոֆանե տոպրակները, մենք հետ ենք հանձնում փաթեթավորող կարդոնե արկղերը, այսինքն՝ մենք այստեղ թափում ենք ընդամենը մեր աշխատողի կողմից տարածքի՝ ավելով մաքրված աղբը: Աղբը տարածքից չտեղափոխելու պատճառներից մեկը կարող է լինել հենց այն, որ այստեղ նպատակահարմար տարածք չկա աղբարկղ տեղադրելու»,- ենթադրեց Արթուր Խառատյանը:
Հետագա մեր դիտարկումից պարզվեց, որ «Կատա»-ի աղբը շենքին հարող հենապատից թափվում է ուղիղ Դեբեդ գետը:
Գետամերձ տարածքում տիրող աղբակուտակման և հակասանիտարական վիճակի պատճառների մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանից: Վերջինս մեզ հեռախոսով հայտնեց. «Այսօր եմ տեղեկացել այնտեղ տիրող վիճակի մասին, կոմունալ տնտեսությունը առավոտյան այնտեղ մաքրման աշխատանքներ էր կատարում, ես նույնպես եղել եմ այնտեղ»:
Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը խոչընդոտում է հարևան համայնքներին պայմանագրային կարգով նոր աղբավայրից օգտվելուն: Քաղաքապետը պատճառաբանում է, թե երբ համայնքի բյուջեից իրենք 90 մլն դրամ են հատկացրել աղբավայրի կառուցման համար, հարևան համայնքապետերը ներդրումային գումարներով չեն մասնակցել աղբավայրի կառուցմանը: Այս դեպքում մնում է հարցնել Արտավազդ Վարոսյանին, թե ինչու է համայնքային և պետական բյուջեների հսկայական ներդրումներով կառուցվել նոր աղբավայր, եթե այն արդյունավետ չի օգտագործվում: Աղբավայրը կառուցելուց հետո Ալավերդիում աղբահանության գործը ոչ միայն չի լավացել, այլ ընդհակառակը` վատացել է: Նախկինի նման Ալավերդու կոշտ կենցաղային աղբը շարունակվում է թափվել Դեբեդ գետը:
Մեկնաբանել