
«Թեղուտ» ՓԲԸ-ի բանվորը վերակենդանացման բաժանմունքում է. չեն պահպանվել անվտանգության կանոնները
Նոյեմբերի 15-ին ժամը 17–ի սահմաններում «Թեղուտ» ՓԲԸ-ի մոլիբդենի արտադրամասի շինարարության վրա աշխատող բանվոր, թեղուտցի 31-ամյա Արման Ալիխանյանը կառուցվող շենքի 3-րդ հարկից ընկել է 2-րդ հարկ: Ընկնելու բարձրությունը 4 մետր 85 սմ է: Ըստ ընկերության տեխնիկական անվտանգության բաժնի պետ Սամվել Երիցյանի՝ Արմանը պատահարի հետևանքով թոքերում արյան կուտակումներ ունի, ստացել է գանգոսկրի և ողնաշարի ծանր վնասվածքներ: Նույն օրը նա տեղափոխվել է Երևանի Էրեբունու հիվանդանոց: «Արմանի գիտակցությունը տեղն է, բոլորին ճանաչում է, ինքնուրույն սնվում է, սակայն հիշողության կորուստ ունի, չի հիշում իր հետ կատարվածը»,- ասաց Սամվել Երիցյանը: Հիշեցնենք, որ վերջին 2 տարիներին պատահարը «Թեղուտ» ՓԲԸ-ում թվով 3-րդն է: «Պատահարներից մեկը տեղի է ունեցել կապալառու կազմակերպությունում, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեպքում սա 2-րդ դեպքն է»,- նշեց Սամվել Երիցյանը:
Թեղուտում նման պատահար է գրանցվել նաև 2012թ.-ի դեկտեմբերին: Բետոնագործ Գագիկ Քոչարյանը համարյա նույն բարձրությունից ընկել և մահացել է: Մեզ հետ զրույցի սկզբում Սամվել Երիցյանը հայտնեց, որ ընկնելու պահին Արմանը ամրագոտի չի կրել. «Ամրագոտի չի եղել, շինտեղամասի պետը նրան պարան է տվել: Եթե շինարարության վրա աշխատող բանվորը աշխատում է եզրագծից ավելի քան 2 մետր հեռավորության վրա, նա արդեն պետք է ամրագոտի կապի: Արմանը գործողության մեջ չի եղել և իր անվտանգության համար իրեն տրամադրված պարանը չի կապել»,- ասաց Սամվել Երիցյանը: Վերջինս հայտնեց, որ մեզ հաղորդում է նախնական տեղեկատվություն, քանի որ գործատուի կողմից նոր է ձևավորվել դժբախտ դեպքի հետ կապված աշխատանքային հետաքննություն անցկացնող հանձնաժողով. «Հանձնաժողովը միայն իրավունք ունի 15-օրյա ժամկետում կատարել հետաքննություն և իր համապատասխան եզրակացությունը տրամադրել տնօրենին»,- ասաց նա:
![]() |
![]() |
Այսուհանդերձ, տեխնիկական անվտանգության պետի նախնական տեղեկությունները հակասական էին: Սկզբում նա ասաց, որ Արմանը աշխատանքային գործողության մեջ չի եղել և պարան չի կապել, սակայն զրույցի ընթացքում նրան ներկայացրեց հենց աշխատանքային գործողության մեջ: Սամվել Երիցյանը դեպքից անմիջապես հետո զրուցել է ականատեսներից մի քանիսի, այդ թվում նաև Արման Ալիխանյանի գործընկեր, բետոնագործ Արայիկ Ջավախյանի և տեղամասի պետ Սերժիկ Մաժինյանի հետ:
Արայիկ Ջավախյանը ընկնելու պահին կանգնած է եղել Արման Ալիխանյանի կողքին. «Նրանք միասին շինության 3-րդ հարկում կաղապարամածներն են պատելիս եղել, որպեսզի հետո բետոն լցնեն: Երբ Արայիկը լամինատե մեծ վահանակներն է կտրելիս եղել, Արմանը նրանից կանգնած է եղել 1,5 մետր հեռավորության վրա: Արայիկը վահանակը կտրելուց հետո նայել է Արմանի ուղղությամբ, որպեսզի առաջարկի կտրած շինափայտը միասին տեղադրեն կոնստրուկցիաների արանքին: Այդ ժամանակ էլ Արայիկը նկատել է, որ Արմանի ոտքերը վերևում են, այսինքն գլխի վրա ընկնում է: Ըստ երևույթին՝ Արմանը սայթաքել է, դեռևս չենք պարզել, քանի որ դեռ շատ մարդ պետք է խոսեցնենք»,- ասաց Սամվել Երիցյանը:
![]() |
![]() |
Դեպքի վայրում շինտեղամասի հերթափոխի վարպետ Ալեքսան Մելքոնյանն էլ երեկ «Հետքին» ասաց, որ 3-րդ հարկի հատակի չորսուները դրած է եղել 70 սմ-ի վրա: Այդ չափով Արման Ալիխանյանը և Արայիկ Ջավախյանը տախտակը պետք է կտրեին, դնեին չորսուների մեջ ու ավարտեին իրենց աշխատանքը: Դրանից հետո արմատուրագործները պետք է շարեին արմատուրաները և լցվեր ցեմենտը:
Արայիկ Ջավախյանն այդ պահին կտրելիս է եղել տախտակը, Արմանն էլ սպասելիս է եղել, որ կտրի, իրեն տա, ինքը տեղադրի: Երեք տախտակներ դեռևս տեղադրված չեն եղել, Արման Ալիխանյանը ընկել է ոչ թե եզրագծից, այյ հենց չտեղադրված տախտակների բաց հատվածից: «Արմանը 15 րոպե հետո պետք է ավարտեր աշխատանքը»,- ասաց հերթափոխի վարպետը:
«Թեղուտ» ՓԲԸ-ի տեխնիկական անվտանգության պետը հայտնեց, որ աշխատանքի ընդունվող մարդկանց իր ղեկավարած բաժնում տալիս են ընդամենը ներածական հրահանգավորում. «Ներածական հրահանգավորման ժամանակ նման մասնագիտական մանրամասներ չենք ասում: Ասվում է աշխատանքի հանգստի ռեժիմները, ծանոթացնում ենք ձեռնարկության կարգուկանոնին, նրանց ղեկավարների ստրուկտուրային և այլն»,- ասաց նա:
Ըստ Երիցյանի՝ ընկերության նոր աշխատողը աշխատանքային անվտանգության կանոնների մասին հրահանգավորվում է աշխատատեղում: Տեղամասի պետ Սերժիկ Մաժինյանն է պարտավոր աշխատողին ծանոթացնել մասնագիտական աշխատանքին առնչվող բոլոր վտանգավոր հնարքներին. «Ես տարվա մեջ երկու անգամ ընտրանքային կարգով ստուգում եմ աշխատողների տեխնիկական անվտանգության հրահանգավորման աշխատանքները»,- ասաց Սամվել Երիցյանը:
Վերջինս «Հետքին» հայտնեց, որ միայն հետևողական ստուգումների դեպքում են աշխատողները կատարում իրենց պարտականությունները: Թեղուտի գյուղապետարանում մեզ հայտնեցին, որ Արման Ալիխանյանը վերջին շրջանում հայտնվել է ընտանեական դժվարությունների մեջ: Նրա կինը մի քանի օր առաջ կոտրել է ոտքը և գտնվում է անկողնային վիճակում: Ստեղծված իրավիճակում՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի տեխնիկական անվտանգության պատասխանատուների անտարբերության պատճառով Արման Ալիխանյանը Էրեբունու հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մարտնչում է իր կյանքի համար:
Մեկնաբանել