
Վկաների ինքնությունը չի բացահայտել միտումնավոր. փաստաբան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, նախօրեին շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործի դատաքննությունը: Հիշեցննք՝ սեպտեմբերի 18-ին փաստաբան Ռուբեն Հակոբյանը հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի քրոջ, նույն գործով վկա Հասմիկ Մանուչարյանի (Շարբաթյանի ) դեմ բողոք է ներկայացրել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին` սեպտեմբերի 17-ի դատական նիստի ավարտից հետո իր պաշտպանյալներ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին սպառնալիքներ տալու համար:
Սեպտեմբերի 30 -ի գրությամբ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը փաստաբանին և ամբաստանյալներին հայտնել է, որ նախապատրստված նյութերով մերժվել է քրեական գործի հարցումը` հանցակազմի բացակայության պատճառով: Ոստիկանությանը Հասմիկ Մանուչարյանը բացատրել է, որ սպառնալիքները տվել է հուզված վիճակում` հանգուցյալ եղբոր արժանապատվությունը նվաստացումից զերծ պահելու համար:
Երեկ Վանաձորի դատարանի 4-րդ դահլիճը կրկին լեփ-լեցուն էր Սամվել Դիլոյանի համակիրներով: Նրանց մեծ մասն ամբաստանյալի ուսանողներն ու նրա շրջապատի մարդիկ էին:
«Ինձ, որպես տուժողի այրի, ցավ է պատճառում դահլիճում հավաքվածների մոտեցումները մարդասպանների նկատմամբ: Մարդասպանին արդարացնելը և ողջունելը ես համարում եմ անբարոյականություն»,- ասաց Սաթենիկ Սարգսյանը:
«Հետքը» Վանաձորի մանկավարաժական ինստիտուտի պրոռեկտոր Թումանյանից մեկնաբանություն խնդրեց ուսումնական պարապունքերի ժամերին դոցենտ Սամվել Դիլոյանի դատաքննությանը ուսանողների մասնակցությունը թույլատրելու համար: «Ուսանողը պարտավոր է լինել լսարանում, ուրեմն սա առաջին դեպքն է, երբ ես լսում եմ այդ մասին: Ես դեռ չգիտեմ՝ այդ ուսանողները հեռակա՞ ուսուցման ուսանողներ են, թե՞ առկա: Դա էլ պետք է ճշտվի»,- ասաց տիկին Թումանյանը:
![]() |
![]() |
Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանն իր միջնորդությամբ բացարկ ներկայացրեց մեղադրանքը պաշտպանող մեղադրողին և Լոռու մարզի դատախազությանը` ընդհանրապես: Պաշտպանը գտնում է, որ նախաքննությունն ընթացել է քրեադատավարական օրենքի բազմաթիվ խախտումներով: Նա մասնավորապես նշեց քրեական գործի վարույթն իրականացնող քննիչի կողմից վկաների առերեսման գործընթացում ցուցաբերած «մի շարք անօրինականությունների» մասին:
Ամբաստանյալներ Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը փետրվարի 6-ից գտնվել են արգելանքի տակ: Դատավարական գործողությունների ընթացքում մեղադրյալները և նրանց շահերի պաշտպանները պահանջել են մեղադրյալներին առերես հարցաքննել նրանց դեմ ցուցմունք տված անձանց հետ:
«Նախաքննական մարմինը, բնականաբար, դատախազության դաբրոյով այդպես էլ չի ապահովել մեղադրյալների հակընդեմ հարցման իրավունքը: Դեռ ավելին՝ դեպքին ականատես վկա Կարեն Խեչոյանի պարագայում մոտ 5 ամիս չի կատարվել առերեսում, մինչև այդ վկան, մեր համոզմամբ, մեղադրանքի կողմի աջակցությամբ հեռացել է Հայաստանից»,- ասաց պաշտպանը:
Ըստ նրա՝ Լոռու մարզի դատախազության կողմից հնարվել է քրեադատավարական նոր ընթացակարգ. «Վկան դիմում է գրում, որ այս կամ այն պատճառով չի ցանկանում առերեսվել: Քննիչը այդ դիմումը բավարարում է և չի կատարում օրենքով նախատեսված իր պարտավորությունները»:
Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ քրեական գործում նշված է եղել, որ սպանության դեպքին ականատես են եղել 3-4 ինքնությունը չպարզված անձինք: Պաշտպանը գտնում է, որ մեղադրող կողմն օպերատիվ տվյալներ է ունեցել, որ այդ վկաների ցուցմունքները չեն համապատասխանում ներկայացված մեղադրանքի փաստական հանգամանքներին, և նրանց ինքնությունը չի բացահայտել միտումնավոր:
Ռուբեն Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ քննիչի կողմից շատ վկաներ նախապատրաստվում են՝ դատարանում իրենց նախաքննական ցուցմունքները չմոռանալու համար: Պաշտպանն անդրադարձավ նաև հակընդեմ հարցման չափաքննման առումով իրականացված մոնիտորինգներին: Նշեց, որ այդ հարցումները բարձրաձայնվել են նաև Հելսինկյան անսամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կողմից:
Ռուբեն Հակոբյանը ներկայացմամբ՝ Արթուր Սաքունցը լուռ հանդուրժել է այդ խախտումները: Այդուհանդերձ, պաշտպան Հակոբյանը եզրակացրեց, որ մինչ քրեական գործը դատարան ուղարկելը, հսկողություն իրականացնող դատախազը թույլ տրված խախտումներին չի արձագանքել, ինչի համար էլ ինքը մեղադրող- դատախազ Աշոտ Գրիգորյանին և Լոռու մարզի դատախազությանն ընդհանրապես ներկայացնում է բացարկ:
Միջնորդությանն առարկեց տուժողի այրին՝ Սաթենիկ Սարգսյանը: Առարկություն ներկայացրեց նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը. «Այն, որ մենք վկաների հարցաքննությանը հետևողական չենք եղել, ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Ես, ըստ էության, այստեղ դա համարում եմ որպես հոգեբանական ճնշում տուժողի նկատմամբ: Թե ով ում է ճնշել և ինչ մեթոդներով, դրան, իհարկե, դատաքննության ընթացքում մենք կանդրադառնանք»,- ասաց Արթուր Սաքունցը, ով պաշտպանի միջնորդության գնահատականը թողեց դատարանին:
Մեղադրող-դատախազ Աշոտ Գրիգորյանը դատարանից ժամանակ խնդրեց պաշտպանի միջնորդությանն անդրադառնալու, իր առարկությունները ներկայացնելու համար: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:
Մեկնաբանել