
Լճկաձորի «գլխատված» եկեղեցին շարունակում է մնալ կիսավեր վիճակում
Լճկաձորը Տավուշի մարզի սահմանամերձ փոքրիկ գյուղերից է: Այստեղ ապրում է 108 ընտանիք, 449 բնակիչ` ըստ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքեջում հրապարակված տվյալների: Գյուղի անունը նշանակում է լճի ձոր, որը ստացել է մոտակա ձորում գտնվող փոքր ջրամբարի շնորհիվ:
Լճկաձորը կարծես սերտաճած լինի Այրումին` գյուղի հարևանությամբ գտնվող քաղաքին: Թվում է, թե երկու բնակավայրերը միմյանց շարունակությունն են: Խորհրդային տարիներին գյուղը միավորված է եղել Այրումի հետ, և միայն 1990 թ.-ին է ստացել առանձին կարգավիճակ:
60 աշակերտից 11-ն առաջին դասարանցի է
Այս տարի գյուղի 9-ամյա դպրոցն ընդունել է 11 առաջին դասարանցի: Դպրոցի տնօրեն Ռուսլան Մալինյանը հպարտանում է այս թվով, քանի որ կողքի Արճիս գյուղը, որ Լճկաձորից մեծ է շուրջ երեք անգամ, այս տարի ունեցել է ընդամենը 3 առաջին դասարանցի:
Այժմ դպրոցում սովորում է 60 աշակերտ: Ամենափոքր դասարանը ավարտական 9-րդ դասարանն է. այստեղ սովորում է 2 աշակերտ: 9-րդ դասարանից հետո Լճկաձորի դպրոցականները ուսումը շարունակում են հարևան Այրում քաղաքում:
Տնօրենի խոսքով` դպրոցի 13 ուսուցիչները շատ մեծ նվիրումով են աշխատում: Քիչ թվաքանակի պատճառով դպրոցի երկու դասարանները դասերն անում են համատեղ: Նման դասապրոցեսին արդեն սովորել են թե աշակերտները, թե ուսուցիչները. մի դասարանին տրվում է առաջադրանք, մյուսին նոր դասն է բացատրվում:
Դպրոցի երիտասարդ ուսուցիչների խոսքով` փորձում են ամեն առիթով որևէ միջոցառում կազմակերպել, տոները նշել աշակերտների հետ միասին, արդյունքում «դպրոցն աշխույժ է պահում գյուղական կյանքը»: Իսկ երբ դպրոցը փակ է լինում, գյուղը կարծես միանգամից լռում է:
Դպրոցում օտար լեզուն գերմաներենն է, սակայն գերմաներենի ուսուցչուհին դպրոցի դասերից դուրս ցանկացողների համար վարում է նաև անգլերենի խմբակ:
Անցած տարի դպրոցը վերանորգվել է, ստացել նոր գույք: Այժմ դպրոցի հիմնական խնդիրը շարունակում է մնալ մարզադահլիճը, որը դպրոցը չունի: Ֆիզկուլտուրայի դասերն անց են կացվում դպրոցի բակում, իսկ ցուրտ եղանակներին դասերը կազամկերպում են դասասենյակային պայմաններում: Դպրոցի հարևանությամբ գտնվել է գյուղի ակումբի շենքը, որը երկրաշարժի հետևանքով տարիներ շարունակ վթարային վիճակում էր: Այդ պատճառով էլ այն քանդել են, և այժմ նախատեսում են այդտեղ կառուցել մարզադահլիճ:
«Գլխատված» սուրբ Սարգիս եկեղեցու հարցը ներկայացվել է Մայր Աթոռին
Լճկաձորում գործող եկեղեցի չկա, սակայն գյուղացիները շարունակում են այցելել գյուղի կիսավեր եկեղեցին` սուրբ Սարգիսը: Լճկաձորի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը պատմում է, որ 1870-ականներին հիմնված եկեղեցին 1920-ական թթ.-ին «գլխատվել է» կոլտնտեսության ղեկավարության կողմից. ստացված շինանյութով գրասենյակ են կառուցել: Այնուհետև եկեղեցին այդպես էլ չի վերականգնվել: Լճկաձորցիները այս հարցով դիմել են Մայր Աթոռին` խնդրելով կամ վերանորոգել հին եկեղեցին կամ կառուցել նորը, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: Խնդիրը ներկայացրել են նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, ով այցելել և ուսումնասիրէլ է եկեղեցու վիճակը: Փոփոխություններ դեռևս չկան:
Եկեղեցու փոքրիկ մատուռ հիշեցնող անկյունում, որը զարդարված է սրբապատկերներով, գյուղացիները մոմ են վառում և աղոթք անում: Այստեղ լճկաձորցիները նշում են եկեղեցական տոները, ինչպես նաև մատաղ անում: Կիսավեր պատերից մեկի մեջից փոքրիկ խաչ է փորագրված: Գյուղացիները հավատում են, որ եթե որոշակի հեռավորության վրա քար գցեն խաչի ուղղությամբ և քարն անցնի խաչի միջով, ապա պահած երազանքը կիրականանա:
Գյուղն ունի նաև բուժկետ ու գրադարան, որոնք գործում են գյուղապետարանի շենքում: Գրադարանն ունի 3600 կտոր գիրք, որի մեծ մասը մնացել է ԽՍՀՄ տարիներից: Մանկապարտեզ չկա և նախկինում ևս չի եղել: Սակայն գյուղապետարանում հույս են հայտնում, որ եթե գյուղի առաջնային հիմնախնդիրները կարողանան լուծել, ապա հնարավորություն կստեղծվի նաև հիմնել մանկապարտեզ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել