
Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական նիստը կարճ տևեց: Նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը: Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտնեց, որ տուժողի իրավահաջորդի` դատական նիստին չներկայանալու մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատարանին բացատրություն է ուղարկել: Ըստ բացատրության` Արթուր Սաքունցը դատարան չի ներկայացել հարգելի պատճառով: «Նա այսօր հանդիպման է եղել միջազգային կազմակերպություններից մեկի ներկայացուցիչների հետ»,- հայտնեց դատավորը:
Արթուր Սաքունցը խնդրել է հետաձգել դատական նիստը: Դատական նիստին չէր ներկայացել նաև տուժողի ներկայացուցիչ Սաթենիկ Սարգսյանը: Դատավորը հարցրեց կողմերի կարծիքը տուժողի ներկայացուցչի և տուժողի իրավահաջորդի բացակայությամբ դատական նիստը շարունակելու մասին: «Հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, բարդությունը, հնչեղությունը և այլ հանգամանքներ՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է դատական նիստը հետաձգել և այն վերսկսել տուժողի ներկայացուցչի և տուժողի իրավահաջորդի ներկայությամբ»,- ասաց մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանը:
Դատական նիստ հետաձգելու կապակությամբ դժգոհություն հայտնեց պաշտպանական կողմը: «Նախորդ դատական նիստը նշանակելուց առաջ այն համաձայնեցվեց նաև տուժողի ներկայացուցիչների հետ: Պարոն Սաքունցին առաջարկված երկու օրերը հարմար չէին, դատարանը դատական նիստի օրը հարմարեցրեց նրա գրաֆիկի հետ: Ես չեմ կարող ասել՝ տուժողի իրավահաջորդի բացակայությունը հարգելի՞, թե՞ անհարգելի է, բայց նրա հետ օրը համաձայնեցրեցինք, և արդյունքում պարոն Սաքունցը չի եկել: Լավ կլինի դատարանը զգուշացնի տուժողի ներկայացուցչին, որ հաջորդ համաձայնեցված օրերին նա ներկայանա դատարան»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին:
Մեկնաբանել