
Թուրքական ենթատեքստը վրացի մուսուլմանների հարցում
2005թ. սկսած Թուրքիայի և Վրաստանի միջև կրոնական նշանակության կառույցների վերաբերյալ բանակցություններ են ընթանում:
Թուրքիան խնդրում է Վրաստանին երկու նոր մզկիթ կառուցել՝ մեկը Բաթումիում, մյուսը՝ Ախալցխայում, իսկ Վրաստանը խնդրում է ռեստավրացնել Թուրքիայում գտնվող վրացական եկեղեցիները: Ոչ ոք չգիտի, թե կա արդյո՞ք ստորագրված փաստաթուղթ համաձայնության վերաբերյալ, թե՝ ոչ:
«Ես միայն գիտեմ, որ եղել է սկզբնային համաձայնություն,- ասում է Վրաստանի ՄԻՊ ինստիտուտի փոքրամասնությունների խնդիրներով փորձագետ Բեկա Մինդիաշվիլին ,- բայց հետագա ընթացքի մասին ոչինչ չգիտեմ»:
Մինդիաշվիլիի խոսքով Թուրքիայում, փաստացի, այդ աշխատանքներն արվում են, ու միակ հարցը վրացական կողմին ռեստավրացիայում ընդգրկելն է:
Վրաց Ուղղափառ եկեղեցին դեմ է Բաթումիի կենտրոնում նոր մզկիթ կառուցելուն: Իշխանություններն այդ հարցի շուրջ դեռևս որոշակի ոչինչ չեն ասում:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մարտյան այցելությունն ու այդ ընթացքում արված հայտարարությունը շատ մեծ ռեզոնանս է ունեցել հասարակությունում և հակաթուրքական տրամադրություններ բորբոքել:
Ադջարիայի գործադիր մարմնի ղեկավար Արչիլ Հաբաձեն ասում է, որ հանրության կարծիքով՝ մուսուլմանական հարցերը հրահրվում են Թուրքիայի կողմից:
Պրոֆեսոր Էմզար Նուգզար Կախիձեն ևս հաստատում է, որ «թուրք» բառը շատ մեծ ադեցություն է ունեցել հասարակական կարծիքի ձևավորման վրա, և մեկնաբանություն է եղել, որ Թուրքիան պահանջել է մզկիթ կառուցել:
Ուղղափառ հավատացյալ Ինգա Կիրդալաձեն ասում է, որ Վրաստանում իրենց հարցերը պետք է որոշեն վրացիները, այլ ոչ թե թուրքերը:
Եթե անգամ այդ մզկիթը կառուցվի՝ հասարակությունը պահանջում է, որ այն կառուցվի վրացիների կողմից և չկրի Ազիզի անունը:
«Սակայն կրոնի ազատությունը ենթադրում է ազատություն և կարևոր չէ, թե ով կկառուցի այդ մզկիթը»,- մեկնաբանում է Բ.Մինդիաշվիլին:
Ինգա Կիրդալաձեն պնդում է, որ կառուցվելու դեպքում այն պետք է իրականացնեն վրացիները, այլ ոչ թե ՝ թուրքերը:
«Իմ կարծիքով դա ուզում են ոչ թե տեղացիները, այլ՝ թուրքերը, որոնք գալիս են մեծ փողերով,- ասում է նա,- Ինչպես նրանք են մեզ հետ վերաբերվում այնտեղ՝ Թուրքիայում, այնպես էլ մենք պիտի վերաբերվենք նրանց այստեղ»:
Հանրությունում կարծիք կա, որ Բաթումիի մզկիթը սկսել է չբավարարել հավատացյալներին, քանի որ վերջին ժամանակներս շատ թուրքեր են եկել Բաթումի:
«Մեր նախագահը նրանց վրացական քաղաքացիություն է տալիս, նրանք գալիս են այստեղ և գրանցվում են,- ասում է Կիրդալաձեն,- իսկ դա նշանակում է, որ նրանք կշատանան ու կլինեն ավելի շատ, քան քրիստոնյաները»:
Նա նաև պնդում է, որ Թուրքիայի հողերը ժամանակին պատկանել են Վրաստանին:
Սուլիկո Մախարաձե | Ինգա Կիրդալաձե | Արչիլ Հաբաձե |
Խուլոյի մուֆթիի վերաբերմունքը Բաթումիի մզկիթի հարցում
Թեպետ Խուլոյի բնակչության 97 տոկոսը մուսուլմաններ են, այնտեղ վերջին տարիների ընթացքում եկեղեցի է կառուցվել: Խուլոյի մուֆթի Գուրամ Ասլան Աբաշիձեն ասում է, որ Աջարիայի հետխորհրդային շրջանի եկեղեցիները կառուցվել են Ասլան Աբաշիձեի (Աջարիայի նախկին նախագահը) կնոջ ազդեցությամբ, ով քրիստոնեություն էր ընդունել:
Խուլոյի բնակիչ 70-ամյա Սուլիկո Մախարաձեն մուսուլման է և մուսուլման են նրա գերդաստանի 19 անդամները: Նա ասում է, որ կրոնը ընտրության հարց է, և ոչ ոք չի կարող պարտադրել կրոնափոխ լինել: Մախարաձեի խոսքով՝ իրենք նման պարտադրանք չեն զգացել, բայց շատ մուսուլմաններ ամուսնանում են քրիստոնյաների հետ:
«Իմ թոռն, օրինակ, ամուսնացել է քրիստոնյայի հետ, բայց ես նրան չեմ կարող ասել, որ մուսուլմանական ձևով աղոթի»,- ասում է Սուլիկո Մախարաձեն:
Խուլոն Աջարիայի հինգ վարչական շրջաններից մեկն է, որը մինչև 1989թ. ամբողջությամբ ունեցել է մուսուլման բնակչություն. այժմ մոտ 1100 մարդ: Մուֆթի Աբաշիձեն անընդհատ շեշտում էր, որ Աջարիան ինքնավար հանրապետության ստատուս ունի մուսուլմանների շնորհիվ:
«Մենք աջարացիներ ենք կոչվում նրա համար, որ մուսուլմաններ ենք,- ասում է նա,- սակայն մենք վրացիներ ենք և ոչ մի կապ չունենք թուրքերի հետ»:
Նա ասում է, որ Քութայիսիում մզկիթ կա, որը պետությունը չի վերադարձնում նրանց, և այնտեղ այժմ տեղակայված է ոստիկանատունը:
Խորհրդային տարիներին Վրաստանի մզկիթների մեծ մասը իշխանությունները օգտագործել են որպես խանութներ, պահեստներ և այլն, բայց 1991թ. հետո դրանց մեծ մասը հետ են վերադարձվել: Աջարիայում այժմ գործող 44 մզկիթ կա, որտեղ ուրբաթօրյա աղոթք է մատուցվում: Բոլոր մզկիթների սպասարկման համար վճարում է բնակչությունը:
Խուլոյի մզկիթի սպասարկման և ադմինիստրացիոն ծախսերի համար յուրաքանչյուր ընտանիք ամսական վճարում է 15 լարի(մոտ 3000 դրամ): Մուֆթի Աբաշիձեն ասում է, որ կան մարդիկ, որոնք վճարում են ավելի շատ: «Այստեղի բնակչությունը չափազանց հավատացյալ է, և ամեն մեկն իր սրտե է տալիս այս տուրքը»,- ասում է նա:
Նա՝ ինքը, վաճառել է 4000 լարի արժողությամբ իր «Նիվա» ավտոմեքենան և գումարը նվիրաբերել է Բաթումիում կառուցվելիք մզկիթի համար:
«Մենք նոր մզկիթ ենք ուզում Բաթումիում. դա վրացի մուսուլմանների ցանկությունն է,- ասում է նա,- կառավարությունը փոխվեց, նոր վարչապետը խոստացավ, որ հարցը կլուծի, բայց ոչ միայն չլուծվեց, այլ ընդհակառակը՝ սրվեց»:
Մուֆթին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեց լրագրողներիս. «Եթե դուք լինեիք հոտի առաջնորդը և ձեր ժողովուրդը փողոցում աղոթեր. ինչ կանեի՞ք»:
Մուսուլմանները շատ լավ հասկանում են, որ կրոնի հետ կապված խնդիրների բարձրաձայնման արդյունքում երկրում անկայուն իրավիճակներ են ստեղծվում:
«Մեր համար շատ կարևոր է պետության կայուն վիճակը, բայց եթե դրան պետք է հասնել իսլամի կորուստի գնով՝ դա մեզ հարմար չէ»,- ասում է մուֆթի Աբաշիձեն:
Բաթումիի մզկիթը
Վրաստանում գործող 204 մզկիթներից ոչ մեկում աղոթելու հարցը խնդիր չէ բացի Բաթումիից, որտեղ կա միայն մեկ մզկիթ: Օրթա-Ջամե կոչվող մզկիթը կառուցվել է 1866թ-ին, որոշ տարիներին դադարել է գործել, սակայն 1946թ. սկսած կրկին գործել է: Այնտեղ կարող են աղոթել մինչև 5000 մարդ, սակայն մարդկանց թիվը մշտապես գերազանցում է 6000-ը: Խնդիրն հիմնականում առաջանում է ուրբաթօրյա նամազի ժամանակ, որը հավատացյալ մուսուլմանների համար շատ կարևոր աղոթք է:
Բաթումիից բացի Աջարիան ունի հինգ վարչական շրջաններ, որի բնակչության մեծ մասն ապրում է գյուղատնտեսությամբ: Նրանք բնամթերքը բերում են Բաթումիում վաճառելու և մինչև շուկայից գալիս ու լվանում են իրենց ոտքերը, ժամը 1-ի մոտ արդեն մզկիթը լիքն է լինում քաղաքի կամ այլ վայրերից ժամանած մուսուլմաններով, ու ժողովրդի մի մասը մնում է դրսում աղոթելու:
Մուսուլմանների միության նախագահ Տարիել Նակաիձեն ասում է, որ բոլորը կարող են աղոթել մզկիթում. «Եթե թուրքը եկել է աղոթելու, հո՞ չեն կարող նրան հետ ուղարկել»:
Բաթումիում մզկիթի խնդիրը լուծելու համար կա երկու տարբերակ. կամ կառուցել նոր մզկիթ, որի համար մուսուլմանները պահանջում են մոտ 5000-6000քմ տարածք, կամ ընդլայնել գործող մզկիթի տարածքը՝ գնելով մզկիթի հարակից սեփական տները: Վերջին տարբերակը 5 անգամ ավելի թանկ արժե, սակայն մուսուլման վրացիներն այս տարբերակի հետ համաձայն չեն. նրանք ուզում են նոր մզկիթ:
Այս խնդիրը միշտ էլ օրակարգում եղել է, և մոտ տասը տարի է, որ վրացի մուսուլմանները այս կամ այն կերպ փորձում են հարցը բարձրաձայնել: Տարածված կարծիք կա, որ խնդիրն այժմ ավելի է սրվել, քանի որ դեմոկրատիայի զարգացմանը զուգահեռ հնարավոր է այլևս այդպիսի հարցերի մասին ավելի համարձակորեն խոսել:
«Մենք առաջարկում ենք լայնացնել մզկիթի տարածքը,- ասում է Աջարիայի գործադիր մարմնի նախագահ Արչիլ Հաբաձեն,- մենք մուֆթիներին առաջարկել ենք խոսել իրենց հավատացյալ ժողովրդի հետ և գալ ընդհանուր հայտարարի, սակայն նրանց մի մասը համաձայն չէ ընդլայնման հետ»:
Այս հարցում հատկապես հստակ դիրքորոշում ունի Խուլոյի մուֆթին:
Հաբաձեն ասում է, որ այդ հարցը կլուծվի միայն այն դեպքում, երբ հանրությունում 100 տոկոս կոնսենսուս լինի: «Մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն կրոնական փոքրամասնությունների, այլև՝ հասարակության պահանջը,- մեկնաբանում է նա,- իսկ հասարակությունում մեծ անհամաձայնություն կա այդ հարցում»:
Մուսուլմանների միության նախագահ Տարիել Նակաիձեն ասում է, որ դեմոկրատական հանրապետությունում պետք է հետևեն օրենքի տառին, այլ ոչ թե հասարակական պահաջին: «Դեմոկրատական պետությունը ենթադրում է, որ եթե փոքր խումբը պահանջում է, ապա մեծ խումբը պետք է հաշվի նրա հետ,- մեկնաբանում է նա,- պետությունը պետք է ունենա քաղաքականություն այդ հարցում, որը ես չեմ տեսնում»:
Այս միությունը փորձում է միավորել Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում գտնվող վրացի մուսուլմաններին և բարձրացնել նրանց խնդիրները, որպեսզի Նակաիձեի խոսքով. «Այդ երկրներում ապրող մարդիկ իրենց զգան արժանապատիվ քաղաքացիներ, այլ ոչ թե մարգինալներ»:
Մուսուլմանները պնդում են, որ պետք է մզկիթ կառուցեն և նրանց որևէ օգնություն պետության կողմից պետք չէ: «Մենք մեր միջոցներով կկառուցենք մզկիթը»,- ասում է Նակաիձեն:
Հավատացյալ ուղղափառ Ինգա Կիրդալաձեի կարծիքով սակայն, մուսուլմանները նոր մզկիթի կարիք բոլորովին չունեն, իսկ այն ինչ կա՝ նրանց բավական է:
«Որովհետև ուղղափառներն այստեղ շատ են,- ասում է նա,- և բացի այդ Վրաստանը ուղղափառ երկիր է, և մուսուլմանները չպետք է ապրեն այնպես, ինչպես մենք ենք ապրում»:
Կիրդալաձեն նաև կարծում է, որ վրացի մուսուլմանները հոգով քրիստոնյա են. «Նրանք մուսուլման չեն, այո՛, նրանք վրացի են, բայց ես չեմ հավատում, որ նրանք մուսուլման են»:
Իսկ Նակաիձեն ասում է, որ ապրում է դեմոկրատական երկրում և ցանկանում է բավականություն ստանալ իր աղոթքից: «Ինչո՞ւ ես չեմ կարող դա անել այն մզկիթում, որտեղ կկարողանամ բավականություն ստանալ, այլ ոչ թե հայտնվեմ փողոցում,- մեկնաբանում է նա,- սա քաղաքական հարց է»:
Թեպետ պետությունը այս հարցում դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել, սակայն պաշտոնական մերժում ևս չկա: «Մերժման դեպքում մենք արդեն կմտնենք իրավական դաշտ,- ասում է Նակաիձեն,- դեմոկրատական երկրում դա ոչ թե կրոնի, այլ դեմոկրատիայի հարց է»:
(շարունակելի)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել