
Միրա Անտոնյան. «Պետք է զոհին հանգիստ թողնել»
«Բռնությունների աճ չունենք, բայց չի էլ նվազում բռնության դեպքերի քանակը: Իսկ ընտանեկան բռնությունը միայն վերջին տարիներին է, որ բարձրաձայնվում է»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նրա խոսքերով՝ ընտանեկան բռնությունները շարունակում են տեղի ունենալ, բայց դրանք հաճախ չեն բարձրաձայնվում, որովհետև մեր հասարակության մեջ կա մտածելակերպի, ավանդույթների խնդիր. կանայք վախենում, ամաչում են, հաճախ կախվածություն ունեն ամուսնուց:
Միաժամանակ Ն. Դուրյանը հայտնեց, որ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է մշակի ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հայ օգնության ֆոնդի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, ներկայացրեց իրենց կենտրոնի վիճակագրական տվյալները: Տարվա ընթացքում ՀՕՖ-ում հայտնվում է մոտ 150 երեխա: Նրանցից ընտանեկան տարբեր բռնությունների է ենթարկվել 2006 թ.-ին 28 %-ը, իսկ 2010թ.-ին՝ 54%-ը:
Ըստ Միրա Անտոնյանի տվյալների՝ երեխաներն ավելի շատ բռնությունների են ենթարկվում Երևանում, որտեղ միգրացիոն հոսքերը շատ են, ինչպես նաև Կոտայքի և Արարատի մարզերում: Իսկ ավելի քիչ դեպքեր գրանցվում են Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:
Բռնությունների հիմնական պատճառները ընտանեկան խնդիրներն են՝ ծնողների անկանոն ապրելակերպ, ալկոհոլ, թմրանյութեր և այլն: Բանախոսները կարևորեցին հատկապես ընտանիքի դաստիարակությունը, որովհետև դրա բացակայության պատճառով է, որ երեխաները հաճախ տուժում են: Ծնողներն իրենց չլուծված խնդիրների արդյունքում բռնանում են երեխաների վրա:
«Երեխաների հանդեպ բռնությունն առանձին երևույթ չէ. այն այդ ամբողջ ֆոնի մեջ է և հետևանք է երեխաների համար», - նշեց Մ. Անտոնյանը:
Ն. Դուրյանը հավելեց, որ Լոռիում շուրջ 20 օր առաջ մեկնարկել է «Save the children» փորձնական ծրագիրը, որը, եթե հաջող անցնի, կկիրառվի նաև մյուս մարզերում: Ծրագրի նպատակն է բոլորի ուշադրությունը հրավիրել երեխաների վրա, որպեսզի ամեն մեկը, երեխայի նկատմամբ բռնություն նկատելու դեպքում, դիմի համպատասխան մարմինների, այսինքն՝ հասարակությունն անտարբեր չլինի երեխաների նկատմամբ:
Անդրադառնալով Սերոբ Տեր-Պողոսյանի գործողություններին՝ Ն. Դուրյանը նշեց, որ այդ գործով անցած զոհերն ու իրենց ընտանիքները հրաժարվել են հոգեբանի օգնությունից: Իսկ Միրա Անտոնյանը նշեց, որ նման դեպքերում զոհերը, իրենց ծնողները կարող են բռնարարին համարել բարեգործ ու հերոս՝ ասելով, թե «մեզ հանգիստ թողեք, մենք գտել ենք՝ ինչպես ապրել»: Եվ հաճախ ծնողներն են արգելում երեխաներին ընդունել մասնագետների առաջարկած օգնությունը:
«Նրանք, ովքեր խաբեությամբ, գայթակղությամբ, ինչ-որ բարիքներ ստանալու դիմաց են ներգրավվում սեռական գործողությունների մեջ, դժվարությամբ են ընդունում, որ իրենք զոհեր են»,- հավելեց ՀՕՖ-ի տնօրենը:
Ն. Դուրյանը նշեց, որ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 17-ով, իսկ անձերի թիվը՝ 26-ով:
Անդրադառնալով գորիսեցի 14-ամյա աղջկա նկատմամբ բռնության դեպքին՝ Մ. Անտոնյանն ասաց, որ հաճախ ԶԼՄ-ները ցուցաբերում են ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք:
«Գուցե և արժե նման դեպքերը բարձրաձայնել, ահազանգել, բայց դրանից այդ երեխային ոչ մի օգուտ: Փակվում են այն տարածքի դռները, որտեղ այդ երեխան պետք է գնա և ապրի: Չգիտեմ՝հիմա իրեն ուր ուղարկեմ»,- նշեց Մ. Անտոնյանը:
Երեխան հիմա կլասիկ զոհի կարգավիճակում է. չի կարողանում հաղորդակցվել, համարժեք պատասխանել հարցերին և շոկային վիճակում է: Երկար ժամանակ կպահանջվի, մինչև նա կկարողանա դուրս գալ այդ վիճակից՝ չնայած մասնագետները մշտապես աշխատում են նրա հետ:
«Կլինեն վերքեր, որոնք չեն բուժվի այդ երեխայի մոտ: Ուղղակի պետք է զոհին հանգիստ թողնել»,- ասաց Միրա Անտոնայնը:
Իսկ Նելլի Դուրյանը հավելեց, որ քննությամբ պարզվել է, որ գորիսեցի աղջկա հայրը չէ նրան հղիացրել, այդ պատճառով էլ հայրն ազատության մեջ է: Հիմա աշխատանքներ են կատարվում՝ պարզելու համար, թե ումից է հղիացել անչափահասը:
Մեկնաբանել