
Թեղուտի կոմբինատը տարեկան 28.000 տոննա պղինձ կարտադրի
«Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարը Կոշաբերդ սարի գագաթը տեղափոխելը ժամանակավոր քայլ է` Ալավերդու բնապահպանական վիճակը թեթևացնելու համար: Իհարկե, ծխատարը սարի գագաթը բարձրացնելուց հետո դեռ ունենալու ենք պրոբլեմներ, բայց այդ պրոբլեմները լինելու են ավելի քիչ, քան կա այսօրվա վիճակում»,- հուլիսի 17-ին Ալավերդիում լրագրողների հետ «Վալլեքսի» ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարեց Վալերի Մեջլումյանը:
Ծխատարի տեղափոխման համար, ըստ պրն Մեջլումյանի, կատարվել են 1 մլն դոլարի ներդրումներ: Արդարացի հարց է առաջանում` խնդրի ժամանակավոր լուծման դեպքում, ո՞րն է 1 մլն դոլար ծախսելու իմաստը, մանավանդ որ արտանետումների աղտոտման շրջանակը մեծանում է 2,5 կմ շառավղով` իր հետ բերելով բնապահպանական նոր ռիսկեր Լալվարի կուսական անտառների համար:
Ծխատարի անարդյունավետ տեղափոխման հետ կապված Վալերի Մեջլումյանի լրագրողներին ներկայացրած անկեղծությունը ունի իր պատճառները: Թեղուտի հանքավայրի շահագործումը այլևս միֆ չէ, նրա տեսլականը հառնում է Վալերի Մեջլումյանին առաջիկա երկու տարիների կտրվածքով. «Փաստորեն 2 տարի հետո Թեղուտի լեռնահանքային պղինձ-մոլիբդենային կոմբինատը սկսելու է աշխատել, որը տարեկան արտադրելու է մոտ 28 հազար տոննա պղինձ խտանյութի մեջ»:
Ներկայումս հանրապետությունում արտադրվում է 23 հազար տոննա պղինձ խտանյութի մեջ, որի մեծ մասը արտադրում է Զանգեզուրի պղինձ մոլիբդենային կոմբինատը: Թեղուտի շահագործումից հետո հանրապետությունում կարտադրվի ավելի քան 50 հազար տոննա պղինձ խտանյութում:
Թեղուտի հանքավայրի խտանյութը վերամշակելու համար «Վալլեքս»-ի առջև արդեն ծառացել է Ալավերդիում ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու խնդիրը: Հենվելով աշխարհի պղնձաձուլարանների վերջին 25 տարիների փորձի վրա` Վ. Մեջլումյանը համարում է, որ գոյություն ունի պղնձաձուլարան կառուցելու 2 նախապայման. «Առաջինը՝ պղնձաձուլարանները շատ մոտ են կառուցվում տրանսպորտային միջոցներին: Երկրորդը՝ պետք է ունենան ոչ պակաս, քան տարեկան 150- 200 հազար տոննա հզորություն»:
Շահութաբեր աշխատելու համար Մեջլումյանը Ալավերդու պղնձաձուլարանի դեպքում նախատեսում է 60 հազար տոննայից ավելի պղնձի արտադրություն`բնապահպանական խնդրի հիմնովին լուծման տարբերակով: «Այդ դեպքում միաժամանակ կարտադրենք երկրորդային ապրանքներ` ներառյալ ծծմբաթթու և այլն»,- ասաց նա:
Ալավերդու բնապահպանական խնդրի մեղմացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար ալավերդցիները անցած տարիներին Վալերի Մեջլումյանին բազմիցս առաջարկել են վերագործարկել ծծմբաթթվի արտադրամասը: Այդ մասին նա լսել չի ցանկացել` շուկայում ծծմբաթթվի պահանջարկ չլինելու պատճառաբանությամբ: Այժմ նա 2 տարիների հեռվից պղնձի արտադրության անհամեմատ մեծ ծավալների դեպքում կարևորում է ոչ միայն ծծմբաթթվի արտադրությունը, այլև գտել է նրա իրացման հնարքը:
«Թեղուտի հանքավայրի աշխատանքները սկսելուց հետո այստեղ մոտակա 15 տարվա համար անհրաժեշտ կլինի 35-40 հազար տոննա տարեկան կտրվածքով ծծմբական թթու`օքսիդացված հանքաքարը վերամշակելիս: Երկրաբանական աշխատանքների փուլում գտնվող Ղարաբաղի Կաշենի հանքավայրում «Վալլեքս»-ը 10 մլն-ից ոչ պակաս տոննա օքսիդացված հանքաքար է հայթայթել, որը նույնպես վերամշակելու դեպքում պահանջում է ծծմբաթթու»,- հայտնում է ներդրողը: Կաշենի հանքավայրի շահագործումը պրն Մեջլումյանը նախատեսում է 3 տարի հետո:
Ընկերությունն առ այսօր Թեղուտում սեփական ռեսուրսների հաշվին արդեն կատարել է 100 մլն դոլարի ներդրումային աշխատանքներ, որոնց մեջ մտնում են նաև ընկերության կողմից վերցրած կարճաժամկետ վարկերը: Ըստ Վ. Մեջլումյանի՝ Թեղուտի ամենածանր աշխատանքները արդեն կատարված են:
«Հասել է այն մակարդակի, որ անկախ նրանից, թե այս կամ այն բանկը վարկ կտա, վարկ չի տա, բոլոր խոշորագույն պայմանագրերը ստորագրված են, և հիմա արդեն խոսում եմ մեծածավալ գումարների տեսակետից մի քանի համաձայնագրերի մասին»,- լրագրողներին հայտնեց բանախոսը, ով հատկապես կարևորեց «Katerpillar» ընկերության հետ ունեցած մեծ ծավալի պայմանագիրը` լեռնահանքային սարքավորումներ ու տրանսպորտային միջոցներ ստանալու համար, որոնց մի մասը «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն ստացել է:
Այսուհանդերձ, թե բնապահպանական ինչ իրավիճակում կհայտնվի Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո Ալավերդին, սա ալավերդցիների կողմից դեռևս չի քննարկվում, մանավանդ որ այստեղ շատերը տեղյակ են պրն Մեջլումյանի ռոմանտիկ բնավորությանը:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանին ուղղված լրագրողների հարցերը վերաբերում էին Ալավերդի քաղաքի բնակչության առողջության վրա պղնձաձուլական գործարանի ազդեցություններին, ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության զբաղեցրած տեղին, այդ ոլորտի տնտեսավարողների հարկերի վճարման դրույքաչափերին:
Գագիկ Արզումանյանն ասաց, որ այս պահին էլ իրենց հետաքրքրում են Ալավերդու բնակչության առողջության վրա պղնձաձուլական գործարանի արտանետնումների ազդեցությունները. «Մեր ընկերությունը պատրաստ է ցանկացած ողջամիտ առաջարկություն քննարկելու, եթե հասարակական որևէ կազմակերպություն ներկայացնի ծրագիր, որի արդյունքները մեզ համար տեսանելի կլինեն»:
Հանքարդյունաբերության տեսակարար կշռի հետ կապված՝ Գագիկ Արզումանյանը մասնավորապես նշեց, որ արտահանման կեսից ավելին գալիս է լեռնահանքային ոլորտից. «Սրանից ավելի խոսուն թիվ չի կարող լինել մի երկրի համար, որի լրջագույն խնդիրը համարվում է առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը»:
Նա համարում էր, որ որքան հնարավոր է, պետք է խրախուսել արտահանումը: Այս հարցում սակայն Գ. Արզումանյանը ունի նաև վերապահումներ. «Ես հավատում եմ, որ ոլորտը պոտենցիալ ունի, սակայն դա չի նշանակում, որ մյուս բոլոր ոլորտները պետք է հետ մնան և կառավարության ուշադրությունից պետք է դուրս մնան»:
Ադրադառնալով հանքահումքային ոլորտի տնտեսավարող սուբյեկտների պետբյուջեին գանձվող հարկերի դրույքաչափերին` Գագիկ Արզումանյանը հիշեց, որ երկու ամիս առաջ «Վալլեքս»-ի վարչական շենքում նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցության ընթացքում տեսակետ է հնչել, որ Հայաստանում հանքարդյունաբերողների կողմից վճարվող 1,3 տոկոս հանքօգտագործման վճարը ամենացածրն է աշխարհում. «Գուցե դա այդպես է, բայց շարունակությունը չասվեց, որ դա ընդամենը դրույքաչափ է: Պարզագույն ճշմարտություն է այն, որ վճարման ենթակա գումարը բաղկացած է դրույքաչափ բազմապատկած բազա արդյունքից»:
Ըստ Գ. Արզումանյանի՝ դրույքաչափը կարող է լինել ցածր, կարող է լինել բարձր. «Ես չգիտեմ՝ դրույքաչափը Հայաստանում ամենացածրն է, թե ոչ, բայց ես հստակ կարող եմ ասել, որ բազան Հայաստանում ամենամեծն է»:
Վերջինիս կարծիքով՝ արդարացի չէ, որ այսօր Հայաստանի տնտեսավարողները բնօգտագործման վճարները վճարում են ընդերքում եղած մետաղի միջազգային գնից: Ըստ նրա՝ աշխարհի որևէ այլ երկրում դրանից ավելի լայն բազայի նկատմամբ բնօգտագործման վճար չի գանձվում: Կան գներ, որտեղ դրույքաչափը ավելի բարձր է, եթե կիրառվում է շահույթի նկատմամբ:
Պրն Արզումանյանը կարծում է, որ ցանկացած հանքարդյունահանող երջանիկ կլիներ, եթե բնօգտագործման վճարը վճարվեր շահույթից, այլ ոչ թե դեռևս չարդյունահանված մետաղի միջազգային արժեքից. «Դուք պատկերացնում եք, որ մետաղը արդյունահանելուց է անխուսափելի կորուստներ կրում, վերամշակման ընթացքում է այն անխուսափելի կորուստներ լինում»:
Գագիկ Արզումանյանը լրագրողներին նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ կառավարության հետ քննարկվում է «Ընդերքի մասին» օրենքի նախագիծը, որտեղ նախատեսված են նաև որոշակի փոփոխություններ հանքարդյունաբերության հարկման հետ կապված, բայց դեռևս դրույքաչափերի քննարկմանը չեն հասել:
«Կոնկրետ ինձ համար՝ որպես տնտեսագետի, ավելի սկզբունքային է, որպեսզի հարկման մոտեցումները լինեն արդարացի: Պետության խնդիրը պետք է լինի խրախուսել արդյունավետ տնտեսավարումը և ընդերքօգտագործումը: Դրույքաչափը իսկապես երկրորդային խնդիր է»,- գտնում է «Վալլեքս»-ի փոխնախագահը:
Մեկնաբանել