
Արտագաղթած ժյուրիի և հեռանկարի բացակայության մասին
Գագիկ Ղազարէ. «Այս տարի մեզ համար նախընտրելի ժյուրիի անդամները հայտնվեցին արտագաղթողների մեջ: Ժյուրի չունենք»
Զրույց «Մէկ քառակուսի մետրը» փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէի հետ:
-Ինչո՞վ է առանձնանում այս տարվա «Մէկ քառակուսի մետրը»:
-Այս տարի նոյեմբերն ավելի տաք է, քան անցյալ տարի: Իսկ փառատոնն ամեն տարի տեղի է ունենում նոյեմբերին: Սա էական տարբերություն է:
-Կարծես թե այս տարի, համեմատած նախորդ տարիների հետ, փառատոնն ավելի լայն շրջանակ չի ընդգրկում: Այդպե՞ս է:
-Ամեն տարի ինքն իր նման է: Այս տարի մեր երկիրն էապես այլ է, նման չէ անցած տարվան, տարիներին: Երկրից արտագաղթել է ավելի շատ քաղաքացի, քան նախորդ տարիներին: Այդ թվում՝ մի քանի «հարյուր» պոտենցիալ մասնակից, ովքեր կարող էին ձևավորել ենթադրվող առավելագույն շրջանակները...
-Փառատոնն արդեն 8 տարեկան է: Ի՞նչ փոփոխություն է մտցրել այն թատերական կյանքում: Կարողացե՞լ է կյանքի կոչել որդեգրած սկզբունքները:
-Փոփոխությունները թատերական կյանքում մտցնում են արտիստները: Փառատոնն ընդամենը հարթակ է հանդիսատես-արտիստ, արտիստ- արտիստ հանդիպման ու երկխոսության համար, ոչ ավելին:
-Ներակայացնելով թատերական փառատոն եւ անընդհատ լինելով ընթացքի մեջ` ի՞նչ եք կարծում, որո՞նք են այսօր երիտասարդ բեմադրիչների հիմնական խնդիրները:
-Հեռանկարի բացակայությունը... Այսօրվա երիտասարդ արվեստագետի՝ բեմադրիչների, դերասանների հիմնական խնդիրը վաղվա անորոշությունն է: Հիմնական խնդիրը, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ՝ որպես ամբողջական մարմին, ինչն ընդգրկում է, իր մեջ ներառում, իրենով կլանում գաղափարների հնոտին կամ արդիականը: Հայաստանն է հիմնական խնդիրը: Ամեն ինչ կապված է իրեն:
-Փառատոնն առանձնանում է իր գաղափարախոսությամբ. այն հնարավորություն է տալիս սահմանված տարածության մեջ եւ ոչ երկար ժամանակամիջոցում ներկայացնելու հիմնական ասելիքը: Այս տեսանկյունից հատկապես ի՞նչ խնդիրների են անդրադառնում երիտասարդ բեմադրիչները:
-Շատ տարբեր են, հաջողված ստեղծագործություններում կան թե՛ նեղ արվեստային հարցերի առաջադրում-պրպտումներ, և թե՛ այստեղ ապրելու, լինելու, գոյություն ունենալու և չունենալու հեղինակային մեկնություններ:
-Այսօր փառատոները, մասնավորապես՝ թատերական ոլորտում, նպատակաուղղված են ընդլայնելու մասնակիցների շրջանակը: Ի՞նչն է խանգարում դրան, որքանո՞վ է երիտասարդ օտարազգի ռեժիսորը հետաքրքրված մեր տեղական փառատոներով:
-Եթե անգամ երիտասարդ օտարազգի ռեժիսորի համար հայկական տոլման հետաքրքիր լինի, իր սեփական արվեստի ստեղծագործությունից ավելի կարևոր չի լինի: Հաստատ հայկական հյուրընկալությամբ՝ պապենական մոտիվացիաներով, սեղանի առեղծվածային պերճանքներով արտերկրից լրջմիտ արվեստագետի այցելություն Հայաստան չես կարող ապահովել: Թատերական ոլորտում մասշտաբների լայնացումն ի հաշիվ արտերկրյա մասնակցության՝ շատ բարդ է, այդքան էլ հեշտ չէ: Չնայած, միգուցե, առաջիկայում ղրղզները սկսեն հետաքրքրվել Հայաստանով:
Հ.Գ. «ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ» թատերական փառատոնը հիմնադրվել է 2006 թվականին: Փառատոնի հիմնական նախապայմանը անվան մեջ է: Թատերախաղը սահմանափակվում է մեկ քառակուսի մետր բեմով և պետք է տևի մինչև 45 րոպե:
Ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ չկան: ՆՓԱԿ ԹԱՏՐՈՆԸ հեղինակներին ու խմբերին աջակցում է բեմականացման խնդիրներում: Անվճար տրամադրվում են բեմն ու փորձատեղին: Հնչյունային և լուսային ձևավորումների համար ապահովվում են համապատասխան մասնագիտական ծառայությունները:
«ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ» թատերական փառատոնի նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ անվանադիր պայմանը մասնակից հեղինակների համար վերածվում է ստեղծաբանական հետաքրքիր լուծումների ու տաղանդի ցուցադրման յուրօրինակ հանդեսի: Վերածվում է պատեհ առիթի հայկական ժամանակակից թատերարվեստում նոր հայացքների ու ձևերի բացահայտման համար, որ իր հետ բերում է որևէ նոր հեղինակ:
Այս տարի փառատոնն իրականացվում է նոյեմբերի 1-ից 3-ը: Այսօր՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա Հեղինակային ձայն 2013/ քվեարկությունը, որին կհաջորդի վկայականների շնորհումն ու փակման արարողությունը:
Լուսանկարը՝ photopirate.blogspot.com-ի
Մեկնաբանել