
Շանթ Հարությունյանի որդին՝ կատարվածի մասին
Հարցազրույց նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդու՝ 14-ամյա Շահեն Հարությունյանի հետ
-Շահեն, առաջին օրվանից Ազատության հրապարակում հայրիկիդ կողքին էիր: Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Արժեքների հեղափոխությանը»:
-Չգիտեմ, ուղղակի ուզում էի մասնակցել, որովհետև իմ հոր արժեքները համապատասխանում են իմ արժեքներին: Այդ դեպքում ես իրեն նայում եմ ոչ թե որպես իմ հոր, այլ՝ որպես Շանթ Հարությունյանի: Եվ նրա մտածածն իմ դուրը եկավ:
-Օրինակ, ի՞նչ ես ուզում փոխել մեր երկրում:
-Ինչ-որ Շանթ Հարությունյանն էր ուզում փոխել, բայց, ափսոս, ամեն ինչ արդեն փչացավ:
-Իսկ ինչո՞ւ փչացավ:
-Դե այս բախումները, այս ձերբակալումները…
-Կպատմե՞ս՝ ի՞նչ եղավ Ազատության հրապարակում:
-Չեմ հիշում՝ ինչ է եղել, չեմ իմանում կռիվը ոնց սկսեց: Հիշում եմ էն պահը, երբ մի աղջկա եմ փաթաթվում, որ ոստիկանը փայտով չխփի գլխին, ու իմ գլխին է խփում, ես ընկնում եմ գետնին, ինձ ծեծում են ու նստեցնում են տաքսի ու տանում են: Ճանապարհին էլի խփում են, հայհոյում են, ճիշտ ա, ես էլ իրենց էի հայհոյում, բայց ինձ խփում են ու տենց տանում են բաժին: Էդքան բան:
-Շահեն, այսինքն՝ ոստիկանները քեզ տաքսի նստեցրեցին:
-Այո:
-Տաքսու մեջ քեզ ծեծել են ոստիկաննե՞րը:
-Այո, ոստիկանները ծեծել են: Ոստիկանությունում ամեն ինչ նորմալ ընթացավ: Սկզբից շատ ագրեսիվ էին, հետո ամեն ինչ նորմալ էր:
-Իսկ երբ քեզ բերման ենթարկեցին, դու այդ ժամանակ մենա՞կ էիր ոստիկանական բաժանմունքում:
-Ոչ, երբ ես գնացի, արդեն մի քանի հոգու բերման էին ենթարկել՝ մի 6 հոգի էին:
-Իսկ ե՞րբ հայրիկիդ տարան մեկուսարան:
-Մեկուսարան չի եղել: Տարել էին ինչ-որ սենյակներ, հարցաքննության սենյակներ էին: Տարել էին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ: 3 օրից հետո նոր կտանեն բերդ (այս պահին Շանթ Հարությունյանը գտնվում է ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայրում- հեղ.):
-Հնարավորություն ունեցա՞ր տեսնել հայրիկիդ:
-Հնարավորություն չէին տալիս, մի կերպ մի կես րոպեով փաթաթվեցի իրեն:
-Շահեն, իսկ փաստաբանի ծառայությունից օգտվելո՞ւ է հայրիկդ:
-Չգիտեմ:
-Ունե՞ք լուր, թե հիմա ոնց է զգում Շանթ Հարությունյանը:
-Այսօր այցելեցինք, բայց չթողեցին ներս մտնենք, տեղեկացանք, որ ինքն իրեն լավ է զգում:
-Իսկ հարվածներից հետո ցավեր կա՞ն: Ո՞նց ես քեզ զգում:
-Ցավեր կան և ճակատի, և գլխի հատվածում, բայց ամեն ինչ հաղթահարելի է:
Լուսանկարում՝ պահեստի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը եւ Շահեն Հարությունյանը
Մեկնաբանել