
Մարցի գյուղապետը՝ բնափայտի բիզնեսում
«Մեր տունը կիլոմետրերով անտառից հեռու է, բայց երբ մութն ընկնում է, ամբողջ գիշերն անտառում հատվող ու վայր ընկնող ծառերի շրխկոց ենք լսում: Խավարի մեջ սարսափելի է լսել ընկնող ծառերի շրխկոցը: Սա ազգի դեմ ցեղասպանություն է՝ համատարած»,- երեկ Մարցի անտառների մասսայական հատումների մասին ցավով պատմեց մարցեցի տիկին Ռոզան: Մարցեցիները այլևս չեն թաքցնում, որ Դսեղի անտառապետության Մոտկորի՝ այդ թվում Մարցի անտառները, հոգեվարքի մեջ են` մասսայական հատումների պատճառով: «Էլ անտառ չի մնացել»,- թախիծով ասում են նրանք: Մարցում շատերն են զբաղվում ապօրինի անտառահատումներով, և դա առանց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառապետության ղեկավարների համաձայնության չի լինում:
![]() |
![]() |
Մոտկորի միջհամայնքային ճանապարհի Մարցի ճամփաբաժանում՝ Մարց գետի ափին, միմյանց կպած երկու անհրապույր տնակ է տեղավորված: Դրանք անտառից բաժանում են գետը: Անսովոր այդ երկու տնակները ուշագրավ են ընդամենն իրենց թափթփվածությամբ: Տնակներին հարող ճանապարհով ոտքով քայլող անցորդի մտքով բնավ չի անցնի, որ դրանց պարիսպների ներսում՝ հենց անտառի փեշին, ապօրինի բնափայտի գործ է արվում:
![]() |
![]() |
Արտաքուստ, տնակների բակում բացի մի քանի թափված մետրաչափ գերաններից ոչինչ չէր երևում: Հոկտեմբերի 27-ին Մարց գետի հէկերի մասին տնակների տերերի հետ զրուցելու նպատակով համարձակորեն մտա բաց դարպասներով ու զարամաքից քարացա: Տնակին հարող տարածքում մեծ քանակությամբ բնափայտ էր թափված: Գետին հարող անտառի փեշերին հատված ծառերի բազմաթիվ թարմ կոճղեր էին երևում: Մինչ ուշքի կգայի՝ տնակը հսկող միջահասակ մի կին, մոռանալով հյուրընկալության տարրական կանոնները գոռաց. «Ո՞վ Ձեզ իրավունք տվեց առաջ գալ»:
![]() |
![]() |
Ես կնոջից տեղեկություն խնդրեցի տնակի տիրոջ մասին և խնդրեցի թափված բնափայտի օրինականությունը հաստատող փաստաթուղթ: Վերջինս, խուճապի մատնված, հրաժարվեց հայտնել տնակի տիրոջ անունը: Չներկայցրեց նաև փայտի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ. «Պետք չի ցույց տալ, որ պետք լինի՝ ցույց կտամ: Մենք որպես բնակիչ իրավունք չունե՞նք փայտ ունենալ»,- զայրացած ասաց նա:
Այլևս անհասկանալի չէր կնոջ խուճապի պատճառները: Հեռացա տարածքից: Հոկտեմբերի 28-ին Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանից տեղեկություն խնդրեցի տնակների տիրոջ և դրանց տարածքում թափված անօրինական փայտի մասին. «Տնակներն իմն են, փայտի գործով էլ տղաս է զբաղվում, բայց ամեն ինչ օրինական է»,- ասաց նա: Երբ խնդրեցի օրինականությունը հաստատող որեւէ փաստաթուղթ, գյուղապետը հրաժարվեց ցույց տալ: Փաստորեն՝ Մարցի կուսական անտառների ապօրինի հատումներից և բնափայտի բիզնեսից անմասն չի մնում նաև Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը:
Մեկնաբանել