
«Դուք ունեք ատոմակայան, բայց չունեք նույնքան բնական ռեսուրսներ, որքան ձեր հարևանները»
Էներգախնայողության թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով բաժնի տնօրեն Մայքլ Քոհլերը (Michael A. Köhler, Director for the Neighbourhood, European Commission):
Այժմ ԵՄ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր` փորձելով լուծել էներգախնայողության խնդիրը աշխարհում: Դուք ինչպե՞ս եք գնահատում էներգետիկ իրավիճակը մասնավորապես Հարավային Կովկասում:
Հարավային Կովկասի երեք երկրների իրաավիճակը բավականին տարբեր է. Վրաստանը կարող է արտահանել էլեկտրականություն, Ադրբեջանը, ինչպես բոլորը գիտեն, նավթով և գազով հարուստ երկիր է, այն զարգացնում է իր բնական ռեսուրսները Կասպից ծովից դեպի Եվրոպա, և Հայաստանն այն երկիրն է, որն ունի ամենաքիչ զարգացած էլեկտրառեսուրսները: Դուք ունեք ատոմակայան, բայց բացի դրանից՝ չունեք նույնքան բնական ռեսուրսներ, որքան ձեր հարևանները: Հայաստանի դեպքում ավելի քան կարևոր է լինել ավելի էներգախնայող:
Կարծում եմ, որ բոլոր երեք երկրներում էլ կա ահռելի պոտենցիալ, և ես մեծ տարբերություն չեմ տեսնում երեք երկրների միջև: Բոլոր երեք երկրները, սկսելով իրենց տեղական ինքնակառավարման մարմիններից, տեղական մակարդակով կարող են զարգացնել էներգախնայողության պոտենցիալ, ինչպես մենք դա արել ենք ԵՄ շրջանակներում:
Ըստ ձեզ` կոնկրետ ի՞նչ պետք է անել Հայաստանում էներգախնայողության խնդիրը լուծելու համար:
Պետք է ասեմ, որ հատուկ չեմ դիտարկել իրավիճակը Հայաստանում: Բայց կարծում եմ` այն, ինչ ճիշտ է այլ երկրների համար, ճիշտ է նաև Հայաստանի համար: Երկրների մեծ մասում առաջին հերթին իշխանությունները կենտրոնացած են այն բանի վրա, ինչ մենք անվանում ենք մատակարարման անվտանգություն (security of supply): Այսինքն` ինչպես ենք մենք ստեղծում բավարար չափով էներգիա և ինչպես ենք այն մատակարարում քաղաքացիներին, գործարաններին, տնտեսությանը:
Այստեղ կա մեկ այլ խնդիր. շատ հաճախ դու պետք է կատարես ներդրումներ, որպեսզի ապահովես էներգախնայողությունը: Իսկ խնայողության արդյունքներն ի հայտ են գալիս միայն երեք-չորս տարի անց: Այսպիսով, դու պետք է ներդրումներ անես հիմա, իսկ արդյունքները ստանաս մի քանի տարի անց:
Բայց մենք ունենք մի շատ լավ օրինակ` Մոլդովան, չնայած այն Հարավային Կովկասի երկիր չէ: Քիշնևում նրանք բարեկարգել են քաղաքային ավտոբուսների փոխադրումը: Այժմ նրանք ունեն էներգախնայողություն ապահովող ավտոբուսներ, որոնք ֆինանսավորել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD - ՎԶԵԲ)` ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Էներգախնայողության համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտին, քաղաքային լույսերին և այլն:
Արդյոք Հայաստանն ունի՞ պոտենցիալ՝ զարգացնելու իր ջրային ռեսուրսների օգտագործումը էներգախնայողության հարցում:
Միանշանակ: Ջրային ռեսուրսների օգտագործումն էներեգիայի ստեղծման ավանդական եղանակներից է: Առավել ևս այնպիսի երկրների դեպքում, որոնք մեծամասամբ գյուղատնտեսական են, ինչպիսին Հայաստանն է: Այսպիսով, ես կարծում եմ, որ ջրային ռեսուրսների հզորության պարբերաբար աճող ցուցանիշը նույնպես կնպաստի խնայողությանը երկար ժամանակահատվածում: Ես տեսնում եմ դրա պոտենցիալը:
Ջրի վերաբերյալ միակ խնդիրն այն է (սա ճշմարիտ է նաև ձեր որոշ հարևանների համար), որ շատ հաճախ ջրային ռեսուրսները կիսվում են հարևան երկրների միջև. գետերն անցնում են մի քանի երկրների սահմանով: Դուք պետք է համաձայնության գաք հարևան երկրների հետ ջրային պաշարների օգտագործման հարցում: Հակառակ դեպքում, դա կոնֆլիկտի առիթ կարող է լինել: Հարցն այն է, որ պետք է լրջորեն ուսումնասիրել, թե ջրային ռեսուրսների օգտագործման որ եղանակը պետք է ընտրել:
Մայքլ Քոհլերին հանդիպեցինք նոյեմբերի 14-15-ը Ստամբուլում տեղի ունեցած Քաղաքապետերի համաձայնագրի բարձր մակարդակի ֆորումի ժամանակ, որը կազմակերպել էր "Energy Cities"-ը (European Association of local authorities in energy transition):
Մեկնաբանել