
Դատավորների նվերը գնդապետին
2009 թ. Գուրգեն Մախմուրյանը 8000 ԱՄՆ դոլարով գնել է «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենա: Առքուվաճառքի պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, այնուհետեւ գրանցվել Էրեբունու պետավտոտեսչությունում:
Սակայն մոտ 1,5 տարի անց հարկադիր կատարողները Գուրգենին տեղեկացրել են, որ «Մերսեդեսն» այլեւս իրենը չէ, նույն պահին առգրավել են այն ու տվել գնդապետ Կարեն Խաչատրյանին:
Գնդապետ Խաչատրյանը արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման Արաբկիրի բաժանմունքի պետն է: Իսկ նրա հարազատ քույրը` Նունե Խաչատրյանը, նույն նախարարության աշխատակազմի ղեկավարը: Թերեւս սրանով է պայմանավորված այն, ինչ տեղի է ունեցել Գուրգենի ու նրա «Մերսեդեսի» հետ:
«Մեքենան գնելուց մոտ 1 տարի հետո` 2010-ի փետրվարին, ինձ կանչեցին ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին ու Ռուբիկ Նազարյանն ասաց` ավտոյի հետ խնդիր կա, ժամանակին մեկը մեկին ծախել է ու փողը չի տվել, ուզում ենք իմանալ, թե որտեղից ես գնել, ումից եւ ինչքանով»,- հիշում է ատաղձագործ Գ. Մախմուրյանը:
32-ամյա Գուրգենը «Մերսեդեսը» գնել է ավտոշուկայից` ոմն Էդոյից, վերջինս էլ իր հերթին այն ձեռք է բերել Գայանե Սարդարյանից: Ու քանի որ Էդոն մեքենան գնելիս անվանափոխություն չի արել, Գուրգենն առքուվաճառքի պայմանագիրը կնքել է մեքենայի փաստացի սեփականատիրոջ` Գայանե Սարդարյանի հետ:
Գուրգենին մեքենայի կապակցությամբ ոստիկանություն են կանչել Ալբերտ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Պարզվել է, որ մի քանի հոգի, այդ թվում գնդապետ Կարեն Խաչատրյանը, դարձել են վերջինիս խարդախության զոհը: Գնդապետը հայտարարել է, որ 2007 թ. դեկտեմբերի 8-ին 13 հազար 500 ԱՄՆ դոլարով գնելու պատրվակով Ալբերտը վերցրել է իր «Մերսեդես-Բենց Ե-320»-ը, 3500 դոլարը վճարել, իսկ մնացած 10 հազարն այդպես էլ չի տվել:
Բայց ուշագրավն այն է, որ նույն օրը նույն մեքենան Գայանե Սարդարյանը նոտարի վավերացմամբ հաստատված պայմանագրով գնել է Արմենակ Մովսիսյանից, հետագայում վաճառել հիշյալ Էդոյին, վերջինս էլ` Գուրգեն Մախմուրյանին: Թե ի՞նչ է այստեղ թաքնված, թերեւս գիտեն իրավապահները:
«Բայց ես մի ուրիշ բան եմ ուզում ասել: Գայանեն Կարեն Խաչատրյանի ընկերոջ աղջիկն է: Բա եթե ավտոյի հետ խնդիրներ կային, ինքն ինչո՞ւ էն ժամանակ չի բողոքել,- հարցնում է Գուրգենը,- մարդիկ էսօր վախենում են գնդապետ մարդուն նույնիսկ բարեւ տալ: Էդ ինչպե՞ս եղավ, որ իրեն 10 հազար դոլար գցեցին, ինքն էլ քնեց-քնեց, 3 տարի հետո նոր հիշեց»:
Ալբերտ Հովհաննիսյանի գործը, որով գնդապետ Խաչատրյանը ճանաչվել է տուժող, ուղարկվել է Կենտրոնի դատարան: Դատական նիստին մասնակցելու ծանուցագիր է ստացել նաեւ Գուրգեն Մախմուրյանը:
«Գնացի դատարան, ասացին` դու վկա ես, դուրսը սպասիր, կկանչենք: 5-10 րոպեից մի հատ աղջիկ դուրս եկավ, երեւի քարտուղարուհին (Փառանձեմ Բաբայան - հեղ.), ասաց` դատը արագացված կարգով է քննվում, կարող ես գնալ տուն, էլ վկաներին չեն լսելու: Թե որպես վկա ի՞նչ պիտի ասեի, էդ մարդու խարդախությունից ի՞նչ գիտեի, դատարանն ի՞նչ վճռեց, ոչ տեղեկացրին, ոչ էլ իմացա: Ամիսուկես հետո ԴԱՀԿ-ից եկան, ավտոս խլեցին»,- ասում է Գուրգենը:
Ալբերտ Հովհաննիսյանը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման: Տուժող գնդապետի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության: Սակայն դատավոր Արմեն Խաչատրյանը միաժամանակ վճռել է «Մերսեդեսը» հանձնել Կարեն Խաչատրյանին:
«Ալբերտ Հովհաննիսյանն ասում է, որ գումարը մաս-մաս է տվել ու ավելի շատ, ուղղակի միայն 3500 դոլարի փաստաթղթերն է կարողացել ներկայացնել,- ասում է Գուրգենը:- Մեքենան Կարեն Խաչատրյանի տիրապետումից դուրս է եկել իր կամքով: Ես 6-րդ կամ 7-րդ գնորդն եմ` բարեխիղճ ձեռք բերող: Ինձնից խլեցին, տվեցին իրեն, այսինքն` գնդապետը համ ավտոմեքենան ստացավ, համ էլ դրա դիմաց վերցրած առնվազն 3500 դոլարը»:
Երիտասարդ դատավորն իր արարքի հիմնավորումը «գտել» է»: Նա եզրակացրել է, որ ավտոմեքենան գնդապետ «Կ. Խաչատրյանի օրինական տիրապետումից դուրս է եկել Ա. Հովհաննիսյանի հանցագործությունների հետեւանքով»:
Գուրգեն Մախմուրյանը դիմել է տարբեր ատյաններ` նախագահական, արդարադատության նախարարություն, դատախազություն: Սերժ Սարգսյանին ուղղված դիմումը վերահասցեագրվել է դատախազություն: Բայց միեւնույն է, կատարվածը քրեաիրավական հարթությունում չի դիտարկվել, այստեղից նույնպես խորհուրդ են տվել դիմել դատարան:
Արմեն Խաչատրյանի կայացրած դատավճիռը Գուրգենը բողոքարկել է վերաքննիչում: Զուգահեռ նա հայցադիմում է ներկայացրել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ավտոմեքենայի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը: Իսկ գնդապետ Խաչատրյանը հադես է եկել այս հայցադիմումի պատասխանով:
«Հետաքրքիրն այն է, որ գնդապետի ներկայացրած այդ գրավոր պատասխանում տեղ գտած վրիպակները, բաց թողնված տառերն ու թվերը նույնությամբ համապատասխանում են հետագայում վերաքննիչ դատարանի ընդունած որոշման տեքստի հետ: Գրեթե բառացիորեն արտագրված է: Նշանակում է, որ Կարեն Խաչատրյանը վերաքննիչի որոշման հետ շատ ուղղակի կապ ունի»,- ասում է Գուրգենի եղբայրը` Կարեն Մախմուրյանը: Նրա բնորոշմամբ` սա «ոչ թե խուլիգանություն է, այլ խուժանություն»:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը գործի վարույթը կասեցրել է, մինչեւ վերաքննիչի որոշում ընդունելը: Սակայն այս ատյանը, Եվա Դարբինյանի նախագահությամբ, որեւէ բան չի փոխել: Վճռաբեկ դատարանն էլ գործը նույնիսկ վարույթ չի ընդունել: Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ Վճռաբեկը որոշել է, որ «չկա գործի ելքի վրա ազդած այնպիսի դատական սխալ, ինչը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանք»:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը գործի քննությունը վերսկսել է: Հաջորդ նիստը ապրիլի 21-ին է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել