
«Հայանտառի» տնօրենը պաշտոնապես հերքում է, որ գեներալներն ու պաշտոնյաները սղոցարաններ ունեն
«Հետքը» գրել էր, որ «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանի ենթակայությունից «կորել էր» 5,6 մլն դրամին համարժեք 530 խմ վառելափայտ և 7 խմ շինափայտ, որի առիթով քրեական գործ էր հարուցվել:
«Քրեական գործը հարուցված է պահեստապետի` Մաշինյանի վրա, և նա վերականգնել է այդ գումարը: Կամո Շահնազարյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»,- «Հետքի» հետ զրույցում նշեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Դեռ 1998-ին «Հայանտառը» Երեւանի կոնյակի գործարանի հետ կաղնու տակառանյութի մատակարարման 15 տարվա պայմանագիր էր կնքել, որը սակայն գործել է մինչեւ 2001-ը, երբ Կառավարությունը «ՀՀ անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին» թիվ 49 որոշմամբ սահմանել էր. «Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի տարածքներում արգելել հետեւյալ ծառատեսակների` ընկուզենու, հացենու, տանձենու, կաղնու, թխկենու, լորենու եւ թեղու անտառվերականգնման նպատակով հատումները»:
«Այդ արգելանքի հիմնական նպատակը եղել է կաղնու ծառատեսակի հատման արգելանքը, մնացածը ուղեկցող ծառեր են,- ասում է Մաթեւոսյանը,- ես ստվերային մոտեցումներին եմ տեղյակ: Կառավարությունը որոշում է ընդունել նրա համար, որ դադարեցվի «Հայանտառ»-կոնյակի գործարան պայմանագիրը, որը կնքվել է մի քանի տարով»: Եվ հարցին, թե ինչու է 2006-ին Կառավարությունը անտառվերականգնման հատումներին ոչ ենթակա ծառատեսակների ցանկից հանել կաղնին, իսկ 2007-ին ուժը կորցրած ճանաչել 2001-ի այդ որոշումը, Մաթևոսյանը պատասխանում է. «Մեր անտառային ֆոնդի կաղնի ծառատեսակը մեծ ծավալ ունի: Մեզ նաև շատ եվրոպական մասնագետներ մեղադրում են, որ մենք չափից ավելի շատ գերհասուն անտառներ ենք պահում»:
Իսկ տարբեր գեներալների ու պաշտոնյաների սղոցարանների վերաբերյալ էլ «Հայանտառի» տնօրենը նշում է. «Պաշտոնապես ասում եմ, որ արդեն տարիներ շարունակ նման երևույթ չկա: Այն, ինչ որ տարածված էր 1990-ականներին կամ 2000-ականների սկզբին, երբ այսպես կոչված գեներալները զբաղվում էին անտառհատումներով, նման երևույթ վաղուց չկա»:
Մաթեւոսյանն ասում է, որ նման կարծիք է ստեղծվել այն պատճառով, որ բանակին տրամադրվող փայտը տեղափոխում են պաշտպանության նախարարության մեքենաներով, և մարդիկ մտածում են, որ զինվորականները չարաշահում են իրենց պաշտոնները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել