
Ուղերձ լրատվամիջոցներին՝ Չինչին գյուղից
Սահմանամերձ գյուղերը, սովորաբար, համարվում են սահմանապահ, ու այդ շրջանի իրականությունը բոլորովին տարբեր է նրանից, ինչ կա գյուղից դուրս, հատկապես տարբեր է՝ հաշմանդամություն ունեցող անձի աչքում:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող, Տավուշի մարզի Չինչին գյուղից 20-ամյա Մարիամ Եսայանը, ով անսպառ էներգիա ունի ու լայնորեն ներգրավվում է հասարակական կյանքում, խիստ դժգոհում է լրատվամիջոցներից, թե ինպես են լուսաբանում և ինչ լույսի ներքո են ներկայացնում սահմանամերձ գյուղերի իրականությունը:
«Խոսքը, հատկապես, վերաբերում է ռազմական խնդիրներին,- ասում է Մարիամը,- երբ մի պատահար է լինում, լրատվամիջոցներն այնքան են ուռճացնում այդ թեման, որ դա մեզ վրա ազդում է»:
Մարիամի կարծիքով՝ ամեն ինչ, երևի, այդքան վատ չէ, ինչպես ներկայացվում է: Նա դեմ է հայ-ադրբեջանական հարաբերությունները խիստ բացասական երանգով ներկայացնելուն, որտեղ ընդգծվում է իրավիճակի վատ լինելը, շեշտվում Հայաստանի ունեցած զենք-զինամթերքի առկայությունն ու թշնամու նկատմամբ ունեցած ուժեղ դիրքը:
«Ես ընդհանրապես դեմ եմ թշնամի բառի գործածությանն ու հաշտության կողմնակից եմ,- ասում է նա,- ես պատերազմ չեմ ուզում ու գիտեմ, որ ադրբեջանցի հասարակ մարդիկ էլ նույն կերպ կմտածեն»:
Մարիամը ծնվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ նկուղում: Նրա երկվորյակ քույրը ծնվելուց մեկ ժամ հետո մահացել է: Հենաշարժողական խնդիրներ Մարիամն ունեցել է ի ծնե, սակայն դա նրան չի խանգարել, որպեսզի ակտիվ լինի ու մասնակցի հասարակական կյանքին:
«Ես ինքս եմ ինձ ներգրավում հասարակության կյանքին, ու եթե ես դա չանեմ, հասարակությունը դա չի անի»,- մեկնաբանում է նա:
Մարիամի կարծիքով՝ հասարակության և մարդկանց հետ ունեցած հարաբերություններում շատ բան կախված է հենց իրենցից՝ հաշմանդամներից:
«Դու հասարակության լիարժեք անդամ ես ու ինքդ պիտի քո ներսում զգաս այդ իրավահավասարության գիտակցումը,- ասում է նա,- եթե դու այդ ինքնագիտակցումն ունենաս, հասարակությունն ու քեզ շրջապատող մարդիկ դա կհասկանան»:
Մարիամը հեռակայում է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հոգեբանության ֆակուլտետում: Հայ-ադրբեջանական սահմանում ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցների պատճառով գյուղից Իջևան տանող կարճ ճանապարհից օգտվելու փոխարեն նրանք երկար ճանապարհ են կտրում՝ ամեն օր 2.5 ժամ ծախսելով գնալու և 2.5 ժամ՝ վերադառնալու համար:
«Ինձ հայրս է տանում-բերում ու ինձ համար դեռ հեշտ է, բայց ուսանողներ կան, որ տաքսիով են գնում, ու ճանապարհի փակ լինելու պատճառով երթևեկությունը շատ է դժվարացել»,- ասում է նա:
Մարիամի հայրն ազատվել է աշխատանքից, որպեսզի դստերն ամեն օր տանի-բերի: «Մենք նպատակահարմար գտանք, որ ճիշտ լուծումը դա է,- ասում է Մարիամի մայրը՝ Արուս Մայիլյանը, ով գյուղի դպրոցի ուսմասվարն է,- իսկ համալսարանը համապատասխան ուշադրություն է դարձնում և ամեն ինչ անում է, որպեսզի նա ոչ մի բանից հետ չմնա»:
Մարիամն ասում է, որ իր ակտիվությունը խրախուսում են ծնողները, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ինքը ինքնադրսևորվելու համար ավելի լայն շրջապատ գտնի:
«Իսկ եթե ծնողն իր հաշմանդամ երեխային չի ներգրավում հասարակական կյանքում, ապա այդ երեխան դուրս է մնում սոցիալական կյանքից, և հասարակությունը նրան չի տեսնում»,- ասում է նա:
Մարիամի մայրն ասում է, որ հատկապես գյուղերում հաշմանդամություն ունեցող երեխաների հարցը շատ դժվար է, քանի որ ծնողները հիմնականում ամաչում են: «Ծնող կա, որ նույնիսկ անվասայլակից է ամաչում և ուզում է թաքցնել իրավիճակը,- մեկնաբանում է տիկին Մայիլյանը,- սա մեծ խնդիր է, ու ծնողները լայն իրազեկման կարիք ունեն, որպեսզի իրենց մեջ կոտրեն կարծրատիպերը: Բայց դա բոլորի հետ էլ կարող է լինել»:
Մայիլյանի կարծիքով՝ միայն թեքահարթակներ կառուցելով հաշմանդամություն ունեցողների հարցը չի լուծվում, խնդիրը լուծելու համար մեծ փոփոխությունների կարիք կա, հատկապես՝ մարդկային գիտակցությունում:
«Միաժամանակ դրամական միջոցների սղության պատճառով ծնողները չեն կարողանում իրենց երեխաներին բժշկական ստուգման համար Երևան բերել, իսկ գյուղերում ոչ մի համապատասխան բուժհաստատություն չկա»,- ասում է նա:
Մարիամն ուզում է բարի կամքի դեսպան լինել: «Սկզբում Հայաստանում, հետո նաև այլ երկրների համար,- ասում է նա,- ես բազմաթիվ հետաքրքրություններ ունեմ և ուզում եմ կյանքս հետաքրքիր դարձնել»:
Սովորելուն զուգահեռ նա նաև աշխատում է դպրոցում որպես մանկավարժի օգնական: Իսկ լրատվամիջոցներից՝ հատկապես հեռուստաընկերություններից, մի սպասելիք ունի. «Որպեսզի նրանք համագործակցեն մեզ հետ, իմանան գյուղի կյանքի մասին ու թե ինչպես են հաշմանդամ երեխաներն ապրում գյուղերում»:
Մեկնաբանել