
Խուդյանը դատի կտա ՀՀ կառավարությանը
ԱՄՆ-ում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID) կմուտքագրվի առաջին հայցը` ընդդեմ ՀՀ կառավարության: Հայցվորը սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանն է: «Այս հարկադրված քայլը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ հանուն Հայաստանի, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր վերականգնել արդարությունը»,- նշել է Խուդյանն իր նամակում: Նշենք, որ եթե ՀՀ կառավարությունը պարտվի, ապա հայցով պահանջվող գումարները կվճարվեն մեր պետական բյուջեից՝ հարկատուների հաշվին:
Խուդյանը ամերիկահայ գործարար է, 17 տարի է, ԱՄն-ում զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով: «Իմ բիզնեսն այստեղ՝ ԱՄՆ-ում խնդիրներ չունի, քանի որ դատաիրավական համակարգը, օրենքները պաշտպանում են ներդրողի իրավունքները: Հավատացեք, շատ ազդեցիկ սփյուռքահայեր են ցանկանում գալ Հայաստան, գումարներ ներդնել, սակայն տեսնելով, թե ինչպիսի հովանավորչություն է տիրում Հայաստանում, թե ինչպես են թալանվում մարդկանց գումարները՝ սկսում են խորը մտածել»:
Խուդյանը 2004-ից Հայաստանում կատարել է ներդրումներ անշարժ շուկայի ոլորտում: 2005-ին հիմնել «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն, սկսել կառուցել բազմաբնակարան շենք Մաշտոցի 33ա և Մաշտոցի 33.1 հասցեներում: 2010-ին պարզելով, որ իր ներդրումներով ստեղծված ընկերությանը վտանգ է սպառնում, դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ընկերությունից միլլիոնավոր դոլարների հասնող թալանը կանխելու համար: Ընկերությունում կատարվող հանցագործության մասին բազմաթիվ դիմումներ ու տեղեկանքներ է ներկայացրել ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ սփյուռքի և արդարադատության նախարարներին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Ոստիկանություն, քրեական գործը քննող պետական եկամուտների կոմիտե, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել:
«Սա փաստում է, որ կազմակերպված թալանն իրականացնող հանցագործները հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ընկերությունն ամբողջությամբ թալանվել է, ես և այլ հայ ներդրողներ, հիմնականում սփյուռքից, մեծ կորուստներ ենք կրում: Այս ամենը կատարվել է 2010-2012թ-ին, դատախազության գիտությամբ և նրանց թողտվությամբ: Հայաստանի ամբողջ իրավական համակարգը տեղեկացված է եղել հանցագործության մանրամասնությունների մասին, սակայն միջոցներ չեն ձեռնարկել օրենքը կիրառելու և հանցագործությունը կանխելու համար, ավելին, իրենց անգործությամբ, հովանավորչությամբ նրանք նպաստել են հանցագործների կողմից հանցագործությունն ավարտին հասցնելուն»,- նշում է Խուդյանը:
Այդ շենքերում բնակարաններ ձեռք բերած անձինք այդպես էլ չեն ստացել իրենց բնակարանները, փոխարենը բնակարանների տերեր են դարձել տարբեր բարձրաստիճան պաշտոնյանների մերձակա շրջանակների մարդիկ: «Այս գործով շղթան պիտի տաներ դեպի դատավորներ, դատախազներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն կալանավորվեց միայն մեկը՝ Վլադ Մանգասարյանը»,- Skype-ով ասաց Խուդյանը:
Նիկոլայ Բաղդասարյան | Լեռնիկ Հովհաննիսյան |
Օտարերկրյա ներդրումների նվազումը
«Դուք պատկերացրեք, եթե, օրինակ, մեզանից մեկը թերանար հարկային պարտավորությունների մեջ, թեկուզ 10.000 դրամի չափով… միանգամից գործ կհարուցեին, կկալանավորեին, կդատապարտեին»,-Լեռնիկի միտքը շարունակեց Էդմոնդ Խուդյանի փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը:
Մինչ օրս Խուդյանը չի ճանաչվել տուժող, թեպետ իրեն պատճառվել է մոտ 7 մլն դոլարի վնաս: «Այստեղ տուժել է նաև պետությունը, պետությանը պատճառվել է մոտ 139 մլն 300 հազար դրամի վնաս: Այս ամենի գլխավոր պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է, որ քայլեր չի ձեռնարկում բացահայտելու այս ապօրինությունների, կեղծ սնանկության շղթան»,-«Հետքի» հարցին պատասխանելով նշեց փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Էդմոնդ Խուդյանը մեկ տարի առաջ ստեղծեց «Օտարերկրյա ներդրողներ իրավունքների պաշտանության» կոմիտեն, որտեղ համախմբել է սփյուռքահայերի, փաստաբանների, քաղաքացիների, ովքեր հետամուտ են, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանվեն, իսկ խախտված իրավունքները վերականգնվեն: Նպատակը մեկն է, որպեսզի Հայաստանը դառնա գրավիչ ու կանխատեսելի երկիր ներդրումների համար:
Մինչ այդ, ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների կայուն նվազման միտում է արձանագրվել: 2012 թ-ին դրանք կազմել են 3937 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում 2008-ից սկսած համեմատական վիճակագրությամբ երևում է օտարերկրյա ներդրումների նվազումը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել