
«Լոռի» պանիրը Հայաստանում ստացել է անվտանգության հավաստագիր. ՍԱՊԾ-ն չի հրապարակում փորձաքննություն կատարած լաբորատորիայի անունը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ԱՄՄ» ՍՊԸ-ին հունիսի17-ին տվել է անվտանգության հավաստագիր` ԱՄՆ արտահանած «Լոռի» պանրի հերթական խմբաքանակի համար: Այս մասին մեզ հայտնեցին ծառայությունից` իբրև պատասխան երեկ հրապարակած «Լոռի պանիրը ԱՄՆ-ում վտանգավոր է, Հայաստանում` անվտանգ» հոդվածի:
Այն հարցին, թե ինչպես է անվտանգության սերտիֆիկատ ստացած պանիրը վտանագվոր ճանաչվել ԱՄՆ-ում, պատասխանեցին, թե դրա մասին ոչինչ չեն կարող ասել: «Ուղղակի կարող ենք ասել, որ մեր կողմից անվտանգության սերտիֆիկատ տրվել է` համաձայն լաբորատոր արդյունքների: «ԱՄՄ» ՍՊԸ-ից կատարվել է նմուշառում` համաձայն ՀՀ գործող օրենսդրության: Նմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում բեռը ճանաչվել է անվտանգ: Կատարվել է բեռի արտահանում օդային ճանապարհով»,- ասացին ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծառայությունից հրաժարվեցին տրամադրել «Լոռի» պանիրը փորձաքննության ենթարկած լաբորատորիայի անունը` նշելով, թե դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ: «Ծառայությունը որոշակի պայմանգիր ունի լաբորատորիաների հետ: Ըստ դրա` փորձաքննությունը իրականացվում է: Կոնկրետ լաբորատորիայի մասին տեղեկատվություն տալ չենք կարող: Չենք կարող ասել»,- ասացին ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է արտասահամանյան այն ընկերությունների ցանկը, որոնց` ԱՄՆ ներմուծած ապրանքներում հայտնաբերվել են խախտումներ: Համաձայն հրապարակված տվյալների` հայաստանյան «ԱՄՄ» ՍՊԸ-ն արտահանել է «Լոռի» տեսակի պանիր, որի վաճառքի վրա արգելանք է դրվել օգոստոսի 7-ին: Պանրում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ (ESCHERICHIA, COLI TYPICAL): Հայտանաբերված խախտման վերաբերյալ ահազանգը կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել