
Իր նորածնին խեղդած մայրը պատժից ազատվեց
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, արագացված կարգով քննության առավ իր նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող 45-ամյա Զիրավարդ Ստեփանյանի վերաբերյալ քրեական գործը:
Դատավորը հայտնեց, որ ամբաստանյալը կամավոր միջնորդություն է ներկայացրել քննության արագացված կարգ կիրառելու մասին, այնինչ Զիրավարդ Ստեփանյանը պատկերացում չուներ արագացված քննությունից ու դրա հետևանքներից: Չնայած դրան՝ նա տվեց իր համաձայնությունն արագացված քննություն կիրառելու համար: Միաժամանակ Զիրավարդ Ստեփանյանը հայտարարեց, թե մեղսագրվող արարքում իրեն մեղավոր է ճանաչում:
Կիրառելով գործի արագացված կարգ՝ դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլին: Նախքան այդ դատավորը հայտարարեց, որ արագացված քննության պայմաններում դատարանը կարող է պատիժ նշանակել ոչ ավելի, քան օրենքով նախատեսված պատժի 2/3-ի չափով. Զիրավարդ Ստեփանյանի կատարած հանցանքը նախատեսում է առավելագույնը 5 տարի ազատազրկում, ուստի՝ կիրառելով արագացված կարգ, դատարանը կարող է ազատազրկման ձևով պատիժ նշանակվել ոչ ավելի, քան 3 տարի 4 ամիս ժամկետով:
Մեղադրող դատախազ Մովսես Մովսիսյանը, հիմնավորված համարելով Զիրավարդ Ստեփանյանի մեղավորությունը ՀՀ քր. օր.-ի 106 հոդվածով նախատեսված արարքի մեջ, ներկայացրեց հանցագործության դեպքը. 2010 թ. Սեպտեմբերին, արդեն իսկ լինելով հղիության 5-րդ ամսում, Զիրավարդ Ստեփանյանը նոր միայն հասկացել է, որ հղիացել է, քանի որ ֆիզիոլոգիական որևէ փոփոխություն չէր զգացել ու չէր նկատել: Համոզվելով, որ հղիությունը ընդհատելու համար բավականին ուշ է, սակայն լինելով 6 երեխաների մայր, ունենալով ամուսնացած աղջիկ, ասեկոսեներից ամաչելով և սոցիալապես անապահով վիճակից դրդված՝ մտածել էր ազատվել երեխայից:
Հղիության փաստը պահելու, որովայնի աստիճանական մեծացումը թաքցնելու համար տան անդամներին խաբել էր, թե ստամոքսի հիվանդությունն է զգացնել տալիս: Իսկ ամուսնու հետ սեռական հարաբերություն չունենալու համար վիճաբանություններ էր ստեղծել և տեղափոխվել երեխաների սենյակ: Նախապես ունենալով տանը ծննդաբերելու փորձ՝ որոշել էր ծնդաբերել բոլորից գաղտնի:
2011թ. հունվարի լույս 7-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, զգալով ծննդաբերության սկիզբը՝ գնացել էր լոգարան, միայնակ ծննդաբերել իգական սեռի երեխա, որի պորտալարը կտրել էր կենցաղային մկրատով: Ապա լսել էր երխայի ճիչը և հայտնվել հոգեճնշող վիճակում:
Նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ փաթաթել էր նրան պոլիէթիլենային փաթեթում ու խեղդամահ արել: Ապա փաթեթը թաքցրել էր լոգարանի անցքի մեջ: Լոգարան մտած և հատակին արյան հետքեր տեսած սկեսրոջ հարցին էլ պատասխանել էր, թե հիվանդացել է կանացի հիվանդությամբ:
Նույն օրն առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ պարզվել էր ծննդաբերության մասին:
Նշված արարքի համար մեղադրողը միջնորդեց դատարանին Զիրավարդ Ստեփանյանին դատապարտել ազատազրկման 3 տարի ժամանակով, միևնույն ժամանակ կիրառել ՀՀ ազգային ժողովի 2011թ. հունիսի 20 համաներման մասին որոշումը և ազատել նրան պատժի կրումից՝ վերացնելով նաև քննիչի կողմից նշանակված խափանման միջոցը՝ ստորոգրություն չհեռանալու մասին:
Դատախազը Զիրավարդ Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չնշեց, իսկ որպես մեղմացուցիչ հանգամանք վկայակոչեց առաջին անգամ հանցանք կատարելը, խնամքի տակ 4 անչափահաս երեխա ունենալը և հանցանքի համար զղջալը:
«Արել եմ սոցիալական ծանր պայմաններից ելնելով, ամաչելով: Չէի ուզենա թենց բան անեմ, բայց թե անգիտակից եմ եղել, չեմ հասկացել՝ ինչ եմ արել: Խնդրում եմ՝ ինձ ներեք»,- օգտվելով իրեն տրված խոսքի իրավունքից՝ դատարանին դիմեց ամբաստանյալ Ստեփանյանը:
Դատարանը Զիրավարդ Ստեփանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քր. օր.-ի 106 հոդվածով, նրան դատապարտեց ազատազրկման 3 տարի ժամանակով և համաներման մասին որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով ազատեց պատժից՝ վերացնելով նաև խափանման միջոց՝ ստորագրությամբ չհեռանալու մասին որոշումը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել