
Հե՜յ, ով կա այդտեղ. խառը մտքեր աշխատավարձի բարձրացման շուրջ
Նրանք մի քանի օր առաջ մի հարսանիքի էին, մի քիչ պետության գործերից էլ խոսեցին ու հասկացան, որ գործազուրկներին 18 հազար տալը լրիվ ավելորդություն է: Եվ նույնիսկ զղջացին, որ դա չեն արել մի քանի տարի առաջ: Նախորդ ընտրություններից հետո՝ փաստորեն հինգ տարի, «փոշիացրել» են բյուջեի փողերը: Եվ այդ փողերով որոշեցին իրենց աշխատավարձը բարձրացնել:
Այս կառավարության անդամները լսել են աղքատության մասին, բայց չգիտեն, թե դա ինչ է: Տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում կարդացել են, նույնիսկ աղքատների թիվն են հաշվարկել, ասում են՝ բնակչության 32,5 տոկոսն է աղքատ: Իհարկե, այս թիվը արժանահավատ չէ, բայց գոնե ընդունում են, որ աղքատություն կա երկրում: Կարող էին դա էլ չընդունել ու ասել՝ մեր երկրում աղքատ մարդ չկա:
Պատերազմի մասնակից ընկերս պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման լուրից կատաղել էր: Նա ասում է՝ պայքարի ձեւերը պետք է փոխել: Ես համաձայնում եմ՝ գլխով անելով: Նա շարունակում է.
-Քաղաքացիական անհնազանդության հզոր ակցիաներ պետք է կազմակերպել: Ասենք` բոլորս նույն պահին անջատում ենք հոսանքը:
Ես ժպտում եմ ու ասում.
- Հետո՞:
-Հետո նույն ժամին բոլորս նստում ենք գետնին, կապ չունի՝ որտեղ ենք:
-Հետո՞ (ես սկսեցի պատկերացնել այդ ամենը):
-Հետո միանգամից նույն պահին փակում ենք բոլոր փողոցները: Գյուղերում, քաղաքներում, մայրուղիներում ու չենք շարժվում:
-Հետո՞:
-Հետո նրանք ոստիկանություն ու բանակ են բերում: Բայց նրանք բոլոր տեղերում այդքան զորք ու ոստիկանություն չեն կարող տանել:
-Հետո՞:
-Մեկ շաբաթ եթե կարողանանք դիմանալ, բանակն ու ոստիկանությունը կանցնեն խաղաղ ակցիաներ անող ժողովրդի կողմը:
Ես ասում եմ՝ չի լինի: Հարցնում է՝ ինչու՞: Ասում եմ՝ դրա շարժիչ ուժը ուսանողությունը պետք է լինի, իսկ Հայաստանում ուսանողություն չկա:
Ընկերս զարմացած ասում է. «Դու սխալվում ես»:
Ես չգիտեմ՝ գուցե սխալվում եմ:
Նրանք գիտեն, որ երկրում դեռ մարդ է մնացել եւ դեռ նրանց հաշվին կարող են բյուջեն մսխել:
Իսկ հիմա՝ կառավարության տվայտանքների մասին: Եթե կառավարությունն ուզում է աշխատավարձերը բարձրացնել, դա կարող է անել մեկ այլ ճանապարհով՝ կրճատել նախարարությունների ուղիղ կեսը: Ինչների՞ս են պետք, ասենք, էկոնոմիկայի, մշակույթի կամ սփյուռքի նախարարությունները եւ այսպես շարունակ: Կրճատեք եւ խնայված գումարներով բարձրացրեք քաղծառայողների աշխատավարձը: Եթե ուզում եք նախագահի աշխատավարձը բարձրացնել, աշխատանքից ազատեք տարատեսակ խորհրդականներին:
Ինչների՞ս է պետք 131 հոգանոց Ազգային ժողովը: Կեսով կրճատեք այդ թիվը, դարձրեք 65: Դա այնքան հեշտ կարելի է անել. 5-րդ դասարանի համար նախատեսված թելադրություն տվեք պատգամավորներին, ով 5 սխալից ավելի արեց՝ հանեք ԱԺ-ից: Կարծում եմ՝ հենց 65 հոգի էլ կմնա թելադրությունից հետո:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել