
Հանցավոր խմբի 8 անդամների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան,եւս 4-ը գտնվում են հետախուզման մեջ
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է մարդու սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ ձեւավորված կազմակերպված հանցավոր խմբի 8 անդամների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ն. Ներսիսյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրություններում, մարդու թրաֆիքինգի՝ շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու նպատակով մի շարք անձանց հետ ստեղծել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկված է եղել ավելի քան 10 մարդ, նրանց թվում իր ընտանիքի անդամները՝ ՀՀ-ում բնակվող մայրը՝ Ա.Հայրապետյանը եւ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում բնակվող եղբայրը՝ Ա. Ներսիսյանը, քույրը՝ Հ. Վասիլյանը, վերջինիս ամուսինը՝ Ա. Վասիլյանը:
Նախաքննության տվյալներով, կազմակերպված խմբի անդամների միջեւ եղել է դերերի հստակ դերաբաշխում: Ըստ այդմ՝ գործողությունները ղեկավարել է Ն. Ներսիսյանը եւ հոգացել հավաքագրված անձանց ԱՄԷ մուտքի հրավեր տրամադրելու հետ կապված ծախսերը, իսկ «զոհերի» սեռական շահագործումը կազմակերպել է ոմն Նառայի եւ Սերինեի հետ:
Խմբի անդամներ Հ. Առաքելյանը, Ա. Այվազյանը, Վ. եւ Ծ. Ավետիսյանները, Ա. Հայրապետյանը, Ա. Ներսիսյանը զբաղվել են կանանց հավաքագրելով եւ նրանց Դուբայ տեղափոխելու հարցերով, որտեղ «զոհերին» դիմավորել է Ս. Հովսեփյանը:
Քրեական գործի տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի անդամների մասնակցությամբ 2003-2010թթ վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով հավաքագրվել եւ ԱՄԷ Դուբայ քաղաք են տեղափոխվել շուրջ մեկ տասնյակ կանայք՝ այնտեղ ենթարկվելով սեռական շահագործման:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 8 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ վերոնշյալ հանցավոր խմբի կազմում ընդգրկված լինելու եւ հանցավոր գործունեությամբ զբաղվելու համար:
Մասնավորապես, երկու անձի՝ Աղունիկ Այվազյանին եւ Հասմիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 132 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ծովիկ Ավետիսյանին եւ վերջինիս որդի Վահան Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Մարիամ Սարգսյանին, Վահագն Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմեն եւ Հեղուշ Վասիլյաններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նշված անձանց վերաբերյալ քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ն. եւ Ա. Ներսիսյանների, Ա. Հայրապետյանի, Ս. Հովսեփյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողներին հայտնաբերելու, հանցավոր գործունեության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողությունների հետեւանքով հնարավոր այլ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել